Թրամփը դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային՝ անցյալ շաբաթ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Օվալաձև աշխատասենյակի թեժ վեճից հետո։ Այս մասին CNN-ին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան։
«Նախագահը հստակ է արտահայտվել, որ նա կենտրոնացած է խաղաղության վրա: Մեզ անհրաժեշտ է, որ մեր գործընկերները նույնպես նվիրված լինեն այդ նպատակին: Մենք դադարեցնում և վերանայում ենք մեր օգնությունը՝ համոզվելու համար, որ այն նպաստում է լուծմանը»,- ասել է Սպիտակ տան պաշտոնյան:
Ռազմական օգնության կասեցումը հիմնականում վերաբերում է Բայդենի վարչակազմի կողմից նախկինում հաստատված օգնությանը։
CNN-ը գրում է, որ ԱՄՆ-ի ռազմական օգնության դադարեցումը քայլ է, որը կարող է իրական հետևանքներ ունենալ հակամարտության հավասարակշռության համար և ամրապնդել Պուտինի դիրքերը:
Լրատվամիջոցին Սպիտակ տան պաշտոնյաներն ասել են, որ ԱՄՆ աջակցության դադարից հետո Ուկրաինան հավանաբար կկարողանա պահպանել իր ներկայիս մարտական տեմպը մի քանի շաբաթ՝ գուցե մինչև ամռան սկիզբ: Բայդենի վարչակազմը հասցրել էր զենքի առաքումներն Ուկրաինա՝ իր պաշտոնավարման վերջին օրերին՝ երկրին ապահովելով առաջադեմ զենքի մեծ պաշարներով:
BBC-ն գրում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի երեք տարիների ընթացքում ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է ավելի քան 180 միլիարդ դոլար (140 միլիարդ ֆունտ ստեռլինգ) ընդհանուր օգնություն է տրամադրել Ուկրաինային:
Կա նաև բյուջետային օգնություն, որը հիմնականում տրամադրվում է Համաշխարհային բանկի հավատարմագրային հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, որը կտրուկ կրճատվել է Թրամփի վարչակազմի կողմից:
Այս ֆինանսավորման մի մասն օգնում է Ուկրաինային վճարել ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը:
Civilnet










