Գլխավոր Լրահոս

Ինը երկրպագու՝ ձերբակալված. ՀՖՖ-ի ու երկրպագուների կոնֆլիկտը շարունակվում է

Ինը երկրպագու՝ ձերբակալված. ՀՖՖ-ի ու երկրպագուների կոնֆլիկտը շարունակվում է

Սիրանուշ Ադամյան

Կիրակի Երևանում ֆուտբոլային ինը երկրպագու  ձերբակալվել ու կալանավորվել է 72 ժամով։ Նրանք ֆուտբոլային հանդիպման ժամանակ խաղադաշտ էին մտել՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ղեկավարության հրաժարականի պահանջով։ Երկրպագուների դեմ հարուցվել է քրեական վարույթ՝ խուլիգանության մեղադրանքով։ Երկրպագուների ՖԱՖ ճակատը (First Armenian Front, Առաջին հայկական ճակատ) հայտնում է, որ իրենց ակցիաները խաղաղ բնույթ են կրել, իսկ ՀՖՖ-ից ՍիվիլՆեթին փոխանցեցին, որ տեղի ունեցածը «աղերս չունի խաղաղ ակցիայի հետ»։

Ինչ է տեղի ունեցել

Մարտի 1-ին Հայայստանի Պրեմիեր լիգայի հերթական տուրի՝ ՓյունիկーԱրարատ-Արմենիա խաղի ժամանակ մի խումբ երկրպագուներ  խաղադաշտ են մտել՝ պահանջելով ՀՖՖ ղեկավարության հրաժարականը։

Ոստիկանները տեղում ձերբակալել են ակցիայի ինը մասնակցի, այնուհետև նրանք կալանավորվել են 72 ժամով։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ տեղի ունեցածի կապակցությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ խուլիգանության հատկանիշներով։

ՖԱՖ երկրպագուների ճակատը հայտնել է, որ իրենք նախապես հայտարարված,  խաղաղ ու ֆուտբոլային բնույթ կրող ակցիա են իրականացրել։ «Ոստիկանության հետ բանակցությունների ժամանակ ակցիայի մասնակիցները պատրաստակամություն են հայտնել լքել խաղադաշտը և հանդիպել Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար անձնակազմից որևէ մեկի հետ, ինչը մերժվել է ՀՖՖ ներկայացուցչի կողմից։ Դրանից հետո սկսվել է անհարկի ուժի կիրառումը»,- ասված է հայտարարությունում։

ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ ՀՖՖ-ից հայտնեցին, որ սպորտային միջոցառումը խանգարելը պետք է ստանա համապատասխան գնահատական։ 

«Մենք պետք է տարբերակենք բողոքի ակցիաներն ու այն իրավիճակը, որը հիմա ունենք։ Դա խուլիգանություն է։ Այդ իրադարձությունների ժամանակ ականատես ենք եղել, թե ինչպես է վնասվում մասնավոր գույքը, և դրանով արդեն զբաղվում է ՆԳՆ-ն։ Այս իրադարձությունները ոչ մի աղերս չունեն խաղաղ ակցիաների հետ»,- հայտնեցին ՀՖՖ-ից՝ շեշտելով, որ իրենք չեն բացառում երկրպագուների բողոքի ձայնի իրավունքը, սակայն վերջին դեպքերը հատում են թույլատրելիի բոլոր սահմաններն ու չեն կարող մնալ որպես անպատժելիության խորհրդանիշ։

ՖԱՖ-ի համահիմնադիր Սերգեյ Ջանջոյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ «սա Ֆեդերացիայի վերջին ճիգերն են». 

«Սա նրանց կողմից վերջին ծայրահեղ միջոցներն են՝ փորձելու մնալ աթոռին։ 72 ժամով կալանավորելը մեզ համար ևս աբսուրդ է։ Այսքան տարի ֆուտբոլի մեջ ենք, նման բան չենք տեսել ոչ այստեղ, ոչ դրսում»,- ասում է Ջանջոյանը՝ հավելելով, որ հետագա ակցիաների մասին կխոսեն, երբ արդեն երկրպագուներն ազատության մեջ լինեն։

Հայկական ակումբներից միայն «Ուրարտու» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբներն են անդրադարձել ձերբակալություններին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել  երկրպագուներին:

ՀՖՖ գործադիր կոմիտեի հրաժարական ներկայացրած անդամ Կարեն Շաբոյանը տեղի ունեցածի ֆոնին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հրաժարվում է ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամի պաշտոնից։ «Հանդիսանալով ՖԱՖ-ի հիմնադիր անդամ՝ 18 տարվա ընթացքում ես երբեք չեմ հանդիպել նման վերաբերմունքի… Առաջարկել եմ ՀՖՖ ղեկավարությանը հանդիպել երկրպագուների հետ, անկեղծորեն քննարկել ստեղծված խնդիրները և ֆիքսել հստակ ժամանակացույց՝ ընթացիկ ծրագրերը ավարտին հասցնելու և անցնցում հեռանալու համար։ Ցավոք, այս առաջարկը չի ընդունվել»։

Հրաժարականի պահանջով ակցիաների նախապատմություն

2024-ի հոկտեմբերի 14-ին Մակեդոնիայի դեմ Հայաստանի հավաքականի կրած պարտությունից ու հավաքականի գլխավոր մարզչի հրաժարականից  հետո ՖԱՖ-ի անդամները սկսեցին պահանջել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Պահանջին միացել էին Արարատ-Արմենիա, Փյունիկ, Ուրարտու, Շիրակ ֆուտբոլային ակումբների երկրպագունական տարբեր խմբեր։ Երկրպագուներն ակցիաներ էին իրականացնում՝ ընդհատելով Հայաստանի Պրեմիեր  Լիգայի տարբեր հանդիպումներ։

Տե՛ս նաև՝ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջ. ի՞նչ են ասում կողմերը

Այս տարվա փետրվարի 28-ին ՖԱՖ-ը հայտարարեց, որ  Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների բոլոր ֆան շարժումները վերսկսում են ՀՖՖ-ի նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները Պրեմիեր լիգայի, Հայաստանի գավաթի և այլ խաղերին, ընդհուպ մինչև խաղերի չեղարկում։ 

Նույն օրը ակցիայի իրականացման պատճառով ընդհատվեց ու չեղարկվեց ԳանձասարーԱրարատ հանդիպումը, մարտի 1-ին էլ ընդհատվեցին ՎանーԱլաշկերտ ու ՓյունիկーԱրարատ-Արմենիա հանդիպումները։ Մարտի 1-ին ՀՖՖ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ կապված երկրպագուների՝ ԳանձասարーԱրարատ հանդիպումը ընդհատելու հետ։ ՀՖՖ-ն  շեշտում էր, որ նմանատիպ վարքագծի կրկնվելու դեպքում` իրավապահ մարմինների հետ համատեղ ստիպված կլինեն ձեռնարկել օրենքով սահմանված կարգով միջոցառումները՝ հանդիպումների բնականոն ընթացքն ապահովելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում