Գերիների ազատության նախապայմանը կստանա Թրամփի աջակցությունը․ միջազգային փաստաբան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դիրքորոշումն է, որ Բաքվում պահվող հայ քրիստոնյա ռազմագերիների ազատ արձակումը լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի առաջխաղացման նախապայման։ CNA-ը (Catholic News Agency)-ի հետ զրույցում ասել է Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան, իրավապաշտպան Ջարեդ Գենսերը։
«Մեզ ասվել է, որ նրանց ազատությունը պետք է լինի նախապայման, որպեսզի նախագահ Թրամփը վերջնական աջակցություն հայտնի խաղաղության պայմանագրին», - հայտնել է Գենսերը:
Վարդանյանի միջազգային փաստաբանը նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր պաշտպանել հալածանքների ենթարկվող հայ քրիստոնյաներին, դատապարտելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որպես «էթնիկ զտում»:
Գենսերը նշել է, որ Վարդանյանին՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդին չի թույլատրվել ունենալ Աստվածաշունչ, ինչը, նրա խոսքերով, «միայն ամրապնդում է այն, որ նրա և Լեռնային Ղարաբաղի այլ առաջնորդների հալածանքը բացառապես այն պատճառով չէ, որ նրանք եղել են այսպես կոչված «անկախացող հանրապետության» ներկայացուցիչներ, այլ պայմանավորված է նաև նրանց քրիստոնյա լինելու հանգամանքով»:
«Մենք նաև տեսել ենք էթնիկ զտումից հետո հայկական եկեղեցիների և հայկական ժառանգության այլ հուշարձանների հիմնահատակ ավերումը», - ասել է Գենսերը:
Գենսերի խոսքով՝ Վարդանյանին ազատելու իր աշխատանքի մի մասը վերաբերում է նաև բոլոր մյուս հայ գերիների, Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքների, ինչպես նաև երկու երկրների միջև իրական խաղաղության և կայունության հասնելու խնդիրներին:
«Երբ դու ներկայացնում ես բարձր հեղինակություն ունեցող քաղբանտարկյալի, քո աշխատանքը չի վերաբերում բացառապես նրան: Իրականում այստեղ խոսքը հարցերի ավելի լայն շրջանակին նայելու և դրանց լուծման համար ջանքեր գործադրելու մասին է»,-ասել է նա:
«Կարծում եմ` դա իսկապես կարևոր զարգացում է, քանի որ մեր ամենամեծ մտավախությունն այն էր, որ եթե խաղաղության գործընթացը շարունակվի՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի կամ հայ քրիստոնյա գերիների հարցի լուծումը, ապա դժբախտաբար, դա կարող է հանգեցնել այդ բանտարկյալների զոհաբերմանը՝ որպես այդ համաձայնության մի մաս»:
Ըստ Գենսերի, այս կարևոր հարցերից ոչ մեկը ներառված չէ խաղաղության պայմանագրում, դրանք չկան նաև երկկողմ օրակարգում: Այնուամենայնիվ, նրա խոսքով, Թրամփի վարչակազմը կարող է շատ բան անել այս նպատակներին հասնելու համար:
Գենսերը հրաժարվել է ասել, թե ինչ կոնկրետ մեթոդներ պետք է կիրառվեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու համար, չնայած նա խրախուսել է Թրամփի վարչակազմին «ցնցել» Ադրբեջանի նախագահին, ում նա նկարագրել է որպես բռնապետ:
«Ի վերջո, բռնապետները քաղբանտարկյալներին ազատ են արձակում միայն այն ժամանակ, երբ ստիպված են դա անել: Նրանք երբեք դա չեն անում մեծահոգությունից կամ մարդասիրական մղումներից ելնելով: Դա տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ բռնապետը տեսնում է, որ քաղբանտարկյալին կամ քաղբանտարկյալներին կալանքի տակ պահելն իր վրա ավելի թանկ է նստում, քան ազատ արձակելը»,- ասել է իրավապաշտպանը:
Հայ քրիստոնյա գերիների դժվարին վիճակի մասին հարցին ի պատասխան ԱՄՆ Պետքարտուղարությունը CNA-ին ասել է հետևյալը. «Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին տարածաշրջանում մեր դեսպանատների միջոցով: Բոլոր կալանավորված անձանց իրավունքները պետք է հարգվեն, և եթե նրանց քրեական մեղադրանք է առաջադրվել, նրանց պետք է տրամադրվեն արդար դատավարության բոլոր երաշխիքները»:
Փաստաբանն ասել է, որ խաղաղությունը հնարավոր չի լինի, քանի դեռ «բոլոր խնդիրները չեն բացահայտվել, բանակցվել և լիովին լուծվել խաղաղության պայմանագրի շրջանակներում»:
«Խաղաղության պայմանագիրը, որը չլուծված է թողնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագան և հայ քրիստոնյա գերիների ազատ արձակումը, ապագա բռնկումների, տարաձայնությունների և նույնիսկ հնարավոր պատերազմի բաղադրատոմս է», - ասել է նա:
***
Բաքուն հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը՝ չնայած հայկական կողմը փաստական տվյալներ ունի, որ Բաքուն պահում է ևս 32 հայ գերու։
2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իննամսյա շրջափակումից և երկրամասի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնխարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Նրանց ներկայացված են բազմապիսի կեղծ մեղադրանքներ, որոնք նախատեսում են ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։ Ռազմական դատարանի առջև նրանցից բացի կանգնած է ևս ութ հոգի։
Civilnet










