ԱՄՆ ռազմական օգնության դադարեցումը կարող է Կիևին դրդել խաղաղ գործընթացի․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ ԱՄՆ-ից Ուկրաինա ռազմական օգնության դադարեցումը կարող է լավագույն ներդրումը լինել խաղաղության համար։ «Կոմերսանտ»-ի հաղորդմամբ, մամուլի ասուլիսի ժամանակ Պեսկովն ասել է, որ Ուկրաինան զենքի ամենամեծ բաժինը ստացել է ԱՄՆ-ից։
«Իհարկե, պետք է մանրամասներին ծանոթանալ։ Բայց եթե դա ճիշտ է, ապա սա որոշում է, որը կարող է իսկապես Կիևի ռեժիմին դրդել խաղաղ գործընթացի»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային՝ անցյալ շաբաթ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Օվալաձև աշխատասենյակի թեժ վեճից հետո։ Այս մասին CNN-ին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան։
Լրատվամիջոցին Սպիտակ տան պաշտոնյաներն ասել են, որ ԱՄՆ աջակցության դադարից հետո Ուկրաինան հավանաբար կկարողանա պահպանել իր ներկայիս մարտական տեմպը մի քանի շաբաթ՝ գուցե մինչև ամռան սկիզբ:
ԱՄՆ-ի և Ուկրաինայի հարաբերությունները վատթարացել են փետրվարի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Վաշինգտոն կատարած այցից հետո։ Դոնալդ Թրամփի հետ նրա հանդիպումըվերածվել էր վեճի, իսկ հետո վաղաժամ ավարտվել՝ ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ տարբեր դիրքորոշումների պատճառով։ Այս ֆոնին Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջ են քաշել կարգավորման իրենց ծրագիրը, որը նախատեսում է շարունակական ռազմական աջակցություն Ուկրաինային։
Civilnet










