Իրավապաշտպանն ահազանգում է քրեակատարողական հիմնարկում բռնության մասին

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ապրիլի 3-ին ահազանգել է, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում տեղի է ունենում բռնության ալիք ցմահ դատապարտյալների նկատմամբ։
«Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից հայտնում են, որ 5-րդ հարկում ջարդ է։ Բոլոր ցմահ դատապարտյալներին ծեծի են ենթարկել։ Արյունլվա ընկած են, իսկ որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։ Հարցնում էին՝ ինչի համար, ի՞նչ ենք արել։ Սա ի՞նչ ջարդ է։ Ո՞ւմ հրահանգով են ջարդում այդ մարդկանց», - գրել է իրավապաշտպանը։
Նա ընդգծել է, որ տեղյակ է պահել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին և պահանջել է անհապաղ այց կազմակերպել և հրապարակային հայտարարությամբ հանդես գալ։
Քրեակատարողական հիմնարկից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ հանդես կգան պարզաբանմամբ։
Հայտարարություն տարածեց նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ հայտնելով, որ ահազանգ է ստացվել, թե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին։ Նշվում է, որ պաշտպանի հանձնարարությամբ «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկ է մեկնել արագ արձագանքման խումբ՝ տեղում բարձրացված խնդիրների մանրամասներին ծանոթանալու, ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ առանձնազրույց ունենալու նպատակով: Աշխատակազմում ուսումնասիրվում են նաև նշված դեպքի վերաբերյալ հրապարակային նյութերը:
Լուսանկարը՝ Արմենպրեսի
Civilnet










