Երկու պահանջի կատարումից հետո պայմանագրի կնքման խոչընդոտ չի մնա․ Ալիև

Հայաստանի հանդեպ մեր ունեցած պայմաններից առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է, հետո՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 2-ին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ մամուլի ասուլիսին։
«Հայաստանի համար մեր պայմանները հայտնի են, նորություն չեն, դրանք [պայմանները] մենք երկար ժամանակ է՝ առաջ ենք տանում։ Սակայն Հայաստանը ցայսօր դրանց որևէ լուրջ պատասխան չի տվել․ անշուշտ առաջինը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի»,- հայտարարել է Ալիևը՝ նշելով, որ խաղաղության պայնագրի տեքստում համաձայնեցված 17 կետից բացի, Բաքուն տեքստում որևէ հավելյալ պայման չի ներկայացնում։
Ինչ վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցին, Ալիևը մասնավորապես ասել է.
«Երկրորդ հարցը [պահանջը] Հայաստանի Սահմանադրությանն է վերաբերում, քանի որ դրանում Անկախության հռչակագրին հղում է արվում, և այն Սահմանադրության մաս է։ Երբ այդ երկու պահաջները կատարվեն, խաղաղության պայմանագրի կնքման համար որևէ խոչընդոտ չի մնա, ինչպես ասում ենք գնդակը Հայաստանի դաշտում է»։
Ալիևը վստահեցրել է, որ Հայաստանի կողմից Բաքվի պահանջները ընդունելուց է կախված, թե հայկական կողմը որքանով է պատրաստ խաղաղության պայմանագրի կնքմանը։
Ադրբեջանի նախագահը, խոսելով խաղաղության պայմանագրի մասին, նշել է, թե Հայաստանը տեքստում մինչև 2024-ի հունվար փորձել է հիշատակել նաև Լեռնային Ղարաբաղը, այնինչ ըստ Ալիևի՝ ներկայում դրա մասին հիշատակում չկա։
«Դա Հայաստանի պատրանքներից էր։ Գոյություն ունի՝ Ադրբեջանի Ղարաբաղի շրջան», - միտքն ամփոփել է Ալիևը։
***
Մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքները՝ եզրափակելով տևական ժամանակ բաց մնացած երկու հարցի վերաբերյալ քննարկումները։ Դրանք վերաբերում էին սահմանից երրորդ ուժերի դուրս բերմանն ու փոխադարձության սկզբունքով միջազգային հայցերի հետկանչին։
Խաղաղության պայմանագրի համաձայնեցված 17 կետից բացի, Ադրբեջանը համաձայնագրից դուրս Հայաստանի առաջ ևս երկու պահանջ է դնում՝ փոխել Սահմանադրությունն ու լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ն։
Civilnet










