Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը այցով Անկարայում է։ Նա հանդիպել է թուրք բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների՝ արտգործնախարար Հաքան Ֆիդանին, Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունին, ինչպես նաև Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին և անվտանգային հարցերի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչին։
Հանդիպումների մասին տեղեկատվությունը խիստ սահմանափակ է: Սակայն ուշագրավ է, որ Հաջիև-Չաղաթայ Քըլըչ հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի հետ կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, ինչը վկայում է նրա մասին, որ զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործոնը։
Վերջին ժամանակներում Հաջիևը ակտիվ տարածաշրջանային հանդիպումներ է իրականացնում։ Օրերս նա Իսրայելում էր և հանդիպել էր այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Իսկ դրանից առաջ Հաջիևը այցելել էր Իրան, որի ժամանակ հանդիպել էր մի շարք բարձրաստիճան իրանցի պաշտոնյաների, այդ թվում երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։
Civilnet











