Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Բաքվում մարտի 11-ին շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործի դատական քննությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Վարդանյանի դեմ ցուցմունք են տվել Ադրբեջանի քաղաքացիություն ստացած երկու հայեր՝ Մուշեղ Գրիգորյանը և Կամո Հայրապետյանը։
Ըստ ադրբեջանական լուսաբանումների՝ Գրիգորյանն ու Հայրապետյանը մի շարք մեղադրանքներ են հնչեցրել Վարդանյանի հասցեին, որոնք փաստացի նույնական են Ադրբեջանի՝ նախկին պետնախարարին առաջադրած մեղադրանքներին։
Սակայն հարկ է նշել, որ դատական նիստը փակ է եղել միջազգային լրատվամիջոցների համար, իսկ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած դատական նիստի ռեպորտաժում Մուշեղ Գրիգորյանի և Կամո Հայրապետյանի խոսքերը լսելի չեն։ Ցուցմունքների մասին տեղեկությունները տարածվել են միայն ադրբեջանական լրատվամիջոցների կողմից և հնարավոր չէ պարզել՝ արդյոք նրանք նման պնդումներ արել են, թե ոչ։
Կամո Հայրապետյանը, որը որոշեց մնալ Շուշիում
Արցախի հայաթափումից մի քանի շաբաթ անց՝ 2023-ի հոկտեմբերին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտնեց, որ փոքր թվով արցախցիներ մնացել են իրենց տներում՝ կա՛մ սեփական ցանկությամբ, կա՛մ քանի որ չեն կարողացել ինքնուրույն հեռանալ։
Մնացած արցախցիներից մեկը Կամո Հայրապետյանն է, որը դատարանում ադրբեջաներենով ելույթ է ունենում հրապարակված կադրերում, սակայն նրա խոսքը լսելի չէ։

ԿԽՄԿ-ի՝ 2023-ի հոկտեմբերին հրապարակած տեսանյութում խոսում է նաև Կամո Հայրապետյանը, որը այդ ժամանակահատվածում բնակվել է լքված առևտրի կենտրոնում և մարդասիրական օգնություն ստացել Կարմիր խաչից։ Նրա տեսքը բավականին փոխվել է։
ԿԽՄԿ աշխատակիցները պարբերաբար այցելել են Հայրապետյանին և մյուս արցախցիներին՝ ապահովելով նրանց հիմնական կարիքները սննդի, հագուստի և առաջին անհրաժեշտության իրերի տեսքով։

Համացանցում առկա տվյալները վկայում են, որ 2020-ի 44-օրյա պատերազմի վերջին օրերին Կամո Հայրապետյանը գտնվել է Շուշիում իր ընկերոջ և որդիների հետ։ Այդ ժամանակ նա շփվել է միջազգային լրագրողների հետ, այդ թվում՝ գերմանական taz.de թերթի թղթակիցների հետ։
Ըստ գերմանական թերթի հրապարակման՝ լրագրողներին Կամո Հայրապետյանը պատմել է, որ ծնվել է 1960-ին Բաքվում և մեծացել է այնտեղ։

Թերթի փոխանցմամբ՝ Հայրապետյանը պատմել է, որ 1988-ին նա ընտանիքի հետ ստիպված է եղել լքել Բաքուն հակահայկական զանգվածային բռնությունների պատճառով, իսկ Ղարաբաղ վերադառնալուց հետո մասնակցել է առաջին պատերազմին։
Հոդվածի հեղինակների վկայությամբ՝ 2020-ի նոյեմբերին քաղաքի բնակչության տարհանման ժամանակ Հայրապետյանը որոշել է մնալ Շուշիում։ 2020-ի նոյեմբերի 2-ին Կամո Հայրապետյանի լուսանկարը հրապարակել է ֆրանսիական AFP գործակալության թղթակից Կարեն Մինասյանը, ինչը վկայում է այն մասին, որ դեռևս այդ ժամանակ նա գտնվել է Շուշիում։
Մուշեղ Գրիգորյան՝ «Գիպսի Միշիկ»
Մուշեղ Գրիգորյանը, որին Արցախում ճանաչում էին «Գիպսի Միշիկ» մականունով, մինչև պատերազմը Ստեփանակերտում զբաղվել է գիպսից պատրաստված արձանիկների վաճառքով։ 2023-ի սեպտեմբերին՝ արցախահայության բռնի տեղահանումից հետո, նա չի հեռացել՝ նախընտրելով մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ստեփանակերտում։

Այս որոշումը, ինչպես և Կամո Հայրապետյանի դեպքում, հետագայում հանգեցրեց նրան, որ Գրիգորյանը հայտնվեց ադրբեջանական քարոզչական մեքենայի ուշադրության կենտրոնում՝ դառնալով Բաքվի հայտարարությունների խոսափող:
2023-ի հոկտեմբերին ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Ստեփանակերտում նկարահանված տեսանյութ, որում Մուշեղ Գրիգորյանը պատմում է Ղարաբաղում մնալու իր որոշման մասին՝ միաժամանակ վիրավորական արտահայտություններ հնչեցնելով հայերի նկատմամբ։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին նաև մեկ այլ տեսանյութ, որում Գրիգորյանը հերքում է, թե ադրբեջանցիները իրեն վնասել են՝ պնդելով, որ իրեն լավ են վերաբերվում և կերակրում են։
Արցախում մնացած հայերի ճակատագիրը
2023-ի սեպտեմբերին Արցախի հայաթափումից հետո, ըստ տարբեր տվյալների, տարածքում մնացել են շուրջ մեկ տասնյակից ավելի հայեր։ Նրանց մի մասը հետագայում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեղափոխվել է Հայաստան, սակայն որոշները, այդ թվում՝ Մուշեղ Գրիգորյանը և Կամո Հայրապետյանը, մնալ են Արցախում։
Ադրբեջանական Apa.az գործակալությունը 2023-ի հոկտեմբերին հայտնել է, որ Ստեփանակերտում ստեղծվել է խնամքի կենտրոն «բնակչության խոցելի խմբերի ներկայացուցիչների համար»։ Հրապարակված լուսանկարներից մեկում երևում են Մուշեղ Գրիգորյանն ու Կամո Հայրապետյանը։

Ավելի ուշ՝ 2024-ին, Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության հրապարակած լուսանկարներում նույնպես տեսանելի են այս երկու անձինք՝ կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Այս լուսանկարները և տեսանյութերը ադրբեջանական կողմն օգտագործում է քարոզչական նպատակներով՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե հայերը կարող են ապահով ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի դեմ դատական գործընթացը փակ է միջազգային դիտորդների և լրագրողների համար։ Դատավարության մասին տեղեկատվությունը գալիս է բացառապես ադրբեջանական պաշտոնական աղբյուրներից և ադրբեջանական լրատվամիջոցներից։
Տես՝ Ռուբեն Վարդանյանը Բաքվի մեկուսարանից աուդիոուղերձ է փոխանցել
Ադրբեջանը պաշտոնապես ընդունում է 23 հայ գերու առկայությունը, սակայն հայկական կողմն ունի փաստեր, որ իրականում գերության մեջ է գտնվում ևս 32 հայ։ 2023-ի սեպտեմբերին Արցախի հայաթափումից հետո Բաքուն գերեվարել է Արցախի երեք նախկին նախագահներին՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին և ռազմական հրամանատարներին։ Նրանց բոլորին ներկայացվել են կեղծ մեղադրանքներ, որոնք կարող են հանգեցնել ցմահ ազատազրկման։ Ընդհանուր առմամբ, ադրբեջանական ռազմական դատարանի առջև կանգնած է 15 արցախցի։
CivilNetCheck
Civilnet











