Գլխավոր Լրահոս

Անկարան երբեք հիմնարար քայլերի չի գնա. Ջենգիզ Աքթարը՝ Օջալանի կոչից ակնկալիքների մասին 

Անկարան երբեք հիմնարար քայլերի չի գնա. Ջենգիզ Աքթարը՝ Օջալանի կոչից ակնկալիքների մասին 

Կարեն Հարությունյան

Անկարան կարող է բարի կամքի որոշ ժեստեր անել, բայց ոչ երբեք՝ հիմնարար քայլեր, որոնք կապահովեն հավասար քաղաքացիության համար սահմանադրական, իրավական և քաղաքական պայմաններ քրդերի համար. ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել թուրք հայտնի այլախոհ մտավորական և քաղաքագետ Ջենգիզ Աքթարը։ 

Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հիմնադիր Աբդուլլահ Օջալանը, որը բանտարկված է մոտ 25 տարի, փետրվարի 27-ին նամակ է հղել՝ ՔԱԿ-ին կոչ անելով զենքը վայր դնել և ինքնալուծարվել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է այդ հայտարարությունը՝ համարելով «պատմական քայլ՝ ահաբեկչությունից դեպի ազատ Թուրքիա»։

Օջալանը հայտարարության մեջ նշել է, որ ՔԱԿ-ն «իրեն սպառել է» և  քաղաքական զինված այդ կազմակերպությանը կոչ է արել համագումար հրավիրել և նման որոշում կայացնել։ Դրանով Օջալանը կարծես ազդարարել է տասնամյակներ տևող հակամարտության ավարտը, որի հետևանքով մոտ 50,000 մարդ է զոհվել, որից 40,000-ը՝ քուրդ։ Օջալանի պնդմամբ՝ քաղաքական ներկա միջավայրը նպաստավոր է խաղաղության համար, և դիմադրության ձևն այլևս արդիական չէ։ 

Աքթարը, որը հայտնի է Թուրքիայի քաղաքականության և փոքրամասնությունների իրավունքների իր վերլուծական գործունեությամբ, Օջալանի կոչից մեծ ակնկալիքներ չունի։ Ըստ նրա՝ Օջալանի զինաթափման կոչը պետք է դիտարկել թուրքական պետական ռազմավարության ավելի լայն համատեքստում։ 1999-ին Օջալանի ձերբակալումից և 2000-ին բանտարկումից հետո Անկարան նրան դիմել է երեք անգամ՝ 2000-2004, 2007-2011 և 2013-2015 թթ․ և միշտ հետապնդել է նույն նպատակը՝ ճնշել Օջալանին՝ դադարեցնելու զինված պայքարը և ճնշում գործադրել ՔԱԿ-ի վրա՝ նրա վերջնական լուծարման համար։ «Օջալանի նամակի հետևում կանգնած պատասխանատու մարմինն ավելի շատ Անկարան է, քան հեղինակը»,- պնդում է Աքթարը՝ նշելով, որ իսկական բանակցությունները պահանջում են ազատ և հավասար գործընկերային միջավայր, մի պայման, որն այդ դեպքում բացակայում է։

Իր նախկին նախաձեռնություններում Օջալանը քրդական հարցի լուծումը պայմանավորել է ՔԱԿ-ի ապառազմականացման գործընթացով՝ առաջարկելով [գործողությունների] ամբողջական շրջանակ։ Սակայն, ներկայիս գործընթացում կա հստակ շեղում այդ մոտեցումից։ «ՔԱԿ-ի զինաթափման և քրդական հարցի որևէ կայուն լուծման միջև կապ չկա»,- բացատրում է Աքթարը՝ նշելով,  որ նոր կոչը ենթադրում է՝ քրդական հարցը կլուծվի աղոտ սահմանված և անհավանական «ժողովրդավարական հանրապետության» շրջանակներում՝ առանց սահմանելու իրական հավասարության համար անհրաժեշտ կառուցվածքային փոփոխությունները։

Օջալանի կոչին արձագանքները ոչ միանշանակ էին։ Էրդողանը ողջունեց հայտարարությունը, մինչդեռ Թուրքիայի կենտրոնամետ ազգայնական «Լավ» կուսակցությունը կասկած հայտնեց՝ ակնարկելով թաքնված դրդապատճառների մասին։ Սիրիական դեմոկրատական ուժերը (SDF), որոնք [ենթադրաբար] կապված են ՔԱԿ-ի հետ, աջակցություն հայտնեցին Օջալանի զինաթափման մասին կոչին՝ բայց պարզաբանեցին, որ այն չի վերաբերում իրենց ուժերին Սիրիայում։ Իրաքի Քրդստանի նախագահ Նեչիրվա Բարզանին ողջունեց կոչը՝ անգամ առաջարկելով օգնություն խաղաղության գործընթացում։

Աքթարը Օջալանի կոչը դիտում է ավելի լայն աշխարհաքաղաքական պատկերում։ Անկարայի վերջնական նպատակը, ըստ նրա, Հյուսիսային և Արևելյան Սիրիայի Ինքնավար Վարչակազմի (AANES) մոտ 100,000-ոց՝ ՆԱՏՕ-ի պատրաստած բանակի լուծարումն է։ Չնայած Օջալանի նամակը չի անդրադառնում այս հարցին, SDF-ի հրամանատար Մազլում Աբդին նշել է, որ կոչը վերաբերում է միայն Թուրքիային։ Միևնույն ժամանակ, AANES-ի և Սիրիայի նոր իշխանությունների միջև բանակցություններ են ընթանում քրդական ուժերը սիրիական բանակին ինտեգրելու հարցի վերաբերյալ։ Մի գործընթաց, որին Անկարան դեմ է։

Ինչ վերաբերում է Օջալանի հետ կապերում Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի ներգրավվածությանը, Աքթարը չի կիսում այն գաղափարը, որ Բահչելին գործել է անկախ։ «Բահչելիի միակողմանի քայլը մատնանշող ենթադրություններն անիմաստ են, հաշվի առնելով նրա և Էրդողանի միջև ժայռի պես ամուր կապը»,- ասում է նա։ Չնայած Օջալանի հայտարարությանը, ո՛չ Ազգանական շարժում կուսակցությունը, ո՛չ էլ Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) չեն հրաժարվել իրենց ձուլման դիրքորոշումից։ Աքթարի խոսքով՝ Թուրքիայի քրդերը կարող են դառնալ «առաջին կարգի քաղաքացիներ» միայն այն դեպքում, եթե ընդունեն ձուլումը։

Աքթարը խիստ թերահավատ է նաև ժողովրդավարական որևէ հնարավոր առաջընթացի հարցում։ «Թե՛ քաղաքական տեսության մեջ, թե՛ գործնականում, մենք չենք տեսել ավտորիտար կամ տոտալիտար որևէ վարչակարգ, որն ընթանա դեպի ժողովրդավարություն»,- նշում է նա։ Թուրքական վարչակարգի ավտորիտար բնույթը և նրա աջակցության բազայի բնութագրիչները անհավանական են դարձնում ժողովրդավարացման հեռանկարը։ Պատմականորեն, քրդական հարցը եղել է Թուրքիայի ժողովրդավարացման հիմնական խոչընդոտը, բայց ներկայիս գործընթացը ժողովրդավարական առաջընթացի հեռանկար չունի, կարծում է Աքթարը։ 

Աքթարի  խոսքով՝ Թուրքիայի քաղաքական արմատացած հարացույցում մերժված են  ոչ մուսուլման և ոչ թուրք քաղաքացիների հավասար իրավունքները։

Կարդացե՛ք նաև․ Թաներ Աքչամ. Ինչպե՞ս պետք է մեկնաբանել Օջալանի խաղաղության կոչը

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում