Գլխավոր Լրահոս

ԿԽՄԿ-ն փակելով՝ Ադրբեջանը ձգտում է ամբողջական մեկուսացման մեջ պահել հայ գերիներին․ Սիրանուշ Սահակյան

ԿԽՄԿ-ն փակելով՝ Ադրբեջանը ձգտում է ամբողջական մեկուսացման մեջ պահել հայ գերիներին․ Սիրանուշ Սահակյան

Միջազգային հասարակական կառույցներից ստացված մեր տեղեկության հիման վրա կարող ենք հաստատել, որ Ադրբեջանում մեկնարկել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցման գործընթացը։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնել է իրավապաշտպան, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:

«‎Ադրբեջանը ստեղծել է մի նարատիվ, որ կոնֆլիկտը լուծված է, կոնֆլիկտով պայմանավորված մարդասիրական խնդիրները լուծված են, Ադրբեջանն ունի մարդու իրավունքների հարցերով զբաղվող կառույցներ, և սեփական ուժերով կարող է հանգուցալուծել իրավիճակը։ Եվ նման պայմաններում օտարերկրյա կառույցների ներկայությունը ցանկալի չէ։ Այսպիսով ամբողջական մեկուսացման մեջ է ուզում պահել հայերին, ինչու ոչ՝ նաև սեփական քաղաքացիներին»,- ասաց Սահակյանը։

Իրավապաշտպանի խոսքով, Ադրբեջանն առ այսօր չի ապահովել հայ պատանդների պահման պայմանները միջազգային չափորոշիչներին համապատասխան։ Որևէ հայ պատանդ իրավունք չի ունեցել տեսակցել իր ընտանիքի անդամների հետ, նրանք զրկված են եղել անգամ փաստաբաններին տեսակցելու հնարավորությունից։ 

Ներկայացնելով հայրենադարձված գերիների վկայությունները, Սահակյանը նշում է, որ հայերը Բաքվի բանտերում այնպիսի անմարդկային պայմաններում են պահվում, ինչի նկարագրությունն անգամ դասագրքերում կամ դատական նախադեպերում չես կարող ընթերցել։ 

«Անգամ տարրական հիգիենիկ պայմաններից զրկված են եղել, ջրից և սննդից են զրկված եղել։ Նույնիսկ ձմռան ցրտին պահել են սառը վայրերում, թրջել են ջրով, որպեսզի այդ սառնության զգացողությունը հավելյալ տառապանք պատճառի»,- ասաց Սահակյանը։  

Սահակյանը համադրելով հայրենադարձվածի վկայությունը Ռուբեն Վարդանյանի հայտարարության հետ, նկատում է, որ օրինաչափություններ կան՝ չթույլատրել նստել, չթույլատրել պառկել, ստիպել կանգնած մնալ տևական ժամանակ։ Դաժանության այս մեթոդները Բաքվի բանտում կիրառվել է նաև հայրենադարձվածների նկատմամբ։

«Գերիների նկատմամբ կտտանքների հանգամանքը մեզ հայտնի է նախ հայրենադարձվածների վկայությունների միջոցով, բացի այդ ունենք ավարտված դատական գործեր, որտեղ դրանք հիմնավորված են։ Գերիների խոշտանգելու պրակտիկան Ադրբեջանում չէր կարող վերանալ։ Այստեղ ատելության հանգամանքը նշանակություն ունի, ու քանի դեռ չի վերանայվել պետական քաղաքականությունը, դա շարունակական բնույթ է կրում»,- ասաց Սահակյանը։

Իրավապաշտպանը հետաքրքրական է համարում, որ Ադրբեջանը լուսանկարների միջոցով ցուցադրում է խոշտանգվածներին, և այդ լուսանկարներում կան խոշտանգման ակնհայտ տարրեր։ Նրա խոսքով, մարդու իրավունքների ստանդարտները շատ հստակ են, եթե անձն առանց վնասվածքների և պատշատ առողջական վիճակում հայտնվում է փակ հաստատությունում, ապա նրա վրա հայտնված վնասվածքների հետքն ընկնում է պետության վրա, և պետությունը պետք է բացատրի դրանց հայտնվելու պատճառները։ Հակառակ դեպքում գործում է խոշտանգման հանգամանքը։

«Մենք տեսանք, որ Ռուբեն Վարդանյանը` գլխի տեսանելի հատվածներում ունենալով վնասվածքներ, հայտնվեց դատական նիստերի դահլիճում, և այսպես կոչված արդարադատություն իրականացնող դատարանը որևէ միջոց չձեռնարկեց այդ հանգամանքները պատշած քննության արժանացնելու ուղղությամբ։ 

Սա նշանակում է, որ Ադրբեջանը բացահայտ ցուցադրականություն է դրսևորում խոշտանգումների հարցում, և մենք գործ ունենք հայերի ստորացման հրապարակային գործընթացի հետ։ Ադրբեջանի ուղերձն այս դատավարությունների միջոցով այն է, որ հայերն իրավազուրկ են, և հայերը միջազգայնորեն պաշտպանված չեն»,- ընդգծեց Սահակյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում