«Ուշադիր հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև գործընթացին՝ խաղաղության պայմանագրի հարցին, և մեր քայլերը դրան համահունչ ենք անում»,- հայտարարել է Թուրքիայի նախագահի արտաքին հարցերի և անվտանգային հարցերի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը՝ ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում։
Ըստ թուրք պաշտոնայի՝ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնի է և իրենց համար «հիմնական գործոնը Ադրբեջանի անվտանգության և տարածքային ամբողջականության հարցն է»։
Ադրբեջանցի լրագրողի հարցին, թե Հայաստանի Սահմանադրության դրույթները «տարածքային պահանջներ են ենթադրում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ», Չաղաթայ Քըլըչը պատասխանել է. «Այսօր տեղեկացա արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտին հասցնելու մասին։ Ներկայում մեր ուշադրությունն ուղղել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև գործընթացի վրա»։
Թուրք պաշտոնյան անդրադարձել է նաև Թուրքիայի և Հայաստանի միջև փոխադարձության սկզբունքով դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու հարցին՝ նշելով, որ «[ներկայում] նման հարցի քննարկման անհրաժեշտություն չկա»։
«Ես դրա մասին տեղյակ չեմ։ Նորից ընդգծեմ, որ գործընթացի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը շատ հարցեր կլուծի»,- ասել է Չաղաթայ Քըլըչը։
Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքներն ավարտին հասցնելու մասին։ Տեղեկությունը քիչ անց հաստատեց նաև Հայաստանի արտգործնախարարությունը։
Civilnet











