Հայկական եկեղեցիների ներկայացուցիչները կոչ են անում ազատ արձակել Բաքվի հայ գերիներին

Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության ճանապարհը կարող է հարթվել միայն մարդասիրական խնդիրների լուծման՝ ռազմագերիների և Բաքվում պահվող քաղաքացիական անձանց հայրենադարձման միջոցով։ Այս մասին ասված է աշխարհի հայկական եկեղեցիների միացյալ ներկայացուցիչների բաց նամակում՝ ուղղված աշխարհի քրիստոնյաներին:
«Սա պարզապես անմեղ մարդկանց ազատ արձակելու կոչ չէ, այլ արդարության, արժանապատվության և մարդկության վերականգնման խնդրանք։ Այս անձինք, որոնց ձերբակալել են հակամարտության ընթացքում, ենթարկվում են աներևակայելի տառապանքների, և նրանց շարունակական կալանքը մարդկային պարկեշտության և քրիստոնեական կարեկցանքի բոլոր սկզբունքների ոտնահարում է»,- ասված է նամակում։
Նամակի հեղինակները նշում են, որ իրավիճակի լրջությունը հասկանալը չափազանց կարևոր է, քանի որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակն օրեցօր վատթարանում է։ Վարդանյանը շարունակում է հացադուլը՝ ի նշան բողոքի ադրբեջանական իշխանությունների կողմից բեմադրված թատերական «դատավարության»։ Ամեն հաջորդող օր չափազանց ծայրահեղ է դարձնում իրավիճակը:
Հայկական եկեղեցիների միացյալ ներկայացուցիչները պահանջում են բոլոր ռազմագերիների և քաղաքացիական պահվող անձանց անհապաղ վերադարձն իրենց ընտանիքներ։ Նրանք նաև կոչ են անում կառավարություններին, միջազգային կազմակերպություններին և բոլոր բարի կամքի տեր մարդկանց՝ դատապարտել «ցուցադրական այս դատավարությունը՝ որպես քաղաքական և ոչ լեգիտիմ, և ճնշում գործադրել դրանում ներգրավված իշխանությունների վրա՝ վերադարձնելու անմեղ մարդկանց իրենց հարազատ տները»:
«Սա զուտ մարդասիրական անհրաժեշտություն չէ, սա բարոյական հրամայական է: Հայ գերիների ազատ արձակումը կարող է բացել նոր էջ, որտեղ առողջացումը կփոխարինի ատելությանը, որտեղ հասկացողությունը կհաղթահարի բաժանարարությանը, որտեղ խաղաղությունը պարզապես երազանք չէ, այլ իրականություն»,- ասված է նամակում:
Բաքուն հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը՝ չնայած հայկական կողմը փաստական տվյալներ ունի, որ Բաքուն պահում է ևս 32 հայ գերու։
2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իննամսյա շրջափակումից և երկրամասի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնխարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Նրանց ներկայացված են բազմապիսի կեղծ մեղադրանքներ, որոնք նախատեսում են ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։ Ռազմական դատարանի առջև նրանցից բացի կանգնած է ևս ութ հոգի։
Civilnet










