«Ակնակալում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը ժամ առաջ ավարտվի և բանակցությունները խաղաղության հանգեցնեն։ Դա մեզ համար արժեքավոր է». հայտարարել է Թուրքիայի կապի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ Շվեյցարիայում Միացյալ Ազգերի Եվրոպայի տնտեսական համաժողովի շրջանակներում։
Խոսելով Միջին միջանցքի մասին և պատասխանելով այսպես ասած՝ «Զանգեզուրի միջանցքի» հեռանկարին Ուրալօղլուն մասնավորապես ասել է. «Անշուշտ, այդ ծրագրերը իրագործելու համար [տարանցիկ հաղորդակցային կապուղիները] պետք է ուշադրություն դարձնենք երկրների ազգային անվտանգությանը։ Այդ հարցի շուրջ Ադրբեջանն ու Հայաստանը բանակցում են։ Այդ համատեքստում իրանական այլընտրանքն էլ կա, դա էլ է սեղանին։ Բոլոր դեպքերում այդ միջանցքը կիրագործվի՝ լինի Իրանի կամ Հայաստանի տարածքով։ Մեր ադրբեջանցի եղբայրները այդ հարցը ուսումնասիրում են, մենք էլ ենք խնդրին մոտիկից հետևում», - ասել է Թուրքիայի կապի և ենթակառուցվածքների նախարարը։
Թուրքիայի նախարարի խոսքով՝ Միջին միջանցքը փոխադրումների համար ամենաարագ, ամենահուսալի ճանապարհն է, և Թուրքիայի համար շատ կարևոր է, որ այն իր տարածքով անցնի։
Թուրք նախարարի համոզմամբ՝ Արևելքը Արևմուտքին կապելու գործում որքան ընդլայնվեն այլընտրանքային ճանապարհները, այնքան լավ։
Աբդուլքադիր Ուրալօղլուն 2024-ի վերջերից խոսում է Միջին միջանցքի հեռանկարի մասին, պարբերաբար նշում, որ այդ կապուղու իրագործումը այլընտրանք չունի, և որ Ադրբեջանը Թուրքիային կարող է կապվել կա՛մ Իրանի, կա՛մ էլ Հայաստանի տարածքով։ Թուրք նախարարը այդ երկու տարբերակները դիտարկում է ներկայում շահագործվող Բաքու-Թբլիսի-Կարս երկաթուղու այլընտրանքային ճանապարհ։
Civilnet











