Հայաստանի ՄԻՊ-ն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են հայ գերիների հարցը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ քննարկել է Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացները, մարդու իրավունքների տեսանկյունից դրանց խնդրահարույց լինելու հանգամանքը: Այս մասին հայտնում են պաշտպանի գրասենյակից։
Մարդու իրավունքների պաշտպանն ու Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը մարտի 11-ին Ստրասբուրքում անդրադարձել են նաև մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ խտրականության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման, ազատությունից զրկման վայրերում իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Քննարկվել են ՄԻՊ հաստատությունների և իրավապաշտպանների գործունեության երաշխավորման համար անվտանգ միջավայրի առկայության կարևորությանն առնչվող հարցեր:
Եվրոպական խորհրդարանում այսօր՝ մարտի 12-ին, կքննարկվի Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցը: Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի պաշտոնական կայքից:
2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իննամսյա շրջափակումից և երկրամասի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնխարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Նրանց ներկայացված են բազմապիսի կեղծ մեղադրանքներ, որոնք նախատեսում են ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։ Ռազմական դատարանի առջև նրանցից բացի կանգնած է ևս ութ հոգի։
Բաքուն հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը՝ չնայած հայկական կողմը փաստական տվյալներ ունի, որ Բաքուն պահում է ևս 32 հայ գերու։
Civilnet










