Օջալանը զենքը վայր դնելու և PKK-ն լուծարելու պատմական կոչ արեց

Փետրվարի 27-ին Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK)-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանը հանդես եկավ «դարի ուղերձով»՝ կոչ անելով վայր դնել զենքը և PKK-ն ինքնակամ լուծարել։
Օջալանի նամակը թուրքերեն և քրդերեն լեզուներով կարդացին Թուրքիայում քրդամետ՝ ԴԵՄ «Ժողովուրդների Հավասարության և ժողովորդավարության» կուսակցության անդամները։
Նամակում մասնավորապես ասված է․ «Պարոն Դևլեթ Բահչելիի (Ազգայնական շարժման առաջնորդ) կոչը, պարոն նախագահի ներդրած կամքը և դրա շուրջ այլ քաղաքական կուսակցությունների դրական արձագանքը հասունացրին զենքը վայր դնելու կոչս, ինչի համար ստանձնում եմ այս պատմական պատասխանատվությունը»։
Օջալանը PKK-ին հորդորել է ինքնակամ դիմել այդ քայլին. «Համաժողով հավաքե՛ք և այդ որոշումը կայացրե՛ք։ Բոլոր խմբերը պետք է զենքերը վայր դնեն, իսկ PKK-ն պետք է ինքնալուծարվի»։
PKK-ի հիմնադիրը խոսել է ժողովուրդների խաղաղ համակեցության գաղափարի մասին և մատնացույց անելով Թուրքիայի Հանրապետության երկրորդ հարյուրամյակի տեսլականը՝ նշել է, որ այն կարող է ապահովել մշտական և եղբայրական շարունակականություն միայն ժողովրդավարության դեպքում։
«Քաղաքական համակարգի որոնման և իրականացման հարցում ժողովրդավարությունն այլընտրանք չունի։ Ժողովրդավարական փոխզիջումը հիմնական ճանապարհն է», - նշել է Օջալանը։
Օջալանի ուղերձի մասին նախապես հայտնել էին թուրքական և միջազգային լրատվամիջոցները։ Այն իրականություն դարձավ Իմրալը կղզու բանտ ԴԵՄ քաղաքական կուսակցության անդամների հերթական այցի արդյունքներով։
Թուրքական լրատվամիջոցները ուշադրություն են դարձրել, որ Օջալանի ուղերձը բացի PKK-ի զինաթափումից, որևէ այլ պահանջ չի պարունակում։
Նախապես լուրեր էին շրջանառվում, որ PKK-ի լուծարման դիմաց Օջալանը կարող է ազատ արձակվել, բայց այսօրվա ուղերձում այդ մասին որևէ հիշատակում չկա։
Տեղադրություն
Civilnet










