Այսօր Գյումրիում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ են:
Գյումրիի 82 ընտրատեղամասերը բացվել են 08:00-ին, կփակվեն 20:00-ին: Արտահերթ ընտրություններին մասնակցում է ինքը քաղաքական ուժ՝ երեք դաշինք, վեց կուսակցություն:
«Հայաստանի կոմունիստական կուսակցություն». ցուցակը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Ցուցակում 33 անուն կա։
«Իմ հզոր համայնք» կուսակցություն. քաղաքապետի թեկնածուն պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է։ Ցուցակում 40 անուն կա։
«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն». քաղաքապետի թեկնածուն երգիչ Արտյոմ Թումանյանն է։ Ցուցակում 32 անուն կա:
«Ապրելու երկիր» կուսակցություն. ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը: Ցուցակում 30 անուն կա:
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն. քաղաքապետի թեկնածուն գործարար Արտյոմ Ղարաղազարյանն է: Ցուցակում 23 անուն կա:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն. ցուցակը գլխավորում է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։ Ցուցակում 99 անուն կա:
«Մեր քաղաքը» դաշինք. ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Ցուցակում 34 անուն կա:
«Մայր Հայաստան» դաշինք. քաղաքապետի թեկնածուն գործարար Կարեն Սիմոնյանն է; Ցուցակում 56 անուն կա;
«Եվրադաշինք» դաշինք. ցուցակը գլխավորում է Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Ցուցակում 25 անուն կա:
Նախընտրական քարոզարշավը մեկնարկել էր մարտի 15-ին, ավարտվել մարտի 28-ին:
Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ քրեական գործ հարուցվելուց հետո քաղաքի ավագանու իշխող «Բալասանյան» դաշինքը 2023-ին հոկտեմբերին հրաժարվեց քաղաքի կառավարումից: Գյումրիի Սև բերդի հարակից հողատարածքների օտարման գործով Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել, նրա նկատմամբ հետախուզում հայտարարվել: Բալասանյանն այժմ Միացյալ Նահանգներում է։ Այս իրավիճակը հանգեցրեց արտահերթ ընտրությունների անհրաժեշտության: Մինչ արտահերթ ընտրությունները, Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում անցկացրեց ներկուսակցական ընտրություններ (փրայմերիզ)։
Վարչապետի որոշմամբ փրայմերիզի հաղթած թեկնածու Սարիկ Մինասյանը նշանակվեց Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 111,236 ընտրող։
2021-ի հոկտեմբերի ՏԻՄ համամասնական ընտրություններին Գյումրիում ընտրելու իրավունք ունեցող 109,453 մարդուց ընտրություններին մասնակցել է 26,468-ը կամ ընտրելու իրավունք ունեցողների 24 տոկոսը։
Civilnet











