Այսօր միջազգային հարաբերություններում նկատվող փոփոխությունները, հատկապես ԱՄՆ նոր վարչակազմի գործողությունների հետևանքով ձևավորվող նոր աշխարհակարգը, մտահոգիչ են Թուրքիայի համար: Թուրքիայի միջազգային հարաբերությունների խորհրդի նախագահ, Քադիր Հաս համալսարանի պրոֆեսոր Մուստաֆա Այդընը, մեջբերելով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի խոսքերը, նշում է, որ Եվրոպայի անվտանգության հարցում «ջինը շշից դուրս է եկել», և ժամանակն է մտածել ՆԱՏՕ-ից հետո գալիք ժամանակաշրջանի մասին: ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար հանդիսանում է անվտանգային կարևոր բաղադրիչ և Արևմուտքի հետ կապող առանցքային օղակ, սակայն եթե խոսք է գնում եվրոպական անվտանգային նոր ճարտարապետության մասին, Անկարան վճռական է իր ներգրավվածության հարցում: Այդընի հետ հարցազրույցի կարևոր մտքերը՝ ստորև։
Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների հեռանկարները
Արդյոք ընթացիկ գործընթացների հետևանքով Թուրքիան կարող է ավելի մերձենալ Եվրոպային՝ բացի անվտանգային բաղադրիչից: Այդընը պարզաբանում է, որ նման հեռանկարը մեծապես կախված է Եվրամիությունից. եթե այդ կառույցը ցանկանա, ապա թուրքական կողմը պատրաստ է նման դեր ստանձնել:
Տարիներ առաջ մեկնարկած Թուրքիա-Եվրամիություն անարդյունավետ բանակցությունների համատեքստում վերջին ժամանակներում նկատվում է նոր միտում: Եվրոպայի անվտանգային համակարգի շուրջ մտահոգությունները ստիպել են արևմտյան երկրների ղեկավարներին և Եվրամիությանը կրկին հիշեցնել Թուրքիային Եվրամիության անդամակցության բանակցությունների մասին: Արդյունքում Թուրքիա է այցելել Եվրամիության ընդլայնման հարցերի հանձնակատարը:
Սակայն Այդընը «գնդակը Եվրոպայի դաշտում է» տեսնում՝ ընդգծելով, որ երկկողմ կապերի ընդլայնումը կախված է Եվրամիության հետագա վերաբերմունքից և քայլերից:
Թուրքիայի նպատակները Կովկասում և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում
Մուստաֆա Այդընն ընդգծում է, որ Թուրքիան մեծապես հետաքրքրված է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմամբ, որը թույլ կտա կարգավորել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունները:
«Անկարան կնախընտրեր, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվեր նախքան ԱՄՆ-Ռուսաստան բանակցային արդյունքները և ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը»,- նշում է քաղաքագետը: Ըստ նրա՝ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների արագ կարգավորման հարցում Անկարայի շահագրգռվածությունը պայմանավորված է միջազգային զարգացումներով, ինչպես նաև տարածաշրջանում Ռուսաստանի հնարավոր դիրքերի ուժեղացմամբ:
Թուրքիայի համար մտահոգություն է առաջացնում այն, որ ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո Ռուսաստանը կարող է ճնշումներ գործադրել Կովկասի երկրների վրա՝ սահմանափակելով Թուրքիայի ազդեցության հեռանկարը: Խաղաղության պայմաններում Ադրբեջան-Հայաստան-Վրաստան առավել սերտ կապերը Թուրքիային հնարավորություն կտան ավելի արդյունավետ հակազդել Ռուսաստանի հնարավոր ճնշումներին, միաժամանակ օգնել այդ երկրներին ամրապնդել կապերը Արևմուտքի հետ:
Տարածաշրջանային կոմունիկացիաների հարցը
Այդընը կարևորում է տարածաշրջանի կոմունիկացիաների հարցը, այդ թվում՝ Չինաստանը Արևմուտքին կապող «Միջին միջանցքի» զարգացումը, որը կարող է էական հեռանկարներ ստեղծել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման պարագայում:
Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհի հարցում Թուրքիայի դիրքորոշմանը անդրադառնալիս թուրք քաղաքագետը նշում է, որ Անկարան բացահայտ չի արտահայտվում, թե որ տարբերակին է հակված (Բաքվի պահանջած առանց հայկական վերահսկողության ճանապարհ, թե Երևանի առաջարկած հեշտացված անցում՝ Հայաստանի ինքնիշխանության պայմանով): Այդընը կարծում է, որ հաղորդակցության հարցում Երևանն ու Բաքուն կարող են համաձայնության գալ՝ հանգելով որևէ միջանկյալ լուծման:
Թուրքիայի դերը բանակցային գործընթացում
Հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմ բանակցային գործընթացում էական ճանապարհ են անցել, Այդընի խոսքերով՝ Թուրքիան փորձում է չմիջամտել այդ գործընթացին: Ավելին, թուրքական կողմը համարում է, որ երրորդ երկրների ներգրավվածությունը կարող է բարդացնել բանակցությունները:
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա
Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում Ադրբեջանի նոր պահանջներին զուգահեռ Թուրքիան հանդես է գալիս շուտափույթ խաղաղություն հաստատելու հայտարարություններով, ինչը Հայաստանում երբեմն ընկալվում է որպես ազդանշան Բաքվին:
Այդընը կարծում է, որ ադրբեջանական կողմի հետ երկկողմ հանդիպումներում Անկարան իսկապես բարձրաձայնում է այդ մասին, թեև դա հրապարակայնորեն շատ չի արտահայտվում թուրքական հասարակությունում: Այնուամենայնիվ, նա ենթադրում է, որ Անկարան այսպիսի ազդակներ հղում է:
Միևնույն ժամանակ, Այդընը կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում հավանական չի համարում, որ Թուրքիան կարող է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում առաջ անցնել Բաքվից: Նրա խոսքերով, բազմաթիվ գործոններ կան, որոնց շնորհիվ Ադրբեջանն ավելի մեծ կարևորություն է ներկայացնում Թուրքիայի համար, քան Հայաստանը: Սա ոչ միայն դժվարեցնում է Թուրքիայի կառավարության համար ընդունված նորմերից տարբերվող քայլերի դիմելը, այլև դարձնում է դրանք ոչ անհրաժեշտ:
Այդընի վերլուծությունը ցույց է տալիս, որ Թուրքիան ներկայում տարածաշրջանային գործընթացներում շարունակելու է առաջնորդվել Ադրբեջանի շահերի առաջմղմամբ, չնայած որոշակի ազդակներ է հղում Բաքվին՝ խաղաղության գործընթացի արագացման վերաբերյալ: Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթացը շարունակում է մնալ կախված հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի արդյունքներից:
Գեորգի Միրզաբեկյան
Civilnet











