Գլխավոր Լրահոս

Ինչպե՞ս մեկնաբանել Օջալանի խաղաղության կոչը

Ինչպե՞ս մեկնաբանել Օջալանի խաղաղության կոչը

Թաներ Աքչամ

Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) բանտարկված ղեկավար Աբդուլլահ Օջալանը պատմական կոչ արեց` հայտարարելով, որ ՔԱԿ-ը՝ Սառը պատերազմի ժամանակաշրջանում ծնված մարտական քաղաքական կազմակերպությունը, հասել է կյանքի մայրամուտին և պետք է համագումար հրավիրի զինված պայքարը դադարեցնելու և ինքնալուծարվելու համար: Թուրքիայի հաջորդական կառավարությունների հիմնական քաղաքականությունը եղել է երկրի քրդական մեծաթիվ փոքրամասնության տեղի ու դերի սահմանափակումն ու անգամ գոյության ժխտումը, ինչը հանգեցրել է քրդերի նկատմամբ կառավարության նախաձեռնած բռնություններին (հետևաբար՝ նաև պատասխան հարվածների) ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրանից դուրս: Հետևապես, բոլոր կողմերի և տարածաշրջանի համար պատմական այսօրինակ փոխակերպման խոստումը պետք է ուսումնասիրել և հասկանալ այսօրվանից սկսած՝ այդ փոփոխության վաղ օրերին:

Եթե ՔԱԿ-ը համաձայնել է (պետք է ենթադրել, որ արդեն համաձայնել է, այլապես այս կոչը չէր արվի), ապա 1984-ին սկսված ամենաերկար և ամենամեծ քրդական ապստամբությունը ավարտվում է: Օջալանի հայտարարությունը կարելի է մեկնաբանել երեք տարբեր ձևով։

Առաջին մեկնաբանությունը խնդիրը որպես բանակցություն կամ առևտուր դիտարկելու մասին է: Ըստ այդմ՝ պետությունը «գրեթե ոչինչ չտվեց», իսկ Օջալանը (և ՔԱԿ-ը) հանձնվեցին «առանց որևէ բան ստանալու»: Նրանք, ովքեր այս հարցին մոտենում են գործարքային այդ մտածելակերպով, կարծում են, որ, կոպիտ ասած, «ապրանքը չափազանց էժան վաճառվեց»: Ոմանք սա անվանում են անվերապահ անձնատվություն: Այս խումբը մատնանշում է Էրդողանի վարչակարգի՝ վերջերս սկսած բռնաճնշումների քաղաքականությունը, ինչպիսին է վստահորդների նշանակումը՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված և բանտարկված (քուրդ) քաղաքապետների փոխարեն, և զանգվածային ձերբակալությունները։ Այս խումբը պնդում է, որ գործընթացը ոչ թե կհանգեցնի ժողովրդավարացման, այլ ավելի շուտ կտանի Էրդողանի բռնապետության ամրապնդման:

Օջալանի կոչի մյուս մեկնաբանությունը նույնպես բխում է «բանակցության» գաղափարից, սակայն հավելյալ այլ փաստարկներ ունի: Ըստ այդմ՝ պետությունը գործընթացը նպատակադրված ձևագծել է երկու շերտով, որպեսզի այն կողմերի միջև ուղղակի «բանակցություն» չընկալվի: Մակերեսի շերտում կրկնվում է «թուրք-քրդական եղբայրության» մասին անորոշ և լայնանշանակ հռետորաբանությունը, իսկ ետնաբեմում դեռ բանակցության տիպի քննարկումներ են ընթանում: Եթե անգամ այս քննարկումները չեն անցկացվել սովորական «բանակցության» ձևով, քրդական կողմը (ՔԱԿ) պետք է որոշակի երաշխիքներ ստացած լիներ Օջալանի կոչին իր հավատարմության մասին հայտարարելու համար: Նրանք, ովքեր հակված են այս տեսակետին, կարծում են, որ իրականում շրջանակային համաձայնություն է ձեռք բերվել: Օջալանը ևս իր հայտարարությունն արել է՝ իմանալով, որ ընդհանուր այդ շրջանակը համաձայնեցված է, և որ ՔԱԿ-ը կհետևի դրան:

Որո՞նք են համաձայնության դրույթները, որ Օջալանին համոզել են, թե ՔԱԿ-ը կհետևի իր առաջարկին: Հենց դա է հիմնական խնդիրը. ոչ ոք տեղեկություն չի տալիս, թե այս բանակցություններում կոնկրետ ինչ է համաձայնեցվել: Նրանք, ովքեր գործընթացի առաջնագծում են, կա՛մ իրոք չգիտեն, կա՛մ խիստ գաղտնապահ են՝ լռության անհողդողդ երդմամբ։ Ելնելով լրատվականների հրպարակումներից՝ միակ կոնկրետ տեղեկատվությունը ես կարողացա գտնել Քրդստանի կուսակցություն (PAKURD) կոչվող քրդական կազմակերպության հիմնադիր ղեկավար Իբրահիմ Հալիլ Բարանի ելույթում: Յութուբի իր էջում Բարանը հիշատակում էր «Ճարմանդի ռազմավարությունը», որը, ըստ նրա, կողմերի միջև համաձայնեցված մոտեցումն է: Այս գաղափարի հիմքում ընկած է քայլ առ քայլ գործընթացը՝ մեկ քայլ պետության կողմից, մեկ քայլ՝ կազմակերպության: Այս տեսանկյունից, Օջալանը, թվում է, գործընթացում ավելի շատ հանդես է գալիս որպես միջնորդ:

Հայտարարությունը մեկնաբանելու երրորդ տարբերակը կա: Դա տարածված մեկնաբանություն չէ, բայց կարծում եմ՝ համաձայն եմ դրան: Ըստ այդմ՝ եթե անգամ արվում են միակողմանի և առանց որևէ շոշափելի հատուցման զիջումներ, ՔԱԿ-ի զինված պայքարի ավարտը և որպես կազմակերպություն լուծարումը թուրքական հասարակության համար ամենամեծ նվերն են դեպի ժողովրդավարություն։ Ժողովրդավարացման հիմնական և նշանակալից խոչընդոտներից մեկը եղել է «զինված պայքարի» կամ «ահաբեկչության» հարացույցը, որը սրվակի խցանի պես արգելափակել է առաջընթացը: Ինչպես Օջալանն է ասել, գործնական օգուտներ չտվող զինված պայքարի ավարտն այնքան նշանակալից ձեռքբերում է, որ անէական է դառնում «ի՞նչ ստացանք փոխարենը» հարցը:

Բացի այդ, նույնիսկ եթե ՔԱԿ-ն ինքնալուծարվի որպես կազմակերպություն, այն կշարունակի գոյություն ունենալ ի դեմս թուրքական քրդամետ ԴԵՄ (Demokratik Eşitlik Partisi) քաղաքական կուսակցության կամ Թուրքիայի այլ քաղաքացիական կառույցների միջոցով: Ուստի, երբ այս խոչընդոտը վերացվի, նրանք, ովքեր պնդում են, թե «ոչինչ ձեռք չի բերվել», շուտով կհասկանան, որ իրավունքները կարող են ապահովվել քաղաքացիական հասարակության ակտիվիզմի միջոցով: Նաև թվում է, թե ՔԱԿ-ը (և Օջալանը) հավաստիացումներ են ստացել իրենց ակնկալիքների վերաբերյալ:

Բարանն անցյալ տարի եթերներից մեկում ասել էր, որ իրականում կողմերի միջև քննարկվել է 60 հոդվածից բաղկացած փաստաթուղթ: Սկզբում ՔԱԿ-ը գոհ չէր պայմաններից, սակայն ժամանակի ընթացքում, հատկապես Սիրիայում վերջին զարգացումներից հետո թերևս մտափոխվել է: Բարանը համաձայնեցված դրույթները դասակարգել է երեք հիմնական վերնագրերի ներքո և հատուկ նշել, որ այդ տեղեկությունները ստացել է ՔԱԿ-ի աղբյուրներից:

Ըստ դրա, նախ, ՔԱԿ-ը զենքն անմիջապես վայր չի դնելու, այլ դուրս է գալու որոշակի շրջաններից: Հայտնի է, որ դուրսբերման վայրի և լոգիստիկ մանրամասների վերաբերյալ քննարկումներ են եղել Քրդստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Մասուդ Բարզանիի հետ և որոշ համաձայնություններ են ձեռք բերվել:

Երկրորդ հիմնական կետով առաջարկվում է առանցքային համաձայնության գալ փոփոխելու Թուրքիայի Սահմանադրության 66-րդ հոդվածը, որն ամրագրում է՝ «Թուրքական պետության հետ քաղաքացիությամբ կապված յուրաքանչյուր ոք թուրք է»: Ակնկալվում է, որ այս փոփոխությունը ճանապարհ կհարթի բոլոր քաղաքացիների իրավահավասարության սկզբունքի համար: Համաձայնության երրորդ հիմնական կետը, թվում է, մայրենի լեզվով դասավանդման արտոնումն է, ինչը թույլ կտա քրդերենի ավելի լայն օգտագործումը կրթության մեջ: Չորրորդ կետը վերաբերում է մասնակի իրավակարգավորումներին, որոնք կտանեն համաներման: Սկզբում կներկայացվի պատժի մեղմացման օրենք, և ակնկալվում է, որ գործընթացը կավարտվի ընդհանուր համաներմամբ:

Հաշվի առնելով, թե դարակազմիկ ինչ փոփոխություններ կբերեն այս գաղափարները՝ պետք է նշել, որ դրանք հստակ սահմանված համաձայնություններ չեն, այլ ավելի շուտ ընդհանուր ըմբռնումներ և ուղղություններ են Բարանի ձևակերպած «Ճարմանդի ռազմավարությունում»՝ կազմակերպությունը մեկ քայլ է անում, որին հետևում է պետության քայլը, իսկ Օջալանը հանդես է գալիս որպես միջնորդ:

Օջալանի հայտարարությունում չէր հիշատակվում Սիրիան կամ Ռոժավան, ինչը պատահական չէ: Դա նրանից է, որ տարածաշրջանում քաղաքական բազմաթիվ դերակատարներ կան, և Սիրիան իր յուրօրինակ դինամիկան ունի: Երեք տարբեր սեղան կա՝ Թուրքիա և ԱՄՆ, քրդեր և Դամասկոս, Թուրքիա և Դամասկոս, որոնց շուրջ էլ չորս կողմերի միջև տեղի են ունենում երեք առանձին բանակցություններ:

Այնուամենայնիվ, այս գործընթացում էական մի հակասություն է մնում: Մի կողմից խոսվում է խաղաղության և քրդական հարցի լուծման մասին, մյուս կողմից՝ նշանակված վստահորդները շարունակում են փոխարինել ընտրված ղեկավարներին, և քաղաքական հալածանքների մթնոլորտը պահպանվում է: Քաղաքապետները և պաշտոնյաները, արվեստագետները, գրողները և Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) հետ կապված բազմաթիվ քաղաքական ակտիվիստներ՝ Էրդողանի ընդդիմությունը, բռնությունների հետ երբեք կապ չունեցած մարդիկ ձերբակալվում և կալանավորվում են: Երկրում վախի և ճնշման համակ մթնոլորտ է: Ձերբակալությունների ծավալն այնքան մեծ է, որ դրանք իրավամբ կարելի է անվանել «քաղաքացիական հեղաշրջում»:

Ինչպե՞ս բացատրել ակնհայտ այս հակասությունը՝ մի կողմից քաղաքական բռնաճնշումներ, մյուս կողմից՝ խաղաղության բանակցություններ: Այս թեմայի շուրջ զրույցներում մինչ այժմ ես կարող եմ առանձնացնել երեք տարբեր բացատրություն:

Առաջին բացատրությունը՝ Էրդողանը բավարարված չէ գործընթացով, և այս զարգացումները պետության ներսում պառակտման ազդանշան են: Պետության ներսում մի խումբ աջակցում է այս ծրագրին, և Էրդողանը, չկարողանալով բացահայտ դիմադրել դրան, փորձում է խոչընդոտել անուղղակի միջոցներով: Նրա գլխավոր առաջնահերթությունն իր իշխանության դիրքերի ապահովումն է, և նա խնդիր է տեսնում այդօրինակ երկարաժամկետ ռազմավարական ծրագրերում:

Երկրորդ հնարավոր բացատրությունն այն է, որ պետությունը դասեր է քաղել 2013-ի խաղաղության առաջին գործընթացի ժամանակվա իր սխալներից: Այն ժամանակ նա չկարողացավ վերահսկել գործընթացը, և արդյունքում ՔԱԿ-ը, ըստ հրապարակումների, պատրաստվեց ապստամբության՝ քաղաքներում կուտակելով զենք: Ըստ այս տեսակետի՝ 2015-ի ՔԱԿ-ի ապստամբության պատճառները խաղաղության բանակցությունների ընթացքում դրված այս հիմքերն էին: Հետևաբար, պետությունն այժմ շատ ավելի զգույշ մոտեցում է որդեգրում՝ ընտրելով ոչ թե լարվածության թուլացումը, այլ վերահսկողության ուժեղացումը: Այս հակասությունը ենթադրաբար կմարի ժամանակի ընթացքում:

Երրորդ բացատրությունը հետևյալն է. պետությունը հասարակության և ընդդիմադիր ուժերի նկատմամբ դիտավորյալ ծայրահեղ ճնշում է գործադրում, որպեսզի Օջալանի ծրագրին այլընտրանք չառաջանա: Այլ կերպ ասած՝ ճնշումը Օջալանին որպես միակ հնարավոր տարբերակ ներկայացնելու ռազմավարություն է: Թուրքական ասացվածք կա՝ «ցույց տուր մահը, որպեսզի ընդունեն տենդախտը»: Ճնշման ուժեղացման («մահվան» սցենար) նպատակն է Օջալանի առաջարկած ճանապարհային քարտեզին ընդդիմացողներին ստիպել ընդունել դա որպես չարյաց փոքրագույն («տենդախտի» սցենար):

Մենք կոնկրետ տեղեկատվություն չունենք, թե որ մեկնաբանությունն է ճիշտ: Մենք պարզապես ենթադրություններ ենք անում: Սակայն հստակ այս հակասությունը որոշ մարդկանց ստիպում է պնդել, որ ժողովրդավարության և քրդական հարցի լուծման միջև վիհը խորանում է: Ըստ այս տեսակետի՝ Էրդողանը փորձում է լուծել քրդական հարցը՝ առանց ժողովրդավարության փականները բացելու: Նա կարող է որոշակի իրավունքներ շնորհել քրդերին, սակայն այդ իրավունքները կպայմանավորի իր վերընտրության հետ՝ դրանով իսկ ապահովելով իր ավտորիտար վարչակարգի շարունակությունը: Նայելով կառավարության հակաժողովրդավարական վերջին գործողություններին՝ գաղափարը, որ քրդական հարցը կարող է լուծվել առանց ժողովրդավարական բարեփոխումների, իրատեսական հնարավորություն չի թվում: Որևէ հարց չի կարող լուծվել առանց գործող իրավական համակարգում փոփոխությունների. դա այնքան պարզ է: Այլ կերպ ասած, եթե ժողովրդավարական քայլեր չձեռնարկվեն (ինչպիսին է Սահմանադրության 66-րդ հոդվածի փոփոխությունը կամ մայրենի լեզվով կրթության իրավունքի շնորհումը), որևէ հարց չի լուծվի:

Ամփոփելով՝ խաղաղության մասին խոսելն ավելի լավ է, քան պատերազմելը: Թեև զինված պայքարի ավարտը, ՔԱԿ-ի լուծարումը իր ներկայիս ձևով ու նոր քաղաքական շարժման ներքո անցումը քաղաքացիական խաղաղ կյանքին (ինչպիսին ԴԵՄ-ի ներսում է) կարող է երկար ժամանակ տևել, բայց այդ ամենը ինչպես Թուրքիայի, այնպես էլ տարածաշրջանի համար նոր դարաշրջանի սկիզբ կնշանավորի:

Պրոֆեսոր Թաներ Աքչամը Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի (UCLA) «Փրոմիս» հայկական ինստիտուտի (Promise Armenian Institute) Հայոց ցեղասպանության հետազոտական ծրագրի առաջին տնօրենն է: Ավելի վաղ նա Քլարկի համալսարանում Սթրասլեր Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնում (Strassler Center for Holocaust and Genocide Studies) ղեկավարել է Գալուստեան/Մուգար ժամանակակից հայոց պատմության և ցեղասպանության ամբիոնը:

Թարգմանությունը՝ Կարեն Հարությունյանի

Հոդվածի անգլերեն բնօրինակը՝ How should Öcalan’s call for peace be interpreted?

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում