Նոր Սահմանադրությունը չպետք է վտանգի խաղաղությանը միտված հարաբերություններին․ նախարար

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը վստահեցնում է, որ նոր Սահմանադրությունը չպետք է վտանգի խաղաղության պայմանագրին ու խաղաղությանը միտված հարաբերություններին։
«Մենք մեր վարքագիծը և գործելաոճը ցանկացած դեպքում պետք է կառուցենք այնպես, որպեսզի մեր երկրում հաստատվի խաղաղությունը և զարգանա անվտանգային միջավայր»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նախարարը։
Նախարարը հրաժարվել է մանրամասներ հաղորդել Սահմանադրության մշակվող տեքստի վերաբերյալ, քանի դեռ այն հրապարակված չէ։
Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ է ենթադրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Սահմանադրության նոր տեքստը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն։
«Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ լինելուն պես հրապարակվելու է, շրջանառվելու է, դրվելու է հանրային քննարկման։ Այս պահի դրությամբ դեռ պատրաստի պրոդուկտ չունենք, որպեսզի ես բացատրեմ, թե ինչի մասին է խոսքը»,- ասել է նախարարը։
Փետրվարի 19-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկրում նոր սահմանադրության ընդունելու անհրաժեշտության մասին։
Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին վարչապետը խոսել է Բաքվից հնչող պահանջների ֆոնին։ Չնայած, որ 2018-ի հեղափոխությունից հետո Փաշինյանը հայտարարել էր սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին։ 2019-ի հունիսին ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով՝ կենտրոնանալով դատական բարեփոխումների և կառավարման մոդելի վրա։
Սակայն արդեն մի քանի տարի է, ինչ հանձնաժողովը փաստացի չի գործում։
Բաքուն պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որը հղում է անում Հայաստանի 1990-ի Անկախության հռչակագրին, տարածքային պահանջ է ենթադրում Ադրբեջանին, քանի որ Անկախության հռչակագիրն իր հերթին հղում է անում Հայկական ԽՍՀ-ի՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերամիավորման մասին օրենքին։
Պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ «Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է»։
Civilnet










