Գլխավոր Լրահոս

Փաստաբանը պնդում է՝ Ոստիկանության Լոռու վարչությունում հանցագործությունների հովանավորչություն կա

Փաստաբանը պնդում է՝ Ոստիկանության Լոռու վարչությունում հանցագործությունների հովանավորչություն կա

Հայկ Ղազարյան

Մի քանի օր է, ինչ մամուլում ու սոցցանցերում հրապարակումներ են արվում Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ կատարված բռնության մասին։ Ըստ Տիգրանի՝ ոստիկանները ծեծելով, հայհոյանքներով ու անհարգալից վերաբերմունքով ստիպել են խոստովանական ցուցմունք տալ, իբրև թե իր բարեկամի տան վրա ավազակային հարձակում իրականացրած ենթադրյալ հանցագործների հետ կապ ունի: Օրեր առաջ Տիգրանի բարեկամի բնակարանի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել։

Քննչական կոմիտեն մարտի 18-ին քրեական վարույթ է հարուցել՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգման հոդվածով, իսկ ավելի վաղ Ոստիկանությունը երիտասարդի նկատմամբ բռնությունների դեպքով ծառայողական քննություն էր սկսել։ 

Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանը հանցագործության մասին հայտնել է մարտի 17-ին: Նրա կարծիքով՝ շատ ուշ է քրեական վարույթ նախաձեռնվել․ «Բավական է խոսել միայն այն մասին, որ քրեական վարույթ նախաձեռնելու համար Քննչական կոմիտեն սպասում էր հաղորդում ներկայացնելուն, այն դեպքում, երբ հաղորդումը ներկայացված էր էն սկզբից, բայցևայնպես, փոստարկղը չեն ստուգել և ասել են հաղորդում չկա։ Այս պարագայում վարույթը նախաձեռնվել է երեկ, և մինչև հիմա ընդամենը կատարվել է տուժողի հարցաքննություն, և նրա նկատմամբ նշանակվել է փորձաքննություն։ Այսինքն, պարզված չէ անգամ ոստիկանների անձը, նրանց նկատմամբ փորձաքննություն չկա նշանակված, ապացույցները, վստահ եմ, գտնվում են ակտիվ ոչնչացման կամ թաքցնման փուլում, այսինքն՝ ապացույցներ են թաքցնում»։

Ռոման Երիցյանը

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ այս պահին կատարվում է նախաքննություն և ավել տեղեկություն չի կարող տրամադրել։

Երիցյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ մարտի 19-ին ժամը 19։30-ին բողոքի ակցիա է կազմակերպելու Քննչական կոմիտեի շենքի դիմաց։

«Նպատակը ոստիկանների ձերբակալման պահանջն է, նաև՝ պաշտոնավարման կասեցումը»,- ասաց նա։

Մի քանի ամիս առաջ փաստաբանը նաև հայտնել էր, որ Ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատասենյակներից մեկում երեք ոստիկան դաժանաբար ծեծել էին քաղաքացի Արա Օհանյանին։ Երիցյանը վստահ է, որ Չարենցավանի և Լոռու մարզային վարչության դեպքերի հետևում թաքնված է հանցագործության հովանավորչություն պաշտոնատար անձանց կողմից։ 

«Եթե այդ ոստիկանների մոտ ի սկզբանե կասկած է եղել, ապա հարց է առաջանում՝ ինչու այդ մարդուն չեն ձերբակալել։ Խոսքը վերաբերում է զինված ավազակային հարձակմանը՝ առանձնապես ծանր հանցագործություն, որը կատարվել է մանկահասակ երեխայի և 28-ամյա կնոջ նկատմամբ։ Եթե ոստիկանները առանց որևէ հիմնավոր կասկածի փորձում են ստիպել անմեղ մարդուն ընդունել հանցանքը, դա կարող է նշանակել միայն մեկ բան՝ իրական հանցագործին թաքցնել։ Եթե Տիգրանը իսկապես կապ ունենար դեպքի հետ, նրան անմիջապես կձերբակալեին։ Սա վկայում է, որ ոստիկանությունը պարզապես փորձել է պատասխանատվությունը դնել անմեղ մարդու վրա։ Վստահ եմ, որ այս դեպքը միայն խոշտանգում չէ, այլև հանցագործության հովանավորչություն»։

Փաստաբանն ասում է, որ երկու օր առաջ Տիգրան Ուլուբաբյանի մասին հրապարակումից հետո մի շարք քաղաքացիներ կապվել են իր հետ ու ասել, որ ամիսներ կամ շաբաթներ առաջ նույն դեպքը տեղի է ունեցել իրենց հետ․ «Այստեղ արդեն խոսքը Լոռու մարզային վարչության պետի և նրա մոտ շրջապատի կողմից այդ ամեն ինչը պլանավորելու մասին է, որովհետև տարբեր մարդիկ միևնույն խնդիրը ունենալ չեն կարող՝ ոստիկանները կանչել են, ծեծել և ասել՝ հանցագործությունը քեզ վրա վերցրու»։ 

Ռոման Երիցյանը վստահ է, որ այս ամենի հետևում թաքնված են շատ ավելի խորը հանցանքներ, քան մենք պատկերացնում ենք։ 

ՆԳՆ-ից այս խնդրի վերաբերյալ մեկանաբանություն ստանալ չհաջողվեց։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում