Երևանում ավելի հաճախ են գողանում մեքենայի մասեր․ ոստիկանապետ

Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողության դեպքերն ավելի շատ են Երևանում։ Այդ մասին ապրիլի 9-ին «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի ոստիկանության պետ-Ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, սակայն, այս ամենում կա ավելի մտահոգիչ մի իրողություն․ «Տասնյակ խմբեր ունենք հայտնաբերված, որոնք մեծ թվով գողություններ են կատարել, ներկայացնում ենք նախաքննության մարմին։ Վարույթներ են սկսվում, սակայն տվյալ քաղաքացիներն ազատության մեջ են ու շարունակում են իրենց սև գործը»,- նշեց ոստիկանապետը։
Նա նաև ասաց, որ շուրջօրյա ռեժիմով հերթապահություն են իրականացնում ու փորձում են կանխել այդ գողությունները։
Այս խնդիրը լուծելու համար մարտի 27-ին կառավարությունը ընդունեց մի նախագիծ, որով նախատեսվում է խստացնել նմանաբնույթ գողության համար նախատեսված պատիժը։
Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է այդ հանցատեսակը դիտարկել որպես միջին ծանրության հանցանք՝ ներկայիս՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն։ Ըստ նախագծի՝ այս փոփոխությունը կծառայի որպես զսպող մեխանիզմ՝ այս տեսակի հանցագործությունների աճը կանխելու համար։
Կարդացեք նաև՝
Civilnet










