Դավիթ Իշխանյանի փաստաբանը Բաքվում փոխվել է, նորի հետ կապ հաստատել չի հաջողվում. կինը՝ ABC Media-ին

Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը խոստացել էր 2023-ի հոկտեմբերի 3-ին դուրս գալ Արցախից։ Ընտանիքի անդամները բռնի տեղահանման ժամանակ հասել են Հայաստան՝ մի քանի օր լուր չունենալով Իշխանյանից։ Հոկտեմբերի 3-ին Իշխանյանը գերեվարվել և ապօրինի ձերբակալվել է թշնամու կողմից։ ABC Media-ն զրուցել է Դավիթ Իշխանյանի կնոջ՝ Հասմիկ Սարգսյանի հետ։
«Ինքը մեզ հավատացնում էր, որ իր անունն Ադրբեջանի պահանջած անձանց ցուցակում չկա, ասում էր, որ անհոգ լինենք, չմտահոգվենք, դուրս գանք Արցախից, իսկ ինքն անպայման կգա։ Այլ տեղեկություն չունենք, որովհետև երբ հասանք Երևան, այլևս չէինք կարողանում կապվել Դավիթի հետ, կապ չկար։ Մեր երեխաներն իրենց ընտանիքիների հետ սեպտեմբերի 28-ին են դուրս եկել Ստեփանակերտից, իսկ ես՝ սեպտեմբերի 30-ին, պայմանավորվել էինք, որ ինքն էլ հոկտեմբերի 3-ին է դուրս գալու», - ասել է Իշխանյանի կինը։
Կնոջ խոսքով՝ Դավիթ Իշխանյանն առողջական խնդիրներ է ունեցել նախքան գերեվարվելը։ Իսկ թե ինչ վիճակում է այժմ նրա առողջական վիճակը, կնոջը հայտնի չէ, քանի որ Իշխանյանը խնդիրների մասին չի խոսում։
«Դավիթը չի սիրում տրտնջալ, գիտի, որ շատ մտահոգ ենք իր համար: Երբ խոսում ենք, ասում է, որ լավ է, ամեն ինչ նորմալ է։ Պահման պայմանների մասին էլ ասում է՝ ամեն ինչ լավ է։ Հիմա փաստաբանը փոխվել է, սակայն նախորդը մեզ հետ պարբերաբար կապվում էր, ինչ-որ պետք էր, հասցնում էր, իսկ նոր փաստաբանը չի կապվում մեզ հետ։ Փաստաբանը փոխվել է նախքան դատավարության մեկնարկը։ Նախորդ փաստաբանն առողջական խնդիրներ է ունեցել, նույնիսկ երկար ժամանակ չէր կարողանում այցելել Դավիթին, իսկ նոր փաստաբանի հետ դեռևս չենք կապվել», - ասել է Հասմիկ Սարգսյանը։
Նա չափազանց մտահոգիչ է համարում Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն փակելու Բաքվի մտադրությունը։
«Այդ լուրը շատ ցավալի է, որովհետև Կարմիր խաչը հսկայական գործ է արել՝ նամակներ, նկարներ, տեղեկություն՝ առողջության մասին, այս ամենը այդ կազմակերպության միջոցով էինք անում։ Իսկ թե ով է զբաղվելու նրանցից հետո այդ ամենով, դեռևս չգիտենք»,- ասել է Իշխանյանի կինը։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղնյուր կայքում
Civilnet










