Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ Հայաստանի տարածքում լարվածության օջախ պահելու նպատակով, ինչը չի տեղավորվում խաղաղության օրակարգի մեջ: Այս մասին հայտարարել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Հայկական կողմը հետևում է սահմանային իրավիճակին և վտանգի դեպքում զինված ուժերը կիրականացնեն անհրաժեշտ գործողությունների պլան»,- անդրադառնալով հրադադարի խախտման մասին Ադրբեջանի ՊՆ-ի տարածած կեղծ հաղորդագրություններին ասել է Քոչարյանը։
Իշխանական պատգամավորը քննադատել է խաղաղություն «մուրալու» մասին արտահայտությունները, նշելով, որ այդպիսի ձևակերպումները վնասում են հայկական կողմի դիմադրողականությանը:
«Խաղաղություն մենք չենք մուրում, մենք խաղաղություն ուզում ենք»,- ասել է Քոչարյանն ու հավելել, որ խաղաղությունն անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանին, այլև՝ Ադրբեջանին և հարևան բոլոր երկրներին:
Քոչարյանի կարծիքով, Ադրբեջանը շարունակում է իր դիրքորոշումը ձևակերպել հաղթողի դիրքերից: Ըստ նրա՝ Ադրբեջանի ղեկավարը ձգտում է լարված վիճակը երկարաձգել։ «Սակայն հայկական կողմը շարժվում է խաղաղության օրակարգով»,- ընդգծեց պատգամավորը:
Civilnet











