Գլխավոր Լրահոս

Ռուսաստանի և Իրանի մոտեցումները «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ նման են. Զախարովա

Ռուսաստանի և Իրանի մոտեցումները «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ նման են. Զախարովա

Ռուսաստանի և Իրանի մոտեցումները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի»  վերաբերյալ նման են: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունը։

«Դա հաստատված է 2025-ի հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրում, որոնք նպաստում են հարակից տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության պահպանմանը», - ասել է Զախարովան։

Փետրվարի 6-ի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել էր, որ տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ աջակցում է ՀՀ-ին՝ դեմ արտահայտվելով «Զանգեզուրի միջանցքին»։ 

Զախարովան նշել է, որ միակ տարբերությունն այն է, որ Ռուսաստանը եռակողմ աշխատանքային խմբի անդամ է՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մասնակցությամբ՝ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերը ապաշրջափակելու նպատակով։

Նա հիշեցրել է, որ նշված խմբի շրջանակում արդեն «ահռելի» աշխատանք է կատարվել ինչպես իրավական դաշտի, տեխնիկական չափորոշիչների ներդաշնակեցման, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղիների վերականգնման ուղղությամբ։

«Հաղորդակցությունների ապաշրջափակման հիմնական սկզբունքը պետությունների ինքնիշխանության և իրավասության պահպանումն է իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ։ Այս պայմանը, ցավոք, սառեցվել է հայկական կողմի դիրքորոշմամբ»,- ասել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել լիարժեք համագործակցությունը։

Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ 2021-ի հունվարին ստեղծված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ խմբի գործունեությունը դադարեցնելու պաշտոնական որոշում չի ընդունվել։ Շարունակվում են շփումները, բայց ոչ եռակողմ ձևաչափով, այլ երկկողմ՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի միջև։

Ադրբեջանը Հայաստանից արտատարածքային ճանապարհ է պահանջում իր էքսկլավ Նախիջևանի հետ կապվելու համար և այն կոչում է «Զանգեզուրի միջանցք»։ Հայաստանի կառավարությունը առաջ է քաշել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը ենթադրում է տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացում՝ պետությունների ինքնիշխանության հարգման սկզբունքի հիման վրա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում