Գլխավոր Լրահոս

Ի՞նչ են պայմանավորվել եվրոպացի առաջնորդներն Ուկրաինայի հարցով

Ի՞նչ են պայմանավորվել եվրոպացի առաջնորդներն Ուկրաինայի հարցով

Լոնդոնում՝ Ուկրաինայի հարցով գագաթնաժողովում, պատերազմը դադարեցնելու և երկիրը Ռուսաստանից պաշտպանելու նպատակով չորս կետից բաղկացած ծրագիր է ներկայացվել: Այս մասին գրում է BBC-ն։ 

Մարտի 2-ին Լոնդոնում մեկնարկել է Ուկրաինայի հարցով գագաթնաժողովը, որին մասնակցել են Ֆրանսիան, Լեհաստանը, Շվեդիան, Թուրքիան, Նորվեգիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Ռումինիան, Ֆինլանդիան, Իտալիան, Իսպանիան և Կանադան:

Առաջնորդների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը ներկայացրել է չորս կետից բաղկացած ծրագիրը՝

-շարունակել ռազմական օգնության հոսքը դեպի Ուկրաինա և շարունակել մեծացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա

-ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, և Ուկրաինան պետք է ներկա լինի խաղաղության բանակցություններին

-խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ամրապնդել Ուկրաինայի պաշտպանական կարողությունները՝ ապագա ներխուժումը կանխելու համար

-զարգացնել «կամեցողների կոալիցիա»՝ Ուկրաինայում պայմանավորվածությունը պաշտպանելու և հետագայում խաղաղությունը երաշխավորելու համար։

Սթարմերը նաև հայտարարել է Ուկրաինային 1,6 մլրդ ֆունտ ստեռլինգի (2 մլրդ դոլար) լրացուցիչ ֆինանսավորման մասին՝ ավելի քան 5,000 հակաօդային պաշտպանության հրթիռների ձեռքբերման համար: 

Այս գագաթնաժողովը տեղի է ունեցել Սպիտակ տանը Ուկրաինայի առաջնորդի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև լարված բանակցություններից երկու օր անց:

«Մենք բոլորս միասին աշխատում ենք Եվրոպայում Ամերիկայի հետ համագործակցության հիմք գտնելու համար՝ հանուն իրական խաղաղության և երաշխավորված անվտանգության»,- գագաթնաժողովից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Le Figaro թերթին հայտնել է, որ Փարիզը և Լոնդոնը ցանկանում են առաջարկել մեկամսյա զինադադար Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «օդում, ծովում և էներգետիկ ենթակառուցվածքների համար»:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է, որ այժմ հրատապ անհրաժեշտություն կա «վերազինել Եվրոպան»:

Նման տեսակետ է հայտնել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:

Պաշտոնական Մոսկվայի արձագանքը՝ Եվրոպայի քայլերին

«ԱՄՆ-ում իշխանության եկան մարդիկ, որոնք ուղղակիորեն ասում են, որ ցանկանում են վերջ տալ բոլոր պատերազմներին, ուզում են խաղաղություն, իսկ Եվրոպայում պահանջում են խնջույքի շարունակություն՝ պատերազմի տեսքով». այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Վերջին 500 տարիների ընթացքում աշխարհի բոլոր ողբերգությունները ծագել են Եվրոպայում կամ տեղի են ունեցել եվրոպական քաղաքականության շնորհիվ։ Գաղութացում, պատերազմներ, խաչակիրներ, Ղրիմի պատերազմ, Նապոլեոն, Առաջին համաշխարհային պատերազմ, Ադոլֆ Հիտլեր: Եթե ​​հետադարձ հայացքով նայեք պատմությանը, ապա ամերիկացիները ոչ մի բորբոքային, առավել ևս՝ հրահրող դեր չեն խաղացել»,- հայտարարել է Լավրովը։

Ըստ Ռուսաստանի գլխավոր դիվանագետի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ճիշտ է իրեն պահում»։

«Նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է ամեն ինչ։ Նա ասել է, որ դեռ վաղ է խոսել, թե երբ կլինի կարգավորումը», - նշել է Լավրովը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում