ՀՀ-ն պահանջել է Ադրբեջանին պարտավորեցնել՝ առավել մանրամասն տեղեկատվություն տրամադրել գերիների վերաբերյալ

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցնում է, որ 2021-2024-ին Հայաստանը միջպետական գանգատներ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության նպատակով:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 2025-ի հունվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացվել են այդ անձանց վերաբերյալ տեղեկություններ և լուսանկարներ, որոնք փոխանցվել են հարազատներին: Փետրվարի 27-ին Հայաստանը ներկայացրել է իր դիտարկումները՝ պահանջելով Ադրբեջանից առավել մանրամասն տեղեկատվություն: Միաժամանակ Դատարանի ուշադրությունը հրավիրվել է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող դատավարության խախտումների և նրա առողջական վիճակի վատթարացման վրա:
«Այս պահին ուժի մեջ են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 27-ի, նոյեմբերի 3-ի, դեկտեմբերի 11-ի և 23-ի, 2021-ի փետրվարի 17-ի, 2023-ի նոյեմբերի 21-ի և 2024-ի նոյեմբերի 6-ի որոշումները, որոնք ընդունվել են միջանկյալ միջոցի կիրառման ընթացակարգի շրջանակում և վերաբերում են, ի թիվս այլնի, գերեվարված անձանց, այդ թվում այս պահին Ադրբեջանում գտնվող աձանց իրավունքների պաշտպանությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նշում է նաև, որ շարունակում է ուժի մեջ մնալ նաև Արդարադատության միջազգային դատարանի 2021-ի դեկտեմբերի 7-ի որոշումը, որով Ադրբեջանը պարտավորվում է 2020-ի պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված անձանց պաշտպանել բռնությունից և ապահովել նրանց անվտանգությունը: 2022-ի հոկտեմբերի 12-ի որոշմամբ Դատարանն արձանագրել է Ադրբեջանի հանձնառությունը՝ կատարելու այս պարտավորությունները:
«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ Տեղեկացնում ենք, որ ըստ սահմանված ընթացակարգի Եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ»,- ասված է հայտարարության մեջ:
Civilnet










