Անահիտ Մանասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է գերիների ազատ արձակման հարցը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 27-ին Ստրաստբուրգում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ քննարկել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի հարցը, հայտնում են պաշտպանի գրասենյակից։
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների` մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու և անձանց անհապաղ ազատ արձակման կարևորության հանգամանքին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մանասյանը կարևորել է նաև Եվրոպայի խորհրդի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայուն և կառուցողական համագործակցությունը՝ ընդգծելով ԵԽ ծրագրերի դերակատարությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտների զարգացման գործում։
2023-ի սեպտեմբերի 19-20-ին Արցախի դեմ մեկօրյա պատերազմից և երկրամասի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ադրբեջանը պատանդ է վերցրել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը, որոնց թվում են երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
Բաքուն հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը՝ չնայած հայկական կողմը փաստական տվյալներ ունի, որ Բաքուն պահում է ևս 32 հայ գերու։
Civilnet










