Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, Բաքուն դեռ պնդում է, որ «փաստաթուղթը ստորագրելու համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ մտցնել Հայաստանի սահմանադրության մեջ՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները վերացնելու նպատակով»։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, Համագործակցության և զարգացման պետական քարտուղար Դեյվիդ Լեմի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Բայրամովը Բարիտանիայի պաշտոնակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի ներկա վիճակը։ Այս մասին հայտնում է Report.az-ը։
Մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքները՝ եզրափակելով տևական ժամանակ բաց մնացած երկու հարցի վերաբերյալ քննարկումները։ Դրանք վերաբերում էին սահմանից երրորդ ուժերի դուրս բերմանն ու փոխադարձության սկզբունքով միջազգային հայցերի հետկանչին։
Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտից հետո սկսվեցին հրադադարի ռեժիմի խախտման մասին հաղորդագրությունները։ Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար հայտարարում է, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Սական Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքում է բոլոր այդ հաղորդագրությունները, շեշտելով, որ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է էսկալացիա հրահրելու մեջ։
ՀՀ վարչապետի աշխատակազմից ի պատասխան այս մեղադրանքների հայտարարել են, որ ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կեղծ հաղորդագրություններին զուգահեռ այդ երկրի ԱԳ նախարարությունից երեկ նաև հայտարարել էին, թե իբր «կայունության անհրաժեշտ նախապայմանը հրաձգության և հայ զինվորականների ակնհայտ սադրանքների դադարեցումն է», որոնք իբր ֆիքսվել են տեսախցիկներով և որոնց մասին իբր հայկական կողմը ծանուցվել է։
Մինչդեռ Հայաստանի ՊՆ-ից հայտնել են, որ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։
Civilnet











