Գլխավոր Լրահոս

Արցախցի ընտանիքը փնտրում, բայց տուն չի գտնում 10 միլիոնանոց սերտիֆիկատով

Արցախցի ընտանիքը փնտրում, բայց տուն չի գտնում 10 միլիոնանոց սերտիֆիկատով

Սիրանուշ Ադամյան

«Էջմիածնին մոտ գտնվող Գետաշեն գյուղում, որտեղ մեր տղան է թաղված, 1000 մետր հողատարածք կա, որի համար 3 մլն են ուզում։ Եթե գոնե 3 մլն-ը լինի, ու գնենք հողատարածքը, սերտիֆիկատով էլ կփորձենք տուն կառուցել»,- ասում է Արցախից տեղահանված Արմեն Սողոմոնյանը։ Կառավարության՝ 2022-ի փետրվարի որոշմամբ մեկնարկել էր Արցախի առանձին շրջաններից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիր, որի շրջանակում Սողոմոնյանների 11 հոգանոց ընտանիքը 2024-ի ապրիլին դարձել էր 10 մլն-ին համարժեք սերտիֆիկատի շահառու։ Առ այսօր տուն չեն կարողացել գտնել՝ չնայած երկար փնտրտուքներին։ Շահառու դառնալուց հետո ընտանիքի բոլոր անդամները՝ բացի երկու հարսից ու թոռնիկից, զրկվել են բնակավարձի համար նախատեսված աջակցությունից։

Երեք տեղահանություն ապրած Արմեն Սողոմոնյանը կնոջ, հինգ տղայի, աղջկա, երկու հարսի ու թոռնիկի հետ այժմ վարձով ապրում է Էջմիածին քաղաքում։ Տան վարձն ամսական 220,000 դրամ է, կոմունալ վարձերը ձմռան ամիսներին հասնում են 150,000-ի։

Տան անդամներից միայն մեկն ունի մշտական աշխատանք, մյուս երեք տղաները օրավարձով որպես բանվոր աշխատում են շինարարությունում։

«Դե գործը մի օր կա, մյուս օրը չկա։ Եթե անգամ լինում է, ի՞նչ աշխատավարձ են ստանում, որ կարողանան տան վարձ տան, երեխա պահեն։ Դժվար է. ծախսածդ չի համապատասխանում աշխատածիդ»,- ասում է Ալլան՝ Արմենի կինը։

Ընտանիքում երկու զոհ ու մեկ անհետ կորած կա։ Որդիներից մեկը 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ զոհվել է, մյուսը՝ անհետ կորել։ 2023-ի սեպտեմբերի 25-ին էլ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի ժամանակ կրտսեր որդին է զոհվել։

Մայիսին իրենց հարսը երկրորդ երեխան կունենա, ու ընտանիքը կդառնա 12 հոգանոց։ Ալլայի խոսքով՝ իրենց ծախսերը գնալով կշատանան ու եթե տուն ունենան, հեշտ կլինի ապրելը։

Արմենն ու կինը երեք տեղահանություն են ապրել. առաջինը՝ Բաքվից 80-ականների վերջին, երկրորդը՝ Շուշիից 44-օրյայի ժամանակ, երրորդն էլ՝ Ստեփանակերտից 2023-ին։ Երկու տուն Շուշիում են թողել, մեկը՝ Ասկերանի Ծաղկաշատ գյուղում, մեկն էլ՝ Ստեփանակերտում, որը, որպես զոհվածի ընտանիք, ստացել էին 2022-ին։

«Շուշիում մեր տան տարածքը 1700 մետր էր, մի հատ էլ ծնողներից էր մնացել Ծաղկաշատ գյուղում…,- ասում է Արմենը՝ ցույց տալով հեռախոսում մնացած իրենց տան նկարը։- Մարդուն երեք-չորս տուն լինի, վերջում էլ անտուն մնա՞»։

10 մլն-ի սերտիֆիկատով տուն գնել չի ստացվում

Կառավարությունը 2022-ի փետրվարի 17-ի որոշմամբ հաստատել էր Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակապահովման պետական աջակցության ծրագիրը, որով Հայաստանում տուն կարող էին ձեռք բերել 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի տարբեր շրջաններից տեղահանվածները։

Սողոմոնյանների ընտանիքը այդ ծրագրի շահառու է, քանի որ 44-օրյայի ժամանակ Շուշիից են տեղահանվել։ Չնայած հետագայում ապրել են Ստեփանակերտում, բայց ծրագրի շահառու են։

Այս ծրագիրը առնչություն չունի արցախցիների բնակապահովման նոր ծրագրի հետ, որը ներկայացվել է 2024-ի մայիսին և մեկնարկել՝ հուլիսին։ Եթե նոր ծրագրով ընտանիքի յուրաքանչյուր անդամի տրամադրում են 3-5 մլն դրամ, ապա հին ծրագրի դեպքում, անկախ ընտանիքի անդամների քանակից, ընտանիքին տրամադրվում է 8-16 մլն դրամ՝ կախված ձեռք բերվող բնակարանի աշխարհագրությունից։ Սողոմոնյանների ընտանիքը 10 մլն-ի սերտիֆիկատ է ստացել։ Աջակցության չափը 10 մլն է, եթե ընտանիքը ցանկանում է տուն ձեռք բերել կամ կառուցել մարզային ոչ սահմանամերձ բնակավայրում։ Սահմանամերձ բնակավայրում աջակցության չափն ավելի մեծ է։

Ալլայի խոսքով՝ դեռ Արցախում իրենց զանգել ու առաջարկել էին այդ սերտիֆիկատով տուն գնել Հայաստանում, բայց իրենք ասել էին, որ ուզում են Արցախում մնալ ու հրաժարվել էին։ Արդեն 2024-ի ապրիլին էլեկտրոնային փոստով նամակ են ստացել, որ ինքը, ամուսինը և յոթ երեխաները ծրագրի շահառու են։

Ալլան պատմում է, որ քույրը բնակարանային ծրագրի հետ կապված դիմումի հայտ էր լրացրել իրենց համար, որտեղ նշված չէր, որ խոսքը հենց 10 մլն-ին համարժեք սերտիֆիկատի մասին է։ Արդեն շահառու դառնալու նամակը ստանալուց հետո մի քանի անգամ զանգել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծ, որպեսզի հրաժարվեն սերտիֆիկատից, բայց ապարդյուն։

«Որ զանգում ենք, ասում են՝ դուք ուրիշ ծրագրի այլևս մասնակցել չեք կարող, եթե էդ սերտիֆիկատը ունեք։ Ասել են՝ եթե հրաժարվեք սերտիֆիկատից, միևնույնն է, կառավարության 50,000 դրամ ամսական աջակցությունը չեք ստանա։ Երկու հոգի հրաժարվել են, բայց էլի աջակցությունը չեն ստանում»,- ասում է Ալլան։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ՍիվիլՆեթին ասացին, որ բռնի տեղահանված արցախցիների՝ այս ծրագրից հրաժարվելու ու բնակապահովման նոր ծրագրին դիմելու կամ հրաժարվելու դեպքում բնակվարձի աջակցության շահառու դառնալու ընթացակարգ գոյություն չունի։

Ընտանիքի հոր խոսքով՝ իրենց ամենամեծ խնդիրը տունն է, որը չեն կարողանում գտնել ստացած սերտիֆիկատով։

«Օրումեջ էստեղ-էնտեղ ենք գնում՝ Հոկտեմբերյան, Օշական… Այդպես էլ հարմար տուն չենք գտնում. կամ փոքր է, բաղնիք-զուգարան չկա, մի էդքան փող էլ պիտի լինի, որ վրան դնես, տուն դառնա էլի»,- ասում է Արմենը։

Նրա խոսքով՝ իրենք շատ են ուսումնասիրել, թե տվյալ հավաստագրով ինչ կարող են անել. «Ասում են՝ տներ են սարքում էդ սերտիֆիակտով, բայց 18 մլն է, տունն էլ պատեր են սարքում էլի ուղղակի, ու փոքր է…  Երևի դժվար գտնենք հարմար տուն, գոնե որ մեծ հողամաս լինի հարմար գնով, տուն սարքվի, մեր տղեքն էլ շինարարության  մեջ են, կօգնեն, մի բան կդառնա էլի»։ 

Էջմիածնին մոտ գտնվող Գետաշեն գյուղում, որտեղ նրանց տղան է թաղված, 1000 քմ հողատարածք կա, որի համար 3 մլն  են ուզում։ Ասում են՝ եթե գոնե 3 մլն  լինի, ու կարողանան գնել հողատարածքը, սերտիֆիկատով էլ կփորձեն տուն կառուցել։

Ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 3931 շահառու։ Ալլայի մայրն ու քույրը կարողացել են սերտիֆիկատով տուն գտնել։

«Իրենք էլ են գումար ավելացրել, որ կարողանան գնել, բայց  սովորական դատարկ տուն էր, ահագին գումար են ծախսել լույս և այլն քաշելու համար»,- ասում է Ալլան ու հավելում, որ նրանք քիչ հոգով են, դրա համար կարողացել են փոքր տուն գնել այդ գումարով, իսկ իրենք չեն կարողանում։ Էջմիածնի իրենց վարձով տունը, օրինակ, հինգ սենյականոց է։ 

Հավաստագրերի գործողության ժամկետը մինչև 2025-ի հուլիսի 1-ն է։ Ընտանիքը չգիտի՝ ինչ է անելու, ժամանակն էլ քիչ է։ 

«Երեք ամիս ա մնացել, կարանք կարանք, չէ՝ չէ, էլ հետո ինչ ենք անելու, չգիտենք»,- ասում է Ալլան։ 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում