Մայիսի 1-ից վարորդները տուգանային 9 բալի փոխարեն կունենան 13 բալ

Մայիսի 1-ից վարորդները տուգանային 9 բալի փոխարեն կունենան 13 բալ։ Նախագիծ այսօր ընդունվել է Կառավարության կողմից։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այսօր՝ փետրվարի 20-ին, Կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ մայիսի 1-ի դրությամբ այն քաղաքացիները, որոնք կունենան տուգանային միավորների չսպառված պաշար, նրանց մոտ այս թիվն ավտոմատ կերպով կդառնա 13 միավոր։ Նրա խոսքով, նախագիծը մշակվել է վարորդների բողոքների արդյունքում։
«Վարորդներից տարբեր ահազանգեր ենք ստացել, որ կարիք կա վերանայելու գործող բալային համակարգը։ Երթևեկության և որոշ իրավիճակների պատճառով հաճախ վարորդները սպառում են իրենց հասանելի բալային միավորների շեմը։ Ըստ այդմ չեն ունենում գործող վարորդական իրավունք այդ պահի դրությամբ, և շատ հաճախ չեն կարողանում իրականացնել ուղևորափոխադրումներ, բեռնափոխադրումներ կամ համանման այլ գործունեություն, որը սոցիալական բաղադրիչ ունի»,- ասաց նախարարը։
Նախարարի խոսքով, այս նախագիծը թույլ կտա ավելի ճկունություն ունենալ այն իրավախախտումների պարագայում, որոնք կապված չեն երթևեկության անվտանգության կազմակերպման հետ։
«Ես ինչու եմ շեշտում հատկապես անվտանգությունը, որովհետև կան կանոններ, որոնք երթևեկության ընդհանուր կանոններ են և որոշ առումներով ներելի են։ Պետությունը շատ հաճախ խիստ մոտեցում չի դրսևորում այդ խախտումների նկատմամբ և սահմանափակվում է միայն կիրառելով տուգանք կամ համանման այլ վարչական պատասխանատվության միջոցներ։ Բայց կան խախտումներ, որ երթևեկության անվտանգության վրա էական ազդեցություն ունեն»,- նշեց նախարարը։
Արփինե Սարգսյանը խախտումների օրինակներ նշեց, որոնք անվտանգության բաղադրիչ են պարունակում՝ չամրակապված վարելը, հանդիպակած գոտի դուրս գալը, ղեկին հեռախոսից օգտվելը և այլն։
Ըստ նախարարի, սրանք այն խախտումներն են, որտեղ կարիք կա խիստ մոտեցումը պահպանելու և անվտանգային բաղադրիչն ավելի վեր դասելու մնացյալ բոլոր բաղադրիչներից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հեթին հավելեց, որ այս նախագծի առանձնահատկությունն այն է, որ որոշ խախտումների համար միավորներից նվազումների շեմը բարձրացվում է։
«Այսինքն, նախկինում խախտման համար մեկ միավոր էր հանվում, այժմ մեկ ու կես միավոր է դուրս գալու որոշ խախտումների համար»,- նշեց վարչապետը։
Civilnet










