Չաբահարի նավահանգիստը «ոսկե դարպաս» է դեպի Կենտրոնական Ասիա, ասել է Հնդկաստանում Իրանի դեսպան Իրաջ Էլահին։
Փետրվարի 11-ին Նյու Դելիում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանն Իրանի դեսպանն ընդգծել է Չաբահարի նավահանգստի դերը տարածաշրջանային կապերի համար և Հնդկաստան-Իրան հարաբերությունների ամրապնդման գործում՝ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի միջոցով:
Իրանի հարավում՝ Օմանի ծոցի մոտ գտնվող Չաբահարի նավահանգիստը այդ երկրի խոշորագույն առևտրային առանցքներից մեկն է։ 2024-ի մայիսին Իրանը և Հնդկաստանը ստորագրեցին Չաբահարի նավահանգստի զարգացման ծրագիրը։ Հնդկաստանը մեծ ներդրումներ է արել նավահանգստում, ստեղծել ազատ տնտեսական գոտի։
Նավահանգիստը Հնդկական օվկիանոսի երկրները կապում է Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետ: «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի միջոցով համագործակցությունը Իրանի ու Հնդկաստանի միջև գործընկերության զորավոր օրինակ է»,- ասել է Էլահին:
Իրանը և Հնդկաստանը ունեն բարեկամության երկար պատմություն: Պարսկերենը Հնդկաստանի կառավարության կողմից ճանաչված է որպես Հնդկաստանի դասական լեզուներից մեկը: Իրանը և Հնդկաստանը համագործակցում են նաև միջազգային հարթակներում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և BRICS-ի հարթակում։ Հնդկաստանը և Իրանը ՇՀԿ-ին անդամակցում են համապատասխանաբար 2017-ից և 2023-ից։ Հնդկաստանը BRICS-ի հիմնադիր անդամ է, իսկ Իրանը կազմակերպությանն անդամակցել է 2024-ին։
2024-ի հոկտեմբերին ռուսական Կազանում BRICS-ի գագաթնաժողովին հանդիպել էին Իրանի նախագահ Մահմուդ Փեզեշքիանը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ հայտարարելով երկու երկրների միջև համագործակցության նոր էջ բացելու մասին։
Փեզեշքիանի և Մոդիի հանդիպումը Կազանում, հոկտեմբեր 22, 2024։
Հնդկաստանում Իրանի դեսպանը, անդրադառնալով Իսլամական հեղափոխության ժառանգությանը, ընդունել է առկա մարտահրավերները, սակայն խոսել նաև առաջընթացի մասին: Նա նշել է Իրանի առաջընթացն առողջապահության, կրթության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում՝ ընդգծելով, որ Իրանն այսօր առաջատար է նանոտեխնոլոգիաների և կենսատեխնոլոգիաների ոլորտներում:
«Իրանում գործող մոտ 10,000 գիտահեն ընկերությունները բարձրացրել են մեր գլոբալ դիրքը տեխնոլոգիական տարբեր ոլորտներում: Իրանը նաև մուսուլմանական երկրորդ երկիրն է գիտական արտադրության մեջ և քաղցկեղի ու նյարդաբանական հիվանդությունների բուժման համար բժշկական իզոտոպների առաջատար արտադրող է»,- նշել է նա: Ինչ վերաբերում է տիեզերական տեխնոլոգիաներին, վերջին տարիներին իրանցի գիտնականները տեղական փորձագիտության օգտագործմամբ ուղեծիր են արձակել առնվազն տասը արբանյակ:
«Իրանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակներն են պաշտպանել ազգային շահերը, ապահովել ազգային անվտանգությունը և ընդլայնել տնտեսական դիվանագիտությունը: Մենք աջակցում ենք տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը հարևան երկրների միջև երկխոսության և համագործակցության միջոցով»,- ընդգծել է նա:
Իրանը Պաղեստինի կարևոր աջակիցներից է։ «Ավելի քան 70 տարի պաղեստինցիներն առերեսվել են օկուպացիայի և հսկայական տառապանքների, ինչը նշանավորվել է հիմնարար իրավունքների խախտումներով և մուսուլմանական սրբավայրերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքով: Իրանը շարունակում է հավատարիմ մնալ պաղեստինցի ժողովրդի իրավունքների և ապագայի աջակցությանը»,- ասել է դեսպանը:
Նա նշել է, որ Իրանի միջուկային ծրագիրը եղել է խաղաղ և իրենք հետևում են միջազգային կանոններին՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ շարունակական համագործակցությամբ: Դեսպանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրներն էին, որ 2015-ին դուրս եկան խաղաղ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից և չկատարեցին իրենց պարտավորությունները»:
Աղբյուրը՝ Asian News International
Civilnet











