Հայաստանում բանկային խարդախությունների նոր ալիք է բարձրացել։ Խարդախները հաճախ են օգտագործում «Ինեկոբանկի» անունը՝ քաղաքացիներին ապակողմնորոշելու համար։
Երևանաբնակ Աիդա Ղազարյանին անծանոթ անձինք զանգահարել են՝ ներկայանալով որպես «Ինեկոբանկի» աշխատակիցներ։ Նրանք տեղեկացրել են վարկային հայտի մասին և առաջարկել հետագա զրույցը շարունակել Viber-ով։
Սակայն Աիդային զանգը կասկածելի է թվացել, և նա հրաժարվել է որևէ տվյալ տրամադրել։ Դրանից հետո նա Viber-ով ստացել է հաղորդագրություն՝ 600 000 դրամի վարկային հարցման չեղարկման վերաբերյալ։

Աբրահամ Աշղյանի մայրիկի անունով էլ 1 միլիոն 105 հազար դրամի վարկ են ձևակերպել։ Փետրվարի 3-ին նա զանգ է ստացել անձից, որը կրկին ներկայացել է «Ինեկոբանկի» աշխատակից և տեղեկացրել է նրա անունով կատարված վարկային հայտի մասին։ Երբ կինը հերքել է վարկի դիմումը, զանգահարողը պնդել է, որ հավանաբար խարդախներն են փորձում վարկ ձևակերպել։
Զանգահարողը նշել է, որ խարդախությունը կանխելու համար Աշղյանի մայրը չպետք է մուտք գործի բանկային հավելված և պետք է հայտնի իր ստացած բոլոր կոդերը։
Ստանալով կոդերը՝ զեղծարարները վարկեր են ձևակերպել և յուրացրել գումարը։ Աշղյանի համար, սակայն, անհասկանալի է մնացել, թե ինչպես է ստացվել, որ մեկ շաբաթ առաջ մայրը ապառիկի համար դիմել է, բայց մերժվել, իսկ զեղծարարները կարողացել են այդքան մեծ գումարի վարկ ստանալ։
Աբրահամ Աշղյանը հայտնում է, որ թեև «Ինեկոբանկի» հաղորդագրություններում նշված է եղել կոդերը երրորդ անձանց չտրամադրելու մասին, սակայն դրանք բոլորն անգլերեն լեզվով են եղել, իսկ մայրը չգիտի անգլերեն։

Ի՞նչը պետք է հուշի զեղծարարության մասին
Կասկածելի զանգերի դեպքում անհրաժեշտ է անմիջապես կապվել բանկի հետ և ճշտել՝ արդյոք իրոք բանկի աշխատակիցներն են կապ հաստատել։
«Ինեկոբանկը» վերջերս հրապարակել է հայտարարություն՝ հորդորելով օգտատերերին չանցնել անհայտ հղումներով և չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառ այլ անձանց։

Անծանոթ սարքից մուտք գործելու ժամանակ, որով օգտատերը բանկի վերստուգումը (վերիֆիկացիան) չի անցել, բանկն ուղարկում է նախազգուշացում՝ տեղեկացնելով անծանոթ սարքով մուտքի մասին։ Սա պետք է ահազանգ լինի օգտատիրոջ համար՝ այլևս չտրամադրելու լրացուցիչ տվյալներ։

ՆԳ նախարարության Կիբերհանցագործության դեմ պայքարի վարչությունում գործում է թեժ գիծ, որով քաղաքացիները կարող են խորհրդատվություն ստանալ։
Իսկ խաբեության զոհ դառնալու դեպքում անհրաժեշտ է անհապաղ կապվել բանկի հետ և դիմել ոստիկանություն։
Կեղծ հարցումներ՝ «Ինեկոբանկի» անունից
Կեղծ զանգերից բացի՝ սոցցանցերում տարածվում են նաև կեղծ հարցումներ «Ինեկոբանկի» անունից։ Դրանցում նշվում է, թե բանկը 25 000 դրամ է վճարում հարցման մասնակիցներին։ Հղումը տանում է «Ինեկոբանկի» կայքէջը նմանակող կեղծ էջ, որտեղ արդեն առաջարկվում է 20 000 դրամ հարցման դիմաց։

Հղումով անցնելով՝ օգտատերը կարծում է, թե բանկի իր օգտահաշիվն է մուտք գործում, այնինչ մուտքագրում է բանկային տվյալները նմանակած կայքում։
Բացի այդ՝ կցված կայքը վիրուսային ծրագրեր է պարունակում և կարող է վնասել օգտատիրոջ համակարգիչը։

Այսպիսով, «Ինեկոբանկի» անունից կեղծ զանգերի միջոցով զեղծարարները գողանում են հաճախորդների տվյալներն ու վարկեր ձևակերպում։ Բանկի անունից լայնորեն տարածվում են նաև կեղծ հարցումների վերաբերյալ գրառումներ։ Կասկածելի զանգերի դեպքում հաճախորդները պետք է անմիջապես դիմեն բանկ՝ պաշտոնական հեռախոսահամարներով, ինչպես նաև չանցնեն կասկածելի հղումներով:
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











