Հայաստանում Ղարաբաղյան երկրորդ պատերազմի վերաբերյալ փորձագիտական մակարդակի քննարկումներում վերջին տարիներին, կարծես թե, պարտությունը բացատրող երկու տեսանելի մոտեցում է ի հայտ եկել, որոնք պայմանականորեն կարելի է անվանել կառուցվածքային (structure-based ) և անձնակենտրոն (agency-based):
Կառուցվածքային բացատրություններ
Առաջին մոտեցման կողմնակիցները 2020-ի պարտության պատճառները բացատրում են տասնամյակների ընթացքում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ձևավորված կառուցվածքային տնտեսական, ռազմաքաղաքական, բանակցային և ռեսուրսային նախադրյալներով։
Հասկանալի պատճառներով այս մոտեցմանը նախապատվություն են տալիս գործող իշխանությունները, որոնք, փորձելով նվազեցնել պարտության մեջ սեփական պատասխանատվության աստիճանը, օգտագործում են Ադրբեջանի հետ տարբեր ուղղություններով գոյություն ունեցած անհավասարակշռության իրողությունը այս բանավեճի ընթացքում։ Օրինակ, 2020-ի պարտությունից հետո կառավարությունը ակտիվ օգտագործում էր դեռ 2017-ին արված հետազոտություն, որով ի ցույց էր դրվում կրիտիկական ենթակառուցվածների զարգացման հարցում հսկայական անհավասարակշռությունը հակամարտության կողմերի միջև։
Մի խոսքով, քաղաքական և փորձագիտական դաշտում այս մոտեցման կողմնակիցները պարտության պատճառները բացատրում են 2020-ի սեպտեմբերի դրությամբ ստեղծված կառուցվածքային իրողություններով։ Այս մոտեցման ծայրահեղ դրսևորման արդյունք կարելի է համարել այն թեզը, որ անկախ պատերազմին նախորդած շրջանում ու դրա ընթացքում կայացրած որոշումներից՝ գրանցված վերջնարդյունքը այդ կառուցվածքային գործոնների պատճառով կանխորոշված էր։
Անձնակենտրոն բացատրություններ
Անձնակենտրոն մոտեցման կողմնակիցների փաստարկները թերագնահատում են կառուցվածքային պատճառների կարևորությունը։ Ընդունելով, որ մինչև Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեկնարկը համակարգային խնդիրներ են գոյություն ունեցել Զինված ուժերում և առանցքային մյուս ոլորտներում՝ նրանք համոզված են, որ պարտությանը հանգեցրած հիմնական գործոնը պատերազմի նախորդած շրջանում և դրա ընթացքում քաղաքական իշխանության և ռազմական ղեկավարության վարած քաղաքականությունը, կայացրած կամ չկայացրած որոշումներն էին։ Այս մոտեցումը առավել տարածված է ընդդիմադիր հայացքներ ունեցող փորձագետների և քաղաքական գործիչների մոտ, բայց ոչ միայն։
Հայաստանում հետպատերազմական շրջանի բոլոր քննարկումները այս երկու մոտեցումների ծիրում էին։ Մինչդեռ, ինչպես հասարակագիտական ուսումնասիրությունների առարկա խնդիրների դեպքում է, այնպես էլ այս պարագայում, դժվար է ամբողջական պատկեր ստանալ՝ հենվելով միայն մի մոտեցման կամ գործոնների միայն մեկ խմբի վրա։
Վերջերս լույս տեսած «44 – ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ․ Արցախյան պատերազմը՝ իրողություններ և հետևություններ» գիրքը վերջին տարիների հայաստանյան իրականության պայմաններում եզակի փորձերից էր պարտությունը վերլուծելու՝ համատեղելով վերոնշյալ երկու մոտեցումներն ու գործոնների խմբերը։
Պարզ է, որ 80 էջանոց աշխատության շրջանակում անհնար է ստանալ բոլոր հարցերի պատասխանները և պարտությանը հանգեցրած գործոնների ամբողջական պատկերը։ Գիրքը պետք է համարել միայն մեծ աշխատանքի առաջին փոքր քայլ։ Այդ առումով աշխատության մեջ տեղ գտած ամեն մի հարց, դրվագ կամ թեզ կարող է առանձին ծավալուն հետազոտության թեմա դառնալ։
Գրքի երևանյան շնորհանդեսի ընթացքում հեղինակներից Վիգէն Չըթըրեանը նշեց, որ ի սկզբանե ակնկալվում էր, որ հիմնական հետազոտական աշխատանքը պետք է իրականացվեր հայաստանաբնակ մասնագետի կողմից, բայց ի վերջո ինքը Չըթըրեանն է կատարել այն։ Կարծում եմ՝ դա օպտիմալ որոշում էր, քանի որ հայաստանյան ներքաղաքական անցուդարձից հեռու հետազոտողի համար շատ ավելի հեշտ է նմանատիպ հետազոտություն իրականացնելիս հաղթահարել սեփական նախապատվությունները։ Այս հանգամանքը թույլ է տվել հեղինակին առանց արդեն իսկ ունեցած պատասխանների հնչեցնել հարցեր՝ փորձելով ստանալ կատարվածի և դրա պատճառների ամբողջական պատկերը։
Գրքի հրապարակումից հետո հնչեցված հիմնական քննադատությունները սակայն հակառակ տրամաբանությունը ունեն։ Շատերը, լինելով պարտության պատճառները բացատրող վերոնշյալ մոտեցումներից մեկի կրողը, և արդեն իսկ ունենալով պատասխաններ առանցքային գործոնների վերաբերյալ, հարցերը ընտրում են այդ առկա պատասխաններին հանգելու համար։
Գրախոսությունների մասին
Գրքի վերաբերյալ Վահրամ Տեր-Մաթևոսյանի հրապարակած գրախոսությունը ևս այդպիսի տպավորություն թողեց։ Այն, անշուշտ, պարունակում է կարևոր դիտարկումներ, որոնք պետք է հաշվի առնել այս թեմայով կատարվող հետագա աշխատանքներում։ Սակայն ընդհանուր առմամբ Տեր-Մաթևոսյանի՝ հեղինակներին ուղղված հիմնական քննադատությունը, կարծես թե, այն է, որ նրանց բարձրացրած հարցերը չեն հանգեցնում իր ունեցած պատասխաններին։
Նախ, հետքրքրական է, որ մեթոդաբանության քննադատությամբ սկսվող գրախոսականում Տեր-Մաթևոսյանը Ղարաբաղյան հակամարտության տերմինաբանության վերաբերյալ խիստ վիճելի պնդում է անում։ Նա, քննադատելով Ղարաբաղյան պատերազմների տարածում ստացած անվանումները, նշում է․ «Իրականում, պատերազմը սկսվել է 1988-ին, ունեցել է տարբեր ինտենսիվության մի շարք փուլեր և ցայսօր չի ավարտվել»։ Այս պնդումը կամ ձևակերպումը հոդվածի մեջ սակայն համոզիչ փաստարկներով չի հիմնավորվում։
Ժամանակակից պատերազմների ուսումնասիրությանը նվիրված ակադեմիական գրականության մեջ վերջին տասնամյակներում գերակայում է «Պատերազմի կոռելյատները» (The correlates of war) նախաձեռնության պատերազմի սահմանումը. «Շարունակական մարտական գործողություններ, որոնցում ներգրավված են կազմակերպված զինված ուժեր, որոնք հանգեցնում են առնվազն 1,000 մարտական զոհի 12 ամսվա ընթացքում, որտեղ երկու կողմերն էլ ունակ են արդյունավետ դիմադրություն ցուցաբերել»:
Գրեթե նույնական սահմանում է օգտագործում նաև Ուպսալայի հակամարտությունների տվյալների ծրագիրը (Uppsala Conflict Data Program)՝ առանց ժամանակային սահմանափակումների․ «Երկու կամ ավելի կողմերի միջև պատերազմ, որոնցից առնվազն մեկը պետք է լինի պետություն կամ պետության ներկայացուցիչ, և պատերազմը հանգեցնում է առնվազն 1,000 մարտական զոհերի մեկ օրացուցային տարվա ընթացքում»։
Իհարկե, այս սահմանումները ունեն իրենց բացերը և, բնավ, գոյություն ունեն նաև պատերազմների որակական սահմանումներ, բայց հետազոտական նպատակներով շատ ավելի տրամաբանական է օգտագործել վերոնշյալ տարբերակները, որոնց կիրառման դեպքում, իհարկե, դժվար է խոսել 1988-ից ցայսօր տևող պատերազմի մասին։ Եթե նպատակը այդ ողջ ժամանակահատվածը որպես մեկ գործընթաց ուսումնասիրելն է, ապա կարելի է օգտագործել «երկարատև հակամարտություն» (protracted conflict) կամ «երկարատև մրցակցություն» (enduring rivalry) եզրույթները, որոնք կիրառվում են, օրինակ, Պակիստանա-հնդկական հակամարտության դեպքում։
Չըթըրեանին ուղղված Տեր-Մաթևոսյանի մեկ այլ մեթոդաբանական քննադատություն վերաբերում է հարցազրույցների ընթացքում արված փաստական բնույթի պնդումների վստահելիությանը։ Նա, մասնավորապես, նշում է․ «Հեղինակն արդյոք ստուգե՞լ, վերստուգե՞լ է այս ու այլ հարցազրույցներում տեղ գտած մի շարք տեղեկությունների ու պնդումների իսկությունը։ Եթե այո, հետազոտության ու հարցազրույցների իրականացման ո՞ր փուլում։ Հնարավոր չէ՞ր արդյոք, որ այս հարցերը բարձրացվեին պատերազմի ժամանակ ռազմաքաղաքական ղեկավարության հետ հարցազրույցներում։ Մյուս տարբերակը կարող էր լինել ծանոթագրությունների միջոցով նման պնդումների վերաբերյալ հստակություն ու պարզաբանումներ տալը»։
Այս հարցին պատասխանելը թողնելով հեղինակներին՝ պետք է պարզապես նկատել, որ վերոնշյալ դիտարկումը անելուց հետո Տեր-Մաթևոսյանն իր տեքստի երկրորդ հատվածում պնդում է․ «2020-ի հուլիսի 4-ին, 10-ին և օգոստոսի 21-ին ԳՇ պետը վարչապետին և ԱԽ-ի անդամներին ներկայացրել է մի քանի զեկույց ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում զորքերը հակառակորդի հավանական ագրեսիայի դիմագրավմանը նախապատրաստելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։ Վարչապետին նաև զեկուցվել է, որ ՀՕՊ ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է «թույլ», ընդգծվել է, որ առկա ՌԷՊ ուժերով և միջոցներով հնարավոր չէ արդյունավետ ճնշել հակառակորդի ղեկավարման համակարգերը։ ԳՇ նախկին պետն ասել է նաև, որ թույլ են հետախուզական մարմինները»։
Այսինքն, մի դեպքում Տեր-Մաթևոսյանը հորդորում է հեղինակին հրապարակելուց առաջ ստուգել և վերստուգել գրքում տեղ գտած փաստական բնույթի պնդումները, մյուս կողմից իր հաջորդ դիտարկումներից մեկը հիմնավորում է Օնիկ Գասպարյանի չստուգված ու չվերստուգված պնդումներով։
Իրականում, նախապատերազմական ամիսների ընթացքում Գլխավոր շտաբի և քաղաքական իշխանության միջև հաղորդկացության թեման կարևորագույն գործոն է Հայաստանի պահվածքը այդ ժամանակահատվածում հասկանալու համար։ Տարբեր աղբյուրների հետ շփումների արդյունքում կարելի է հասկանալ, որ, չնայած Օնիկ Գասպարյանի հրապարակային հայտարարություններին, Գլխավոր շտաբը շատ ավելի լավատեսական պատկեր էր ներկայացնում կառավարությանը, որը ձևավորում ու ամրապնդում էր հուլիսյան էսկալացիայից հետո ստեղծված էյֆորիկ մթնոլորտը։ Այս թեմայի համապարփակ ուսումնասիրությունը կարող է նախապատերազմական ամիսների վերաբերյալ կարևոր պատասխաններ տալ։
Տեր-Մաթևոսյանը չի ընդունում նաև Չըթըրեանի պնդումը այն մասին, որ «2020-ի հուլիսյան մարտերը Հայաստանում ցնծագին մթնոլորտ էին ձևավորել՝ բերելով ընդհանուր զգացողության, թե «հայկական բանակն անպարտելի է»։ Նա նշում է, որ Չըթըրեանը կառավարության քայլերն ու կարծիքները անարդարացիորեն վերագրում է ողջ հասարակությանը և հավելում․ «Եթե կառավարության անդամների և իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների որոշ հայտարություններ ու քայլեր միտված էին նման հանգստություն ու տպավորություն ստեղծելուն, ապա հայաստանյան ընդդիմությունը, զինվորականության մի հատվածը և վերլուծական հանրույթի մի մասը հաստատ այդպես չէր մտածում, առավել ևս՝ նման ընդհանրացում անելու համար որևէ հիմք չկա։ Թերևս տրամագծորեն հակառակն էր տեղի ունենում։ Լուրջ հարցեր էին հնչում ու մտավախություններ բարձրաձայնվում տեղի ունեցածի կապակցությամբ»։
Իրականում, Հայաստանում հուլիսյան մարտերից հետո հիմնական քննարկումները ոչ թե այն մասին էին, որ այդ էսկալացիան կարող է արագացնել պատերազմի մեկնարկը և չի կարելի խիստ լոկալ գործողության հիման վրա ռազմական լուրջ վերլուծություններ անել, այլ այն մասին, թե ում շնորհիվ է Հայաստանը այդ մարտերում հաղթել։ Իշխանության ներկայացուցիչները հոդվածներ էին հրապարակում՝ պնդելով, որ հուլիսյան հաղթանակի պատճառը Թավշյա հեղափոխությունից հետո բանակում իրականացված բարեփոխումներն էին, իսկ ընդդիմությունը հաղթանակի բոլոր դափնիները շնորհում էր 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովին։
Այսպես, Էդուարդ Շարմազանովը այդ մարտերից հետո խոսում էր «հուլիսյան հաղթանակի» մասին և նշում, որ իշխանությունը դրա հետ կապ չունի, իսկ Արփինե Հովհաննիսյանը Մեհրիբան Ալիևային ուղղված բաց նամակում նշում էր․ «Մենք ունակ ենք իրական սրբազան պայքարով մեր հողը պահել: Հենց երեկ Գրիգորի Խաչատուրովը և մեր զինվորները դա ձեզ ցույց տվեցին»։ Վստահաբար, այդ փուլում տարբեր ճամբարներում և կառույցներում կային գործիչներ, որոնք խոսում էին նաև ռիսկերի մասին, բայց ընդհանուր մթնոլորտը գրքում բավական ճշտգրիտ է նկարագրված։
Տեր-Մաթևոսյանի մյուս դիտարկումներից ևս կարելի է տպավորություն ստանալ, որ Հայաստանը, օրինակ, պատրաստ էր 2020-ի պատերազմի ընթացքում առնվազն մասամբ դիմակայել ու հավասարակշռել հակառակոդին, ուներ կայացած Ազգային անվտանգության ծառայություն ու Անվտանգության խորհրդի գրասենյակ, որոնք կարող էին բարձր որակի և ճշտգրտության հետախուզական տվյալներ ստանալ և վերլուծել։
Իրականությունը սակայն այն էր, որ այդ ամենը, ինչպես և տեքստում հիշատակվող ռազմական դոկտրինը, գոյություն ունեին միայն թղթի վրա։
2020-ի պատերազմի ընթացքում աշխատելով ԱԽ գրասենյակում՝ հնարավորություն եմ ունեցել ծանոթանալ ԱԱԾ կողմից պատրաստված հետախուզական զեկույցներին։ Այդ փաստաթղթերն ընթերցելուց հետո իմ և գործընեկրներիս ընդհանուր գնահատականն այն էր, որ եթե մենք բաց աղբյուրների հիման վրա փորձեինք պատրաստել նույնանման զեկույցներ, դրանք ավելի որակյալ կլինեին։
Այս ամենով հանդերձ՝ պետք է ընդգծեմ, որ սույն հոդվածը պետք չէ դիտարկել որպես քաղաքական իշխանության թույլ տված սխալների և պատերազմի արդյունքի վրա դրանց ազդեցության թերագնահատման փորձ։ 2018-ի իշխանափոխությունից հետո Հայաստանի նոր կառավարությունը, չունենալով անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտում որևէ փորձ ու կոմպետենտություն, իր արկածախնդիր արտաքին քաղաքականությամբ, սեղանին դրված փաստաթղթի շուրջ չբանակցելու որոշմամբ և մի շարք այլ չհաշվարկված քայլերով արագացրեց պատերազմի մեկնարկը։ Այս ամենը պայմանավորաված էր այդ թվում այն հանգամանքով, որ իշխող ուժը ադեկվատ պատկերացում չուներ ոչ միայն հակառակորդի, այլև սեփական կարողությունների վերաբերյալ։ Այս բոլոր գործոնները լրջագույն ազդեցություն են ունեցել պատերազմի կառավարման նրանց ունակության վրա և հանգեցրել են բազմաթիվ սխալների նաև պատերազմի ընթացքում։
Ավելին, կարելի է առաջ քաշել թեզ, որ պատերազմի ինչ-որ փուլից սկսած որոշումները կայացվում էին՝ առաջնահերթությունը տալով ներքաղաքական տրամաբանությանը։ Խոսքը, մասնավորապես, հոկտեմբերի 19-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո ընկած ժամանակահատվածի մասին է, երբ Նիկոլ Փաշինյանը արհամարել էր նիստի ընթացքում համաձայնեցված որոշումը և միանձնյա կերպով հրաժարվել էր զինադադարի առաջարկվող տարբերակից։
Այս դրվագի հետ կապված մեկ այլ հետաքրքրական փաստ կարելի է առանձնացնել, որը մինչ այսօր ուշադրության չի արժանացել փորձագիտական դաշտի կողմից․ զինադադարի այդ առաջարկը մերժելուց հետո մինչև պատերազմի ավարտ Անվտանգության խորհրդի նոր նիստ այդպես էլ չի հրավիրվել։ Այսինքն, պատերազմի ընթացքի վերաբերյալ քննարկումներն ու որոշումները այլ ձևաչափերով էին իրականացվում ու կայացվում։ Իշխանության պատասխանտվությանը ու կոմպետենտությանը առնչվող այսպիսի բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է խորքային ուսումնասիրության ենթարկվեն։
Այնուամենայնիվ, ամբողջական պատկեր ստանալու համար չի կարելի անտեսել նաև համակարգային խնդիրները, որոնք կուտակվել էին տասնամյակների ընթացքում։
Առանց կառուցվածքային նախադրյալների լուրջ ուսումնասիրության դժվար է հասկանալ պարտությանը հանգեցրած գործոնների ամբողջությունը։ Այդ առումով «44 – ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ․ Արցախյան պատերազմը՝ իրողություններ և հետևություններ» գիրքը կարևոր մեկնարկ կարելի է համարել, որը կարող է հիմք դառնալ ավելի խորքային ու ծավալուն աշխատությունների համար։ Գրքում տեղ գտած առանցքային մտքերից է, որ 2020-ի պարտության պատճառներից մեկը այն է, որ Հայաստանում և Արցախում 25 տարվա ընթացքում Ղարաբաղյան առաջին պատերազմի որևէ լուրջ գիտական հետազոտություն այդպես էլ չէր իրականացվել, ինչը պարարտ հող էր ստեղծել Առաջին պատերազմում հաղթանակի վերաբերյալ տարատեսակ միֆերի ձևավորման համար։ Այդ սխալը կրկնելու դեպքում կարող ենք նույն հետևանքները ունենալ։
Տիգրան Գրիգորյան











