Սիրանուշ Ադամյան
Արցախից տեղահանված 57-ամյա Արարատ Ազիզյանն արդեն հինգ ամսից ավելի է՝ Երևանի հիվանդանոցներից մեկում է ապրում։ Երկրորդ ոտքը հիվանդանոցում ամպուտացնելուց հետո բժշկական կենտրոնը թույլատրել է մնալ իրենց մոտ, մինչև այլ տեղ գտնի, բայց չի կարողանում գտնել։
Արարատ Ազիզյանն Արցախյան ազատամարտի մասնակից է։ Ձախ ձեռքից վիրավորվել է դեռ պատերազմի ժամանակ։ Տարբեր բուժումներից հետո ձեռքը սկսել է շարժվել։ Մինչև 2007-ը Ստեփանակերտի ավտոկայանում երթևեկության կարգավար էր աշխատում, այնուհետև սկսեց Ստեփանակերտ-Երևան և հակառակ ուղղությամբ երթեր վարել։
«Իմ համար լավ աշխատում էի, օրական 40-50,000 դրամ էի աշխատում, օր է եղել՝ 100,000 եմ աշխատել, նորմալ ապրում էի։ Բայց որ սենց դառա, սաղ վարի գնաց»,- ասում է Արարատը։
Արարատը փտախտ (գանգրենա) ուներ։ 2021- ի սկզբին հեռացրել են նրա ոտքը։ 2023-ի տեղահանությունից մոտ մեկ տարի անց մյուս ոտքն են հեռացրել։ Մինչ այդ մորաքրոջ ընտանիքի հետ էր մնում, բայց նրանք էլ տեղափոխվել են Ռուսաստան։ Վիրահատությունից հետո բժշկական կենտրոնը թույլատրել է մնալ իրենց մոտ, քանի որ գնալու տեղ չունի։

Տևական ժամանակ իր համար մեկ սենյականոց փոքր տեղ է փնտրում՝ մնալու համար։ Ասում է՝ ինքն իրեն կարող է խնամել մի կերպ, կարևորը՝ տեղը լինի։
Ներկայում 90,000 դրամ նպաստ է ստանում։ Ասում է՝ գոնե եթե այդ գնով ինչ-որ հարմար տուն գտնի, բնակվարձի համար տրվող 40,000-ով էլ իր կարիքները կհոգա։
«Չարբախ մի սեփական տուն եմ գտել, 120,000 փող են ուզում, դե էդքան ես ոնց տամ մենակով, հաց ուտել կա, բան կա։ Էրեբունի հիվանդանոցի մոտ էլ մի հանրակացարան կար, ասում էին՝ ռեմոնտ են անում, մի երեք օր է մնացել, որ պրծնեն. զանգել ասում եմ՝ բայց ինչ կա էդտեղ, ասում են` ոչ մի բան, դատարկ սենյակ է, ասում են արի, ոնց ուզում ես ապրի»։
Արարատի համար դժվար է հարմար տեղ գտնելը. բնակարանը կամ պետք է առաջին հարկում լինի ու հարմար հաշմանդամություն ունեցողների համար, կամ էլ, եթե այլ հարկում է, անպայման վերելակ լինի շենքում։


«Իմը շատ պռոբլեմատիկ է, պիտի համ տան մուտքը ուղիղ լինի, համ բաղնիք-խոհանոցի մուտքը, աստիճան չլինի, որ կարողանամ անվասալյակով մտնել-դուրս գալ։ Ժամանակի ընթացքում իմը կստեղծեմ, ինձ համար համ հացը կսարքեմ, համ կլողանամ, ամեն ինչ կանեմ ինքս, կարևորը էս հարմարությունները լինեն»,- ասում է Արարատը։
Արարատի քույրը դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային կենտրոն։ Քրոջ խոսքով՝ կենտրոնից ուզել են օգնել, Գյումրիի ծերանոցն են առաջարկել, բայց Արարատը սկզբից մերժել է՝ ասելով, որ հեռու, համ էլ այդ պահին անվասայլակ չուներ, առանց որի չէր կարող գնալ այնտեղ։ Մի ժամից զանգել ու համաձայնել է, բայց ասել են, որ այլևս տեղ չկա։
Խնամքի կենտրոն դիմելու մասին չի մտածել, դեռ ուզում է հարմար տուն գտնել, ինքնուրույն փորձել ապրել, որովհետև չի ուզում այլոց նեղություն տալ։
«Հիվանդանոցում նախաճաշ, ընթրիք ապահովում են, ինձ հարգում են, շատ լավ են վերաբերվում, բայց դե ինչքան կարամ ստեղ մնամ, պետք ա իմը ունենամ»։

Civilnet











