Խոշտանգումները Հայաստանում. 10 տարում հարուցված գործերի 80 տոկոսը «փակվել է»

Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում խոշտանգման վերաբերյալ ստացվել է 859 հաղորդում, որոնց հիման վրա հարուցվել է 784 քրեական վարույթ, իսկ 75-ով կայացվել է քրեական վարույթը մերժելու որոշում։ Այս մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են դատախազությունից։ Սակայն այս տվյալներում աչքի է ընկնում մի ուշագրավ հանգամանք՝ հարուցված գործերից կեսից ավելին 630-ը նախաքնության փուլում մերժվել է։
Նախաքննությունը շարունակվում է ընդամենը 146 վարույթով։ Այս 784 վարույթներից միայն 8 գործ է դատարան ուղարկվել մեղադրական եզրակացությամբ, իսկ 3 քրեական գործով 4 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ։
ՍիվիլՆեթը հարցմամբ հետաքրքրվել էր հենց ոստիկանների կամ ոստիկանության բաժանմունքներում խոշտանգման դեպքերի մասին, սակայն դատախազությունից հայտնել են, որ «նախաքննության փուլում գտնվող վարույթներով անձանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդում առկա չէ»։ Դատախազության տրամադրած տվյալները վերաբերում են ընդհանուր հանցագործությունների վիճակագրությանը, այդ թվում՝ ոստիկանների կողմից։
Հանրային ուշադրությունն այս խնդրին սևեռվեց մարտի 17-ին՝ փաստաբան Ռոման Երիցյանի Ֆեյսբուքում հրապարակած գրառմամբ, որը վերաբերում էր Տիգրան Ուլուբաբյանի՝ Լոռու մարզային ոստիկանության բաժնում ենթադրյալ խոշտանգմանը և վիրավորանքներին։ Դեպքը լայն հնչեղություն ստացավ մի շարք լրատվամիջոցների շնորհիվ։
ՍիվիլՆեթն ուսումնասիրել է նաև այլ աղբյուրներ, մասնավորապես՝ Մարդու իրավունքների պաշտպանի 2024 թվականի զեկույցը, որտեղ նշվում է, որ միայն այդ տարի ոստիկանների կողմից բռնության դեպքերով նախաձեռնվել է 224 քրեական վարույթ։ Դրանցից 115-ը վերաբերում է խոշտանգումներին, իսկ 109-ը՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումներին, որոնք ուղեկցվել են բռնությամբ կամ դրա սպառնալիքով։
ՄԻՊ-ի զեկույցում նշված է, որ իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։
«Քրեակատարողական հիմնարկներ կատարված մշտադիտարկման այցերի ընթացքում նույնպես տեղեկություններ են ստացվել ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորումների վերաբերյալ»,- ասված է զեկույցում։
Գևորգ Թոսունյան
Գլխավոր լուսանկարը պատրաստվել է ԱԲ գործիքով
Civilnet










