Շատ ծանր տպավորություն են թողել Բաքվի դատարանի տեսանյութերը․ Արմեն Գրիգորյան

Շատ ծանր տպավորություն են թողել Բաքվի դատարանի տեսանյութերն ու լուսանկարները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի իշխանությունը Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմաքաղաքական ղեկավարությանն օր առաջ Հայաստան վերադարձնելու համար, Գրիգորյանը նշել է, որ կառավարությունն ամբողջ ընթացքում օգտագործել է հնարավոր գործիքները, որպեսզի ազատ արձակվեն Բաքվի կողմից հաստատված 23 գերիները։
«Հարցը շատ նուրբ է, և աշխատանքը, որ տարվում է այդ ուղղությամբ՝ ամենժամյա է, որպեսզի բոլոր գերիներն ազատ արձակվեն և վերադառնան Հայաստան»,- ասել է Գրիգորյանը։
Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո իշխանությունը բնականաբար չի աշխատում այն նույն ռեժիմով, ինչ մինչ այդ էր աշխատում։
«Մեզ բոլորիս մտահոգում է Ռուբեն Վարդանյանի հացադուլն ու խոշտանգման ենթարկվելը։ Մենք բոլորս աշխատում ենք այն ուղղությամբ, որ կարողանանք արդյունքի հասնել»,- նշել է Գրիգորյանը։
Ընդդիմադիր ուժերը մշտապես դժգոհություն են հայտնում, որ իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկում Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ։ Ինչպես նաև համարժեք չեն արձագանքում՝ ընդդեմ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ դատական ֆարսի։
Այսօր Երևանում բեղոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ ՀՀ ԱԳՆ-ի, Կառավարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ բոլոր հայ գերիներին և պահվող անձանց ազատ արձակելու կոչերով ու պահանջով։
Վերջին օրերին Հայաստանի իշխանության ներկայացուցիչները տարբեր հարթակներում բարձրաձայնում են Բաքվում պահվող բոլոր հայ գերիների ազատ արձակման, և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ ընթացող շինծու դատավարությունների հարցը։
Civilnet










