Գլխավոր Լրահոս

Իրատեսակա՞ն է արդյոք արցախցիների վերադարձը

Իրատեսակա՞ն է արդյոք արցախցիների վերադարձը

Փետրվարի 17-ին հրավիրած ասուլիսին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ի շարս բազմաթիվ հարցերի՝ արձագանքեց նաև տեղահանված արցախցիների վերադարձի մասին հարցին։ «Այսօր ղարաբաղցիներին Ղարաբաղ վերադարձնելու միակ երևացող ճանապարհը նոյեմբերի 9-ի հայտարարությունից կառչելն ու այդ հարցը բանակցային գործընթաց հետ բերելն է»,- լրագրողներից մեկի հարցին պատասխանեց Քոչարյանը։ 

Այսպիսի հայտարարություն Հայաստանի քաղաքական դաշտում առաջին անգամ չէ, որ հնչում է։ Շաբաթներ առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ևս նշում էր, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարող է ապահովել արցախցիների վերադարձը հայրենիք։ Եվ եթե Քոչարյանը ասուլիսի ընթացքում այդ հավանականությունը շատ փոքր գնահատեց, ապա Մարուքյանը պնդում էր, որ իր՝ վարչապետ դառնալու դեպքում «այդ ժողովուրդը կգնա Լեռնային Ղարաբաղ»։ 

Ե՛վ Քոչարյանը, և՛ Մարուքյանը արցախցիների վերադարձը ապահովող հիմնական գործոնը համարում են միջազգային երաշխիքները։ Քանի որ խոսքը 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթի համատեքստում վերադարձի մասին է, կարելի է ենթադրել, որ նրանք նկատի ունեն առաջին հերթին Ռուսաստանի կողմից հնարավոր երաշխիքները։ Բացի այս մոտեցումից, Հայաստանում կան նաև հույսեր, որ միջազգային այլ դերակատարներ և կառույցներ ևս կարող են այդպիսի երաշխիքներ ապահովել։ 

Իհարկե, ինքնին զարմանալի է, որ վերջին տարիների աղետալի զարգացումներից հետո այս թեզը լրջորեն քննարկելու անհրաժեշտություն կա, բայց քանի որ այն լայն տարածում է ստացել նաև հասարակության տարբեր շրջանակների, այդ թվում՝ փախստականների մոտ, հարկ է մի քանի կարևոր իրողություններ արձանագրել։ Այդ իրողությունները վկայում են, որ միջազգային երաշխիքների ներքո վերադարձի թեզը պարզապես անհավանական է։ 

Առաջին փաստարկը այն է, որ Ադրբեջանը 2020-ի պատերազմից հետո բացառում էր Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերում միջազգային որևէ ներգրավվածություն՝ նույնիսկ այն ժամանակ, երբ այնտեղ կար հայ բնակչություն։ Շրջափակման ընթացքում Բաքուն անտեսում էր միջազգային դատարանի որոշումները, չէր գնում զիջումների նույնիսկ հումանիտար հարցերում և տարբեր դերակատարների դատապարտող հայտարարությունների ֆոնին միայն խստացնում էր իր դիրքորոշումները և գործողությունները։

Միևնույն ժամանակ, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ադրբեջանը պարբերաբար շոշափում էր Ռուսաստանի կարմիր գծերը, որը գետնի վրա ներկայություն ունեցող միակ ուժն էր, և ի վերջո պարտադրում էր սեփական մոտեցումները ռուսական կողմին։ Արցախի շրջափակման վերջին փուլում Մոսկվայի և Բաքվի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հետ կապված գրեթե բոլոր հարցերում նույնական էին դարձել։ Այս գործընթացի գագաթնակետը Արցախի էթնիկ զտումն ու ռուսական խաղաղապահ առաքելության դուրսբերումն էր տարածքից։

Երկրորդ հանգամանքը այն է, որ Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղում առկա ստատուս քվոն՝ տարածք առանց մարդկանց, ամենօպտիմալ վերջնարդյունքն է։ Քոչարյանը, ինչպես նաև այլ գործիչներ նշում են, որ Ադրբեջանը կարող է էթնիկ զտման մեղադրանքներից խուսափելու համար հակված լինել գնալ զիջումների՝ վերադարձի համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծման հարցում։ Խնդիրը, սակայն այն է, որ Բաքուն ամբողջովին մարսել է Արցախի հայաթափումը։ 2023-ի սեպտեմբերից հետո Ադրբեջանի համար որևէ հետևանքներ չեղան։ Նույնիսկ մեկ ադրբեջանցի պաշտոնյայի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառվեցին այդ իրադարձություններից հետո։ 

Ավելին, կարելի է նույնիսկ ենթադրել, որ այս վերջնարդյունքը ինչ-որ չափով ընդունելի լուծում էր նաև տարբեր միջազգային դերակատարների համար։ Պատահական չէ, որ Արցախի էթնիկ զտումից հետո գործընթացի մեջ ներգրավված բոլոր դերակատարների հիմնական ազդակը լավատեսությունն էր առ այն, որ Ղարաբաղյան հակամարտության «գլուխը փակելուց» հետո Հայաստանն ու Ադրբեջանը վերջապես կկարողանան ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը։ 

Այստեղ, անշուշտ, կա Հայաստանի կառավարության մեղավորությունը, որը իր բոլոր քայլերով լեգիտիմացրեց Ադրբեջանի գործողությունները և վերջինիս համար հեշտացրեց պատասխանատվությունից խուսափելու գործընթացը։ Սակայն ակնհայտ է նաև, որ ոչ այդ ժամանակահատվածում, ոչ էլ հիմա խոշոր որևէ խաղացող Ադրբեջանի նկատմամբ կոշտ գործիքակազմ կիրառելու քաղաքական կամք չուներ և չունի։ Բաքուն տարածաշրջանում կարևորագույն գործընկեր է ինչպես արևմտյան տարբեր դերակատարների, այնպես էլ Ռուսաստանի համար։ 

Եվ վերջապես, միջազգային միտումները և գլոբալ մակարդակում տեղի ունեցող փոփոխությունները ևս որևէ նախադրյալներ չեն ստեղծում վերոնշյալ թեզի կյանքի կոչման համար։ Աշխարհում միջազգային իրավունքի և նորմերի դերը զգալիորեն նվազում է։ Ուժի կիրառման սկզբունքը լեգիտիմացվում է միջազգային համակարգի ամենաազդեցիկ դերակատարի կողմից։ Մեծ տերությունների ազդեցության նվազման ֆոնին մեծանում են տարածաշրջանային խաղացողների կարողությունները։ Այս ամենը հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ չկա որևէ խաղացող, որը կարող է Ադրբեջանին ստիպել պայմաններ ապահովել արցախցիների վերադարձի համար։

Ռուսաստանի նկատմամբ հույսերը անհիմն են

Այս հարցում Ռուսաստանի նկատմամբ հույսերը ևս անհիմն են։ Մոսկվան տեսականորեն կարող է հետաքրքրված լինել Լեռնային Ղարաբաղում կրկին ռազմական ներկայություն ունենալ և հայերի վերադարձը Արցախ կարող է դիտարկել որպես այդ նպատակին հասնելու գործիք։ Այնուամենայնիվ, գործնականում այդ գնացքը արդեն վաղուց գնացել է։ Ռուսաստանը, ի վիճակի չլինելով կանխել Արցախի հայաթափումը, այս փուլում և մոտ ապագայում չի ունենալու որևէ իրական հնարավորութուն Ադրբեջանին ինչ-որ պայմաններ պարտադրել՝ անկախ Ուկրաինայում պատերազմի արդյունքներից։ 

Այդ առումով արցախցիների վերադարձի թեմայով Հայաստանում ծավալված բոլոր շահարկումների միակ գործնական արդյունքը փախստականների մոտ սին հույսերի ստեղծումն է։ Գրեթե բոլոր միջոցառումներին, որոնց ես բանախոսում եմ վերջին շրջանում, անպայմանորեն վերադարձի հավանականության վերաբերյալ հարց եմ լսում արցախցիների կողմից։ Այդ հարցն ինձ է ուղղվում նաև տարբեր ոչ ֆորմալ զրույցների ընթացքում։ Շատ հաճախ ներքաղաքական նպատակներով շահարկվող այս թեման նաև խնդիրներ է ստեղծում փախստականների ինտեգրացիայի գործընթացում, երբ մարդիկ, վերադարձի որոշակի ակնկալիքներ ունենալով, այդքան էլ հակված չեն, օրինակ, դիմել ՀՀ քաղաքացիության։ Մինչդեռ դառը ճշմարտությունն այն է, որ առնվազն կանխատեսելի ապագայում վերադարձի հավանականություն չկա, և մենք պետք է համարձակություն ունենանք այդ մասին ուղիղ խոսել։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում