Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը կրկին պայմանավորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմամբ և ՀՀ սահմանադրության փոփոխությամբ՝ փաստացի կրկնելով պաշտոնական Բաքվի հիմնական նախապայմանները:
Քննադատելով Հայաստանի հապաղումը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցում՝ Հաջիևն անվանել է այդ կառույցն «անցյալի գործիք», որն ըստ պաշտոնյաի՝ «որևէ գործառույթ չունի»:
«Այսօր Մինսկի խմբի կարիքը չկա և չի կարող լինել: Եթե որևէ մեկը փորձում է վերակենդանացնել Մինսկի խումբը, ապա դա կարող է լինել միայն ուտոպիական գաղափար», - ասել է Հաջիևը մարտի 13-ին լրատվամիջոցների հետ զրույցում, հայտնում է «Ազերթաջ» լրատվական գործակալությունը;
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ չէր բացառել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, ինչը պաշտոնական Երևանից պահանջում են ադրբեջանական իշխանությունները: Միևնույն ժամանակ, Հայաստանի վարչապետը չէր հստակեցրել՝ առաջարկում է լուծարել Մինսկի խումբը խաղաղության պայմանագրի ստորագրումից առա՞ջ, թե՞ հետո:
Հայկական կողմի նման դիրքորոշման համար Հիքմեթ Հաջիևը մեղադրում է «Հայաստանի որոշ հովանավորների», որոնք, նրա կարծիքով, «փորձում են պահպանել ԵԱՀԿ Մինսկի խումբը»:
Մինսկի խմբի համանախագահության լուծարման պահանջը նա հիմնավորում է՝ «հակամարտություն այլևս գոյություն չունի» փաստարկով: Միևնույն ժամանակ մեղադրում հայկական կողմին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում անկեղծության բացակայության համար, որն ըստ Հաջիևի` դրսևորվում է Երևանի` ԵԱՀԿ Մինսխի խմբի ձևաչափի պահպանման փորձերով:
Խաղաղության պայմանագրի կնքման իբրև մյուս պայման Հաջիևը նշել է արել Հայաստանի Սահմանադրության փոփոխման ադրբեջանական պահանջը: Միայն դրանից հետո, ըստ նրա, «տարածաշրջանում խաղաղ օրակարգի համար կարող են ձևավորվել առավել բարենպաստ պայմաններ»:
Հունվարի սկզբին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նախագահ Իլհամ Ալիևը կրկնել էր՝ Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը։
Բաքուն պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որը հղում է անում Հայաստանի 1990-ի Անկախության հռչակագրին, տարածքային պահանջ է ենթադրում Ադրբեջանին, քանի որ Անկախության հռչակագիրը իր հերթին հղում է անում Հայկական ԽՍՀ-ի՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերամիավորման մասին օրենքին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս խոսել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին` ավելի շատ շեշտադրելով դրա ներքաղաքական անհրաժեշտությունը: Նախորդ սահմանադրական փոփոխությունները, ըստ Փաշինյանի, լեգիտիմ չեն եղել։
1991-ի անկախություն ի վեր հետո Հայաստանում անցկացվել է սահմանադրական երեք հանրաքվե՝ 1995-ին, երբ ընդունվեց առաջին սահմանադրությունը՝ հաստատելով նախագահական հանրապետություն, 2005-ին, որով հաստատվեց կիսանախագահական համակարգ, և 2015-ին, երբ երկիրն անցավ խորհրդարանական համակարգի։
Civilnet











