Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նոր հանդիպում է նախապատրաստվում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևն ու Վաշինգտոնն աշխատում են նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Գրում է ՌԲԿ Ուկրաինան։
Զելենսկու այս հայտարարությանը նախորդել էր տեղեկությունը, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակումը։
Ուկրաինայի նախագահն ասել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում «դրական տեղաշարժ» կա։
Զելենսկին հայտնել է, որ իր աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հեռախոսով խոսել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցի հետ, և բանակցությունները հաջորդ շաբաթ կարող են արդյունք ունենալ։
Հեռախոսազրույցի մասին Երմակը հաստատել է առանձին գրառմամբ։ Նա տելեգրամում գրել է, որ «Վալցի հետ քննարկել է արդար և տևական խաղաղությանն ուղղված հաջորդ քայլերը՝ հավելելով, որ մտքեր են փոխանակել ԱՄՆ-Ուկրաինա երկկողմ հարաբերություններում «դիրքերի հավասարեցման» շուրջ։
Civilnet










