ԵՄ քաղաքացիական առաքելության հետ համագործակցության մասով փոխշահավետ լուծումների կգանք. Արարատ Միրզոյան

Համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ քաղաքացիական առաքելության հետ համագործակցության մասով ընդունելի, փոխշահավետ լուծումների կգանք. մարտի-ին 14-ին հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստին։
«ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը խստորեն ընդդիմացող և դրանից դժգոհող և այժմ առաքելությանը չափազանց հոգատար վերաբերվող և կարևորող մեր գործընկերներին ուզում եմ վստահեցնել, որ երբ այս համաձայնագիրը կստորագրվի, կվավերացվի և ուժի մեջ կմտնի, մենք մեր ԵՄ գործընկերների հետ քաղաքացիական առաքելության հետ համագհործակցության մասով ընդունելի, փոխշահավետ լուծումների կգանք», - ասաց Միրզոյանը:
Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են։ Նա նշեց, որ Երևանն ընդունել է բաց մնացած երկու կետերի շուրջ Ադրբեջանի առաջարկները։ Խոսքը հայ-ադրբեջանական սահմանագծից ԵՄ դիտորդների հետքաշման և միջազգային ատյաններում հայցերից փոխադարձ հրաժարման մասին է։ Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հաստատեց՝ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։
Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով բանակցությունների ավարտն ու բոլոր կետերի համաձայնեցումը, ասաց՝ «դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին, չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ մենք հիմա պետք է այդ հարցերով որոշ նյուանսների հետ կապված էլ քննարկումներ ունենանք»։
ԵՄ դիտորդական առաքելությունն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2022 թվականի հոկտեմբերի 20-ից:
2025-ի հունվարի 30-ին Բրյուսելը հավանություն է տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։
Civilnet










