Դատախազության 2024-ի զեկույցը. կոռուպցիոն դեպքեր՝ Վարդան Ղուկասյանից մինչև Ալեքսանդր Սարգսյան

Գևորգ Թոսունյան
Գլխավոր դատախազությունը Գյումրիի նախկին քաղաքապետ, ներկայում Գյումրիում ընդդիմության քաղաքապետի միասնական թեկնածու Վարդան Ղուկասյանից 17 անշարժ գույք ու 224 միլիոն դրամ է պահանջում։ Այդ մասին հիշատակում կա դատախազության գործունեության 2024-ի զեկույցում։
Նշվում է, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում սկսված այս ուսումնասիրությունը դատարան է ներկայացվել 2024-ի օգոստոսի 16-ին։ Դատախազության պահանջը Ղուկասյանից և նրան փոխկապակցված երեք անձանցից է (կին, որդի, դուստր)։ Բացի այդ, պահանջվում է մեկ տրանսպորտային միջոց և երկու իրավաբանական անձանցում մասնակցություն։
Նախորդ տարի նաև հայց է ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի և նրան փոխկապակցված չորս անձանց (կին, որդիներ, որդու կին) դեմ։ Դատախազությունը նրանցից պահանջում է 14 անշարժ գույք, հինգ ավտոմեքենա, ավելի քան 357 մլն դրամ՝ որպես Հայաստանի սահմաններից դուրս գտնվող անշարժ ու շարժական գույքերի ձեռքբերման արժեք, հինգ իրավաբանական անձանցում մասնակցություն, 950 մլն դրամ ավանդ, ինչպես նաև 3,7 մլրդ դրամ գումար:
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանից և նրան փոխկապակցված երեք անձանցից (կին, երկու որդիներ) դատախազությունը պահանջում է բռնագանձել 13 անշարժ գույք, երեք տրանսպորտային միջոց, երկու իրավաբանական անձանցում մասնակցություն, երեք պարտատոմս, ավելի քան 246,000 դոլար ավանդ և շուրջ 460 մլն դրամ գումար։
Մեկ՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ
2024-ի ընթացքում գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում ստացվել են 121 քրեական վարույթով 201 անձի վերաբերյալ զեկուցագրեր (2023-ին՝ 46 քրեական վարույթով 79 անձի վերաբերյալ) և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների վերաբերյալ 16 նյութ՝ 16 անձի՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելիության վերաբերյալ (2023-ին՝ 27 զեկուցագիր 28 անձի վերաբերյալ):
Դատախազությունը ուսումնասիրություն սկսելու 163 որոշում (2023-ին՝ 82) է կայացրել, իսկ ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին՝ 45 որոշում (2023 թվականին՝ 26 որոշում):
Ընդհանուր առմամբ, ըստ դատախազության տվյալների՝ վարչության ձևավորումից առ այսօր, դատարաններում քննվող 136 հայցադիմումներով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 270 շարժական գույք,
- 1381 անշարժ գույք,
- 359 իրավաբանական անձանցում մասնակցություն,
- Ավելի քան 527 մլրդ դրամ:
Հաղորդվում է նաև, որ կնքել է հաշտության չորս համաձայնություն։ Բացի այդ, դատարանի կողմից կայացվել են հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու մասին մեկ և մասնակի բավարարելու մասին չորս վճիռներ, որոնք դեռ չեն մտել օրինական ուժի մեջ։ Միայն ամբողջությամբ բավարարված մեկ վճիռ է ուժի մեջ մտել:
Կոռուպցիոն դեպքերը նվազել են
Հայաստանում նվազել են կոռուպցիոն հանցագործության դեպքերը, արձանագրում է զեկույցը։
Նշվում է, որ 2024-ի ընթացքում Հայաստանում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործության 1116 դեպք (2023-ին՝ 1368), այսինքն՝ դեպքերի թիվը նվազել է 252-ով կամ 18,4%- ով:

Կոռուպցիոն հանցագործությունների թվի նվազումը հիմնականում, ըստ դատախազության, պայմանավորված է պետական մարմինների պաշտոնյաների շրջանում հանցագործությունների թվի կրճատմամբ։ Մասնավորապես նշվում է, որ կաշառք տալու դեպքերն են նվազել. եթե 2023-ին արձանագրվել էր 274 դեպք, ապա 2024-ին՝ 153։
Մյուս կողմից, 2023-ին պաշտոնեական կեղծիքի 133 դեպ էր արձանագրվել, իսկ 2024-ին՝ 99 և այլն։
Միաժամանակ աճել են մասնավոր ոլորտում կաշառք ստանալու (2024-ին՝ 15 դեպք, 2023-ին՝ 10), մասնավոր ոլորտում կաշառք տալու (2024-ին՝ 5 դեպք, 2023-ին՝ 4), պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալու (2024-ին՝ 17 դեպք, 2023-ին՝ 7) դեպքերը:
Դատախազությունը նաև հաղորդում է, որ նախորդ տարվա ընթացքում նախաքննության մարմինների կողմից քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 3526 քրեական վարույթ (2023-ին՝ 3556): 2023-ի համեմատությամբ՝ քննված քրեական գործերի թիվը նվազել է 30-ով կամ 0,8%-ով։
2024-ի ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննված 3526 քրեական վարույթից ավարտվել է 1097-ը (2023-ին՝ 908), որոնցից 880-ը կարճվել է (2023-ին՝ 602), իսկ 217 քրեական վարույթ՝ 493 անձի վերաբերյալ (2023-ին՝ 306 քրեական վարույթ՝ 757 անձի վերաբերյալ) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 321 քրեական վարույթ միացվել է այլ քրեական վարույթների, իսկ անավարտ է մնացել 1735 քրեական վարույթ:
Որքան գումար է վերադարձվել պետությանը և համայնքներին
Դատախազության տվյալներով՝ 2024-ի ընթացքում կոռուպցիոն բնույթի ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը, համայնքներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված ավելի քան 1,1 մլրդ դրամ գույքային վնաս։ Այս թիվը նվազ է, քան 2023-ին՝ 1,3 մլրդ դրամ։
Այս գումարից պետությանը վերադարձվել է ավելի քան 805 մլն դրամ (2023-ին՝ 1,2 մլրդ դրամ), համայնքներին՝ 229 մլն դրամ (2023-ին՝ 43 մլն դրամ), իրավաբանական անձանց՝ 123 մլն դրամ (2023-ին՝ 106 մլն դրամ), ֆիզիկական անձանց՝ 5,5 մլն դրամ։
Ազդարարման համակարգի մասին
Դատախազությունում 2024-ի ընթացքում ներքին ազդարարման դեպքեր չեն գրանցվել: Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով 2024-ին ստացվել է 380 հաղորդում, որից 301-ը՝ անանուն, 79-ը՝ տվյալներով: Ստուգման է ուղարկվել 237 հաղորդում, հիշյալ հաղորդումների ստուգման արդյունքներով նախաձեռնվել է 21 քրեական վարույթ:
Գլխավոր լուսանկարում Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը մարտի 30-ի ընտրության ժամանակ
Կարդացեք նաև՝
Թեմա
Civilnet










