«Զգուշավոր լավատեսություն»՝ Իրան-ԱՄՆ բանակցությունների շուրջ

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ողջունել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև Հռոմում անցկացված բանակցությունների «համեմատաբար դրական մթնոլորտը»՝ նշելով, որ «զգուշավոր լավատեսություն» ունի բանակցությունների հեռանկարների վերաբերյալ:
«Հռոմի՝ համեմատաբար դրական մթնոլորտը, հնարավորություն է տվել առաջընթաց գրանցել հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ»,- գրել է Արաղչին՝ X-ում:
Ապրիլի 19-ին Թեհրանի և Վաշինգտոնի միջև Հռոմում կայացել են երկրորդ փուլի բանակցությունները, որոնց ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումներն Իրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ պատժամիջոցների դադարեցման շուրջ:
ԱՄՆ նախագահի վարչակազմը լավատեսություն է հայտնել բանակցություններից հետո՝ մատնանշելով «շատ լավ առաջընթացը», և որ նրանք «պայմանավորվել են կրկին հանդիպել» այս շաբաթ:
Իրանցի պաշտոնյաներն ասում են, որ տեխնիկական փորձագետների միջև բանակցությունները կսկսվեն չորեքշաբթի՝ ապրիլի 23-ին, Օմանում՝ շաբաթ օրը կայանալիք բարձր մակարդակի բանակցությունների երրորդ փուլից առաջ: «Երկու կողմերը պայմանավորվել են շարունակել անուղղակի բանակցությունները մի քանի օրից՝ տեխնիկական մակարդակով, որին հաջորդելու է մեկ այլ փուլ՝ բարձր մակարդակով առաջիկա շաբաթ օրը», - X-ում հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաքաին։
Միջուկային ծրագրի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի նախորդ բանակցությունները տեղի էին ունեցել ապրիլի 12-ին՝ Օմանում։
ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին ուղղակի բարձր մակարդակի բանակցությունները տեղի էին ունեցել տասը տարի առաջ՝ 2015-ին, երբ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին և Իրանի արտաքին գործերի նախկին նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն աշխատում էին ավարտին հասցնել Իրանի հետ միջուկային գործարքը:
2015-ին Իրանն ու միջազգային վեցնյակը (5+1)՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան ու Գերմանիան համաձայնության էին եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ՝ կնքելով միջուկային համաձայնագիրը:
ԱՄՆ-ն իրանական միջուկային ծրագրի համաձայնագրից դուրս է եկել 2018-ին:
Civilnet










