Աշխատաժամի կրճատում. նախաձեռնությունը կհագնեցնի՞ արդյոք արտադրողականության աճի

Լիա Ավագյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2024-ի դեկտեմբերին առաջարկեց աշխատանքային օրվա տևողությունը կրճատել 8-ից մինչև 7 ժամ, իսկ շաբաթական՝ 40-ից 35 ժամ՝ պահպանելով աշխատավարձի չափը։ Նախագիծը դրվեց հանրային քննարկման կառավարության e-draft կայքում։ Արդեն մի քանի օր է՝ ավարտվել է նախագծի պաշտոնական շրջանառումը։ Այժմ ներքին քննարկումների փուլն է։
«Քննարկումներն ու արձագանքներն ըստ էության կարելի է բաժանել երկու խմբի։ Մարդիկ, որ գոհ են, հիմնականում աշխատողներն են, իսկ բիզնես համայնքի ներկայացուցիչներից շատերը դժգոհ են»,- ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։

Նախարարությունն այս փոփոխության համար որպես հիմնավորում բերել է եվրոպական զարգացած երկրների՝ Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և այլոց փորձը։ Նախագծում նշվում է՝ աշխատաժամանակի մեկ ժամ կրճատումը կնպաստի աշխատանքի և անձնական կյանքի միջև ժամանակի և ռեսուրսների արդյունավետ բաշխմանը, կհանգեցնի կյանքի որակի բարձրացմանը, կնպաստի նոր աշխատատեղերի ավելացմանը պետական և մասնավոր հատվածում։
«Աքսես» վերլուծական կենտրոնի ավագ հետազոտող Արմինե Պետրոսյանի խոսքով՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ ծրագիրն այս տարբերակով ներդնելը նպատակահարմար չէ Հայաստանի համար։ Ավելի հարմար է փուլային տարբերակով կիրառումը, որը բազմաթիվ երկրներում կիրառվել է։
«Օրինակ, նույն Ֆրանսիայում, որին շատ է հղում արվում, դա արվել է աստիճանաբար։ Սկզբում մի քանի տարի դա արվել է բոլոր 20 և ավելի աշխատող ունեցող ընկերություններում, այնուհետև արդեն տարածվել բոլոր վարձու աշխատողների վրա։ Բայց պետք է նշել, որ կառավարությունն այնտեղ գործատուների համար սահմանել է որոշ արտոնություններ, սուբսիդիաներ, որպեսզի ծախսային բեռը չավելանա նրանց համար, քանի որ աշխատաժամանակը կրճատվում է աշխատավարձի պահպանմամբ»,- ասում է Արմինե Պետրոսյանը։
«Աքսեսը» պատրաստել է քաղաքականության համառոտագիր՝ պարզելու աշխատաժամանակի կրճատման նպատակահարմարությունը Հայաստանում։ Կենտրոնի ավագ հետազոտողն ասում է, որ նախագծի հիմնավորման մեջ բազմիցս հղում է արվում միջազգային փորձին, ինչը վիճելի է։ Օրինակ՝ նշվում է Բելգիայի, Իսլանդիայի, Գերմանիայի փորձը, որտեղ ստանդարտ աշխատաժամանակը շաբաթական 40 ժամ է, իսկ կարճ աշխատաժամանակը տարածված է առանձին ընկերություններում կամ ոլորտներում։

«Այլ փաստարկների թվում բերվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Աշխատանքի միջազգային կազմակերպության հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն՝ երկար աշխատաժամերը ազդում են աշխատողների ֆիզիկական և հոգեկան առողջության վրա։ Այս հետազոտությունները վերաբերում են 55 և ավելի ժամ աշխատող մարդկանց, այնինչ մենք Հայաստանում քննարկում ենք 40-ժամյա աշխատանքային շաբաթը կրճատելու հարցը»,- ասում է Պետրոսյանը։ Բացի այդ, ըստ նրա, Հայաստանում նույն՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության ցուցանիշների համաձայն՝ 49 ժամ և ավելի աշխատողների, մասնաբաժինը 2021-ի տվյալներով ընդհանուր վարձու աշխատողների թվում մոտ 9,5% է, և նախագծի համար այս հետազոտությունները որպես հիմք ընդունելը վիճելի է։
Մտավախություն կա, որ նախագծի հաստատումից հետո ստվերը կմեծանա։ Հնարավոր է՝ գործատուն աշխատավայրում երկար պահի աշխատողին։ Նախարարությունում չեն բացառում դա, սակայն այդ պարագայում քաղաքացիներին խորհուրդ են տալիս դիմել Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնին։
Նախագծի ընդունումը կարո՞ղ է ազդել բիզնեսի և տնտեսության վրա
Փոխնախարար Ռուբեն Սարգսյանն ասում է, որ իրենց ուսումնասիրած երկրներում, որտեղ նման ծրագիր է ներդրվել, նույն մտավախությունները եղել են. «Փորձը ցույց է տալիս՝ տվյալ երկրում նման բացասական էֆեկտի չի բերել և ավելին, այդ երկրներում տնտեսությունը ավելի է զարգացել»։
Արմինե Պետրոսյանը նշում է, որ աշխատաժամանակի կրճատումը տնտեսության վրա նաև այլ ուղղություններով է ազդում, օրինակ՝ արտադրության, թողարկման ծավալների վրա։
«Աքսեսի» հետազոտությունը ցույց է տալիս, որ 2023-ին Հայաստանում աշխատողները սովորաբար միջինը աշխատել են 42,1 ժամ ՝ 1,2 ժամով ավելի, քան 2018-ին։ Հարցման իրականացման շաբաթվա ընթացքում նորմալ աշխատաժամանակով աշխատողները (շաբաթական 40 ժամ) փաստացի աշխատել են 44,4 ժամ՝ մոտ 11%-ով ավելի, քան օրենքով նախատեսված է, ինչը խոսում է երկրում աշխատանքային իրավունքների խախտման խնդրի մասին։ «Աքսեսի» վերլուծությունը չի հաստատում, որ աշխատաժամանակի կրճատումը երկրի մակարդակով կարող է հանգեցնել արտադրողականության աճի՝ թեև առանձին ընկերությունների դեպքում դա հնարավոր է։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից էլ ասում են, որ քննարկումներ են նախատեսում նաև բիզնեսի ու ասոցիացիաների հետ։ Կախված դրանց արդյունքերից՝ կորոշեն՝ ներդնել նախագիծը, թե հետաձգել։
Դիտե՛ք տեսանյութը
Civilnet










