Ռուսաստանը պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ․ Գալուզին

Մենք պատրաստ ենք վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը՝ «Իզվեստիայի» հետ զրույցում։
«Մենք պատրաստ ենք գնալ այնքան հեռու, որքան պատրաստ է վրացական կողմը։ Այստեղ մեզ համար սահմանափակումներ չկան»,- ասել է Գալուզինը։
Անդրադառնալով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզման պատճառներին, Գալուզինն ասել է, որ հարաբերությունները խզվել են Սաակաշվիլիի ռեժիմի կողմից (Սաակաշվիլին Վրաստանի նախագահն էր 2008–2013-ին)։
«Ցավում ենք, որ Վրաստանի ղեկավարությունը շարունակում է դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կապել Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ մեր դիրքորոշման հետ»,- ասել է Գալուզինը։
Ռուսաստանի դիվանագիտական պաշտոնյան վերահաստատել է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը, որ «2008-ի օգոստոսին ընդունված Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունն ու անկախությունը ճանաչելու Ռուսաստանի Դաշնության որոշումը վերանայման ենթակա չէ»։
Տեղադրություն
Civilnet










