Գլխավոր Լրահոս

ՍիվիլՆեթն ընդդեմ Տիգրան Ավինյանի. կայացավ դատական առաջին նիստը

ՍիվիլՆեթն ընդդեմ Տիգրան Ավինյանի. կայացավ դատական առաջին նիստը

Գևորգ Թոսունյան

Սիվիլիթաս հիմնադրամն (ՍիվիլՆեթի մայր կազմակերպությունը) ընդդեմ Երևանի քաղաքապետի Տիգրան Ավինյանի. քաղաքացիական այս հայցով ապրիլի 7-ին Երևանի քաղաքացիական դատարանում տեղի ունեցավ դատական առաջին նիստը։ Նիստին Սիվիլիթասի ներկայացուցիչը՝ փաստաբան Կարեն Տոնոյանը, մանրամասնեց հայցի հիմքերը։

Տոնոյանը հիշեցրեց, որ հայցի հիմքում դրված է 2024-ի դեկտեմբերի 18-ին «Ֆակտոր» հեռուստաընկերության եթերում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճի ընթացքում Ավինյանի հնչեցրած արտահայտություններից մեկը։

Այդ ուղիղ եթերի ժամանակ Երևանի քաղաքապետը, արձագանքելով իրեն ուղղված մեղադրանքներին և իր ընտանիքի վերաբերյալ ՍիվիլՆեթի և Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագծի (OCCRP)՝ «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հետաքննական հոդվածին, վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել։

Դատավոր Տիգրան Գրիգորյանը հետաքրքրվեց, թե կոնկրետ որ արտահայտությունն է կողմը դիտարկում որպես վիրավորական։ Փաստաբանը նշեց, որ խոսքը Ավինյանի՝ «Մեդիան մեզ մոտ դառել ա մի հատ մեծ աղբանոց» արտահայտության մասին է։ 

Փաստաբանն ասաց, որ ՍիվիլՆեթը դատարանին խնդրում է Տիգրան Ավինյանին պարտավորեցնել «Ֆակտորի» ուղիղ եթերում հրապարակայնորեն ներողություն խնդրել վերոնշյալ արտահայտության համար և հեռուստաընկերության կայքում հրապարակել դատարանի վճռի եզրափակիչ մասը։

Դատական նիստին պարզ դարձավ, որ Տիգրան Ավինյանի ներկայացուցիչը հայցադիմումին որևէ պատասխան կամ այլ դիրքորոշում չի ներկայացրել։ Ավելին, կողմը տեղեկացված է եղել դատական նիստի օրվա ու ժամի մասին, սակայն դատարան չի ներկայացել։

Դատավոր Տիգրան Գրիգորյանը մերժեց պատասխանողի՝ տվյալ դեպքում Տիգրան Ավինյանի անունից որպես ներկայացուցիչ ներգրավվելու միջնորդությունը։ Դատավորը իր որոշումը պատճառաբանեց այն հանգամանքով, որ միջնորդությանը կցված չի եղել փաստաբանին տրված լիազորագիրը։

Նիստի ավարտին դատավորը ՍիվիլՆեթի ներկայացուցչին ներկայացրեց այս հանգամանքը և ասաց, որ էլեկտրոնային քաղաքացիական դատավարության պարագայում գործնականում լինում են խնդիրներ, երբ կողմը կցած է լինում լիազորագիրը, սակայն այն չի արտացոլվում։ Դատավորը հետաքրքվեց Տոնոյանից, թե արդյոք կողմ է, որ ողջամիտ ժամկետով նիստը հետաձգվի, ու Ավինյանը հնարավորություն ունենա ներկայացուցիչ ներգրավել։

«Ըստ էության, իմ վստահորդ ընկերությունը միայն կողմ է, որ Տիգրան Ավինյանն ամբողջությամբ հնարավորություն ունենա ներկայացնել իր տեսակետը այս գործի շրջանակում։ Այդ առումով, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բազմիցս լինում են տեխնիկական խնդիրներ, մենք դեմ չենք, որ հնարավորություն տրվի նրանց մասնակցել նիստերին ու դիրքորոշումը ներկայացնել»,- նշեց ՍիվիլՆեթի ներկայացուցիչ Կարեն Տոնոյանը։

Դատական նիստը այս պայմանով հետաձգվեց՝ Ավինյանին հնարավորություն տալով, որ շտկում իրականացնի իր միջնորդությունում։ Նիստը նշանակվեց մայիսի 6-ին, ժամը 17:00-ին։

***

Քաղաքացիական այս հայցով Սիվիլիթաս հիմնադրամը Ավինյանից դրամական փոխհատուցում չի պահանջում։

Տիգրան Ավինյանը Սիվիլիթասի դեմ ներկայացված հայցով պահանջում է հերքում և 3 մլն դրամ։ 

ՍիվիլՆեթի լրագրողներ Մկրտիչ Կարապետյանի և Անի Գրիգորյանի հետաքննությունը բացահայտել էր, որ 2018-2021 թթ., երբ փոխվարչապետի պաշտոնում Ավինյանը համակարգում էր նաև գյուղատնտեսության ոլորտը, գյուղատնտեսական մի ծրագրի ինը շահառու ենթապայմանագրային աշխատանք են տվել ծրագիրը վերահսկող պաշտոնյայի՝ Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերությանը: 

Այդ շահառուներից հինգը ստացել է մոտ 620,000 դոլարի ուղղակի վճարումներ՝ ինտենսիվ այգիներ հիմնելու համար: Այգիների հիմնումն իրականացրել է Ավինյանների ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ն։ Հետաքննության պատրաստման ընթացքում ՍիվիլՆեթը բազմիցս փորձել է կապ հաստատել Ավինյանի և նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև քաղաքապետարանի խոսնակի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Ավինյանները չեն արձագանքել հարցումներին և չեն օգտվել հերքման իրավունքից։ Փոխարենը՝ հոդվածի հրապարակումից շաբաթներ անց՝ 2024-ի դեկտեմբերի 10-ին, Տիգրան Ավինյանը հայցադիմում է ներկայացրել դատարան։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում