Ո՞ւր է ընկեր Նեֆեդովը․ ՆԳՆ-ն ինը ամիս է՝ «չի գտնում» ԱՄՆ-ի կողմից հետախուզվողին

Գևորգ Թոսունյան
2024-ի հունիսի 22-ին Երևանի առաջին ատյանի դատարանի շենքից դատական նիստի ընթացքում բառի բուն իմաստով ճեմելով դուրս եկավ ու փախուստի դիմեց Հայաստանում ձերբակալված և ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացի Օլեգ Նեֆեդովը։ ՍիվիլՆեթի տվյալներով՝ արդեն ինը ամիս է, ինչ Նեֆեդովին չեն կարողանում հայտնաբերել։
ՍիվիլՆեթը հարցում է ուղարկել Ներքին գործերի նախարարություն՝ պարզելու՝ արդյոք Նեֆեդովը լքել է Հայաստանի սահմանը։ Պատասխանը տարօրինակ էր։ Պարզվում է՝ Հայաստանից փախուստի դիմած հանցագործի իրավունքները պաշտպանված են այնքան բարձր մակարդակով, որ ՆԳՆ-ն հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել առանց նրա համաձայնության։
«Տվյալ պարագայում հայցվող տեղեկությունների տրամադրումը ենթակա է մերժման, քանի որ պարունակում է Օլեգ Նեֆեդովի անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ և բացակայում է վերջինիս կողմից տրված համապատասխան լիազորագիրը»,- նշված է ՆԳՆ պատասխանում։
Այսպիսով՝ Նեֆեդովի իրավունքները պաշտպանված են, Նեֆեդովը՝ ազատության մեջ։
Ինչպե՞ս Նեֆեդովը փախավ դատարանից
Նեֆեդովի փախուստը, թերևս, Հայաստանի դատական համակարգի պատմության ամենաունիկալ դրվագներից է։ Ամեն ինչ տեղի ունեցավ ոստիկանների, կարգադրիչների ու դատախազի աչքի առաջ։
Նրա փախուստի մանրամասները հրապարակայնացվեցին միայն Բարձրագույն դատական խորհրդի՝ 2024-ի սեպտեմբերի 18-ի նիստի ընթացքում, երբ քննարկվում էր դատավոր Արտուշ Գաբրիելյանի կարգապահական պատասխանատվության հարցը։ Գաբրիելյանը, որը համակարգի հնաբնակներից է, նիստ էր անցկացրել Նեֆեդովի կալանքի հարցով և որոշում կայացրել՝ Նեֆեդովի փախուստից ընդամենը մի քանի րոպե անց։
Նեֆեդովը ձերբակալվել էր հունիսի 21-ին՝ ժամը 11:00-ին։ Դատախազը միջնորդություն էր ներկայացրել նրան ժամանակավոր կալանավորելու վերաբերյալ՝ հունիսի 22-ին, ժամը 13:30-ին՝ ձերբակալումից մոտ 26 ժամ անց։ Իսկ դատական նիստը նշանակվել է միայն հունիսի 24-ին՝ կալանավորման 72-ժամյա ժամկետի ավարտից ընդամենը մեկ ժամ առաջ։

Նիստի ընթացքում պարզվել է, որ փաստաթղթերից մեկը բացակայում է, և դատավորը որոշել էր հետաձգել նիստը՝ բանավոր հրահանգ տալով կարգադրիչներին։ Վերադառնալով իր աշխատասենյակ՝ նա փաստացի թողել է Նեֆեդովին ազատ քայլել դատարանի շենքում։ Վերջինս օգտվել է պահից, զբոսնել շենքի միջանցքներում, դուրս եկել, նստել մեքենան և հեռացել։
Գաբրիելյանն ինքը հետագայում ընդունել է, որ եթե որոշումը կայացվեր մինչև 72-ժամյա ժամկետի լրանալը, փախուստը կանխել հնարավոր կլիներ։
ԲԴԽ-ն դատավորին խիստ նկատողություն տվեց, սակայն նրան պաշտոնանկ չարեց։ ԲԴԽ անդամ Կարեն Թումանյանը պնդել էր, որ Գաբրիելյանի գործողությունները հիմք են լիազորությունների դադարեցման համար։
Այսօր Արտուշ Գաբրիելյանը շարունակում է պաշտոնավարել։
Օլեգ Նեֆեդովը ազատության մեջ է։
ՆԳՆ-ն շարունակում է «փնտրել» նրան՝ միաժամանակ պահպանելով նրա անձնական տվյալները։
Գլխավոր լուսանկարը պատրաստվել է ԱԲ գործիքի միջոցով
Կարդացեք նաև՝
Թեմա
Civilnet










