Գլխավոր Լրահոս

ՍԴ-ն հաստատել է Ապօրինի ծագում ունեցող գույքի մասին օրենքը՝ հստակեցնելով կիրառման սահմանները

ՍԴ-ն հաստատել է Ապօրինի ծագում ունեցող գույքի մասին օրենքը՝ հստակեցնելով կիրառման սահմանները

Սահմանադրական դատարանը ապրիլի 16-ին որոշում է կայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ։

Սահմանադրական դատարանից, մասնավորապես, տրամադրել են որոշման եզրափակիչ հատվածը։ Ըստ այդմ՝ ՍԴ-ն երեք կետով գտել է, որ վիճարկվող հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը։ Դրանցից երկուսով նշել է, որ հոդվածները համապատասխանում են հստակ մեկնաբանությամբ։ ՍԴ-ն եզրահանգել է, որ օրենքի իմաստով՝ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի՝ պաշտոնն ստանձնելու պահից հետո։ Մեկ այլ հոդված, որը վիճարկվել է, համապատասխանել է հետևյալ մեկնաբանությամբ՝ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։

Ներկայացնում ենք ՍԴ եզրափակիչ հատվածը․
«... Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց.

  1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանը այն մեկնաբանությամբ, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի՝ պաշտոնն ստանձնելու պահից հետո։
  2. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանը այն մեկնաբանությամբ, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։
  3. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Դիմողի կողմից վիճարկվող մնացած դրույթները՝ դրանց վերաբերյալ ներկայացված հիմնավորումների շրջանակում, Սահմանադրությանը համապատասխանության վերացական ստուգման արդյունքներով համապատասխանում են Սահմանադրությանը։
  4. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։

Օրենքի սահմանադրականության հարցը վիճարկում էր նաև պատգամավորների մեկ հինգերորդի կողմից։ ՍԴ-ն այն քննում էր ավելի քան 3 տարի։

Գլխավոր դատախազության տվյալներով՝ համապատասխան վարչության ձևավորումից հետո դատարաններում քննվող 136 հայցադիմումներով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 270 շարժական գույք,
  • 1381 անշարժ գույք,
  • 359 իրավաբանական անձանցում
    մասնակցություն:

Դրամական պահանջը կազմում է ավելի քան 527 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր հայցագինը՝ շուրջ 600 միլիարդ դրամ: Առ այսօր կայացվել է ավելի քան 10 վճիռ, իսկ պետությանը վերադարձվել շուրջ 20 մլն դոլար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում