Քաղաքական զիջումները իրավական լռություն չեն ենթադրում. Գուրգեն Պետրոսյան

Գուրգեն Պետրոսյան
Հայաստանի Հանրապետությունը մշտապես բախվում է թե՛ ագրեսիայի սպառնալիքի, թե՛ ագրեսիայի մեղադրանքների։ Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող մեղադրանքները՝ իբր Հայաստանը պատրաստվում է ագրեսիայի, փաստացի գործում են որպես քարոզչական գործիք արդարացնելու սեփական ռազմական գործողությունները Հայաստանի տարածքի դեմ։ Այս իրավիճակում ակնհայտ է, որ Հայաստանն ունի ոչ միայն իրավունք, այլև պարտավորություն ապահովելու իր իրավական պաշտպանությունը միջազգային հարթակներում՝ անկախ քաղաքական զիջողական դիրքորոշումից։
Քաղաքական զիջումը իրավական լռություն չի՛ ենթադրում
Նույնիսկ եթե Հայաստանի գործող իշխանությունը որդեգրել է զիջողական մոտեցում՝ խուսափելով միջազգային ատյաններում դիմումներից և պահանջներից, դա ոչ մի կերպ չի կարող արդարացնել իրավական պաշտպանությունից լիովին հրաժարվելը։ Միջազգային իրավունքի սուբյեկտ լինելը նշանակում է ունենալ ոչ միայն իրավունքներ, այլ նաև գործիքներ՝ այդ իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար։ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ չօգտագործել այդ գործիքները, մանավանդ երբ բախվում է փաստացի ագրեսիայի։
Միջազգային իրավունքում ագրեսիայի հակաիրավական բնույթն սկսեց ձևավորվել Առաջին աշխարհամարտից հետո։ 1928թ. Ֆրանսիան և ԱՄՆ-ն նախաձեռնեցին Քելոգ-Բրիանդի պակտը, որով պետությունները պարտավորվում էին հարցերը լուծել բացառապես խաղաղ միջոցներով։ Չնայած այս պակտի սահմանափակ ազդեցությանը՝ այն կարևոր նախադեպ էր խաղաղության սկզբունքի իրավական ամրագրման ուղղությամբ։
Երկրորդ աշխարհամարտից հետո՝ Նյուրնբերգյան դատավարություններում, «խաղաղության դեմ հանցագործությունը» դարձավ հիմնական մեղադրանքներից մեկը։ Առաջին անգամ էր, երբ պետության ղեկավարները ենթարկվում էին քրեական պատասխանատվության ագրեսիայի համար։
ՄԱԿ-ի կանոնադրությունը հետագայում ամրագրեց ուժի կիրառման արգելքը որպես միջազգային իրավունքի հիմնաքարային սկզբունք։ 1974թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց ագրեսիայի սահմանման վերաբերյալ բանաձև (3314), սակայն այն չուներ պարտադիր իրավական ուժ։ Ագրեսիայի հանցագործության իրավական ամբողջական ձևակերպումը իր արտահայտությունը գտավ միայն 2010թ․ Կամպալայի համաժողովում՝ Հռոմի ստատուտի շրջանակներում։ Այդ փոփոխությամբ ագրեսիայի հանցագործությունն ընդգրկվեց Միջազգային քրեական դատարանի իրավազորության մեջ, սակայն բացառապես այն պետությունների նկատմամբ, որոնք վավերացրել են համապատասխան դրույթները։ Մինչ այսօր Հռոմի ստատուտի՝ ագրեսիայի հանցագործության դրույթը վավերացրել է ընդամենը 47 պետություն՝ 125 անդամ պետություններից։
Թեև Հռոմի ստատուտով ագրեսիայի հանցագործությունն իրավաբանորեն ամրագրված է, գործնական կիրառության տեսանկյունից առկա է էական խնդիր․ ստացվում է, որ վավերացրած պետության ղեկավարը կարող է ենթարկվել քրեական հետապնդման, մինչդեռ այն պետության ղեկավարը, որը ագրեսիա է իրականացրել այդ պետության դեմ, բայց չի վավերացրել համապատասխան դրույթը, մնում է իրավական հետապնդումից դուրս։
Ռուս-ուկրաինական պատերազմը պարզորոշ ի ցույց դրեց այս մեխանիզմի սահմանափակ գործունակությունը՝ փաստացի վերածելով ագրեսիայի հանցագործության դրույթը առավելապես խորհրդանշական գործիքի։
2025 թվականից սկսած՝ մեկնարկել են միջազգային քննարկումներ՝ ուղղված Հռոմի ստատուտի համապատասխան փոփոխություններին, մասնավորապես, ագրեսիայի հանցագործության իրավազորության ընդլայնմանը։ Նպատակն է ստեղծել այնպիսի մեխանիզմ, որով դատարանը կարող է իրավազորություն ունենալ նաև այնպիսի դեպքերում, երբ ագրեսիայի ենթարկված պետությունը վավերացրել է ստատուտը, իսկ ագրեսոր պետությունը՝ ոչ։
Ինչո՞ւ է սա կարևոր Հայաստանի համար
Հայաստանը մինչ այժմ լիարժեք չի կիրառել ագրեսիայի հանցագործության վերաբերյալ միջազգային իրավունքի տրամադրած հնարավորությունները, սակայն ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակն ու տարածաշրջանային սպառնալիքները պահանջում են վերանայել այս մոտեցումը։ Մասնավորապես՝
- Հայաստանը կարող է միջազգային հանրության առջև փաստարկված ներկայացնել, որ իր դեմ իրականացված ռազմական գործողությունները դասվում են ագրեսիայի հանցագործության դաշտում՝ խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։
- Ագրեսիայի իրավական ճանաչումը կարող է ծառայել որպես հիմք՝ դիվանագիտական մակարդակում պահանջելու կոնկրետ արձագանքներ՝ ուղղված ագրեսիայի կանխարգելմանն ու պատժմանը։
- Իրավական քայլերը կարող են լրացուցիչ ազդակ հանդիսանալ միջազգային գործընկերների համար, որ Հայաստանը չի դիտարկում ագրեսիվ ռազմավարություն իր հարևանների նկատմամբ։
- Այս գործընթացը կարող է ձևավորել նախադեպային հիմք՝ ապագայում միջազգային ատյաններում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունների վերաբերյալ հնարավոր գործերի հարուցման նպատակով։
- Հայաստանը պետք է դառնա ակտիվ մասնակից Հռոմի ստատուտի ագրեսիայի հանցագործության բարեփոխումների գործընթացում՝ բարձրաձայնելով, որ իր դեմ ուղղված ագրեսիան պետք է արժանանա դատապարտման և համապատասխան իրավական արձագանքի։
Հայաստանը պետք է որդեգրի հավասարակշռված մոտեցում քաղաքական իրողությունների և իրավական գործիքակազմի օգտագործման միջև։ Իրավական լռությունը կարող է ոչ միայն թույլ տալ հակառակ կողմին ամրապնդել իր քարոզչությունը, այլև միջազգային հանրությանը թողնել թերի և միակողմանի տեղեկատվության պայմաններում։
Ագրեսիայի հանցագործության վերաբերյալ միջազգային իրավունքի զարգացումները հստակ հնարավորություն են ընձեռում իրավական հարթությունում կանխելու ագրեսիան, և Հայաստանը պետք է այդ հնարավորությունները դիտարկի որպես իր ազգային անվտանգության պաշտպանության անքակտելի մաս։
Գուրգեն Պետրոսյանը Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահն է, միջազգային իրավունքի մասնագետ, Էրլանգեն-Նյուրնբերգ համալսարանի դասախոս
Civilnet










