Բաքվի դատարանում ցուցմունք է տվել Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի շինծու դատավարությունը, հայտնում է APA-ն։ Պետական դատախազի հարցերին պատասխանել է Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը։ Ըստ լրատվամիջոցի, նա ասել է, թե դեմ է եղել Ադրբեջանի հետ Արցախի հայ բնակչության ինտեգրմանը։
«Ինտեգրումն անհնար էր։ Ոչ մի պաշտոնյա ինտեգրման հեռանկար չի տեսել»,- ասել է Բաբայանը։
APA-ն գրում է, թե Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ ինտեգրմանը դեմ են արտահայտվել նաև Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը և Արցախի այլ պաշտոնյաներ։
Բաքուն հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը՝ չնայած հայկական կողմը փաստական տվյալներ ունի, որ Բաքուն պահում է ևս 32 հայ գերու։
2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իննամսյա շրջափակումից և երկրամասի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնխարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Նրանց ներկայացված են բազմապիսի կեղծ մեղադրանքներ, որոնք նախատեսում են ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։ Ռազմական դատարանի առջև նրանցից բացի կանգնած է ևս ութ հոգի։
Թեմա
Civilnet










