18 տարի ազատազրկման պահանջ՝ Ջրականի գումարտակի հրամանատարի գործով

Գևորգ Թոսունյան
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ապրիլի 22-ին հրապարկվել է 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի գործով մեղադրական ճառը։ Դատախազ Գևորգ Ավետիսյանը պահանջել է այս գործով միակ մեղադրյալ Վահանյանին ճանաչել մեղավոր ու դատապարտել 18 տարվա ազատազրկման։
Վահանյանը մեղադրվում է այն բանում, որ պատերազմի ընթացքում անձնական շահից դրդված չի կատարել իր ծառայողական պարտականությունները, անգործության է մատնվել և կամայականորեն լքել է մարտի դաշտը։ Վերջինս կալանավորված է և մեղադրանքը չի ընդունում։
Մեղադրանքի բովանդակությունը
Ըստ մեղադրողի՝ Վահանյանի գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 16, վիրավորվել՝ 6, իսկ գերեվարվել՝ 7 զինծառայող։ Ուսումնական գումարտակի զինծառայողների թիվը, մինչդեռ, ավելին է։
2020-ի պատերազմի մեկնարկից անմիջապես հետո ակտիվ մարտական գործողությունների վայր են տեղափոխվել Ջրականի (Ջաբրայիլի) զորամասի հինգերորդ հրաձգային ուսումնական գումարտակի զինծառայողները (դատաքննության ընթացքում խոսվել է մինչև 400 զինծառայողների մասին, այդ թվում՝ զինվորների ու սպաների)։
Մեղադրանիք համաձայն՝ Իշխան Վահանյան հանդիսանալով N զորամասի գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020-ի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու և սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ մարտի ժամանակ ինքնակամ լքել է դիրքերը։
Վահանյանի դիրքորոշումը
Նախորդ նիստերից մեկում ամբաստանյալն ասել է, որ «ամբողջ մեղքը փորձում են իր վրա բարդել»։
«Լավ, ասենք, Իշխան Վահանյանը մեռել ա, թաղել են, հետո ո՞վ էր էս աթոռին լինելու։ Նենց տպավորություն է, որ Իշխան Վահանյանով սկսվել է՝ Իշխան Վահանյանով ավարտվել։ Բոլորը գիտեն, որ ես եմ այս աթոռին նստած, ասում են՝ էնա վրեն բարդենք, թող դատվի-գնա»,- դատարանում հայտարարել է Վահանյանը։
Գումարտակի տեղաշարժը պատերազմի ժամանակ

Սեպտեմբերի 27-ին ուսումնական գումարտակը եղել է Ջրականի զորամասում, առաջինը հակառակորդը հարվածել է պահեստներին։ Գումարտակը տեղափոխվել է «Չռիկներ» կոչվող տեղամաս, իսկ հոկտեմբերի 4-ին այդ տեղամասից նահանջել է Հադրութ, տեղակայվել քաղաքի դպրոցում ու զորամասում։ Հոկտեմբերի 9-ի առավոտյան գումարտակը հրաման է ստացել դիրքավորվել Հադրութի մոտակայքում գտնվող «Խուռհատ» բարձունքի վրա։ Հոկտեմբերի 10-ի առավոտյան սկսվել է հրետակոծություն, այնուհետև թիկունքից դիվերսիոն խմբեր են ներթափանցել։ Գումարտակը, կորուստներ կրելով, ցրվել է անտառներում, մի մասը կարողացել է փրկվել, մի մասն էլ անհետ կորած է առ այսօր։ Պատերազմի մեկնարկին՝ սեպտեմբերի 29-ին, զոհվել է գումարտակի հրամանատարը, նրան փոխարինել է Գարիկ Վարդերեսյանը, որին, սակայն, հոկտեմբերի 6-ին պաշտոնից ազատել են, իսկ հաջորդ օրը նշանակել այս գործով ամբաստանյալ Իշխան Վահանյանին։
Համակարգային խնդիրներ
2020 թվականի 44-օրյա պատերազմական գործողությունների ընթացքում զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների փաստերի առթիվ հարուցվել էր ավելի քան երկու հազար քրեական գործ։ Այդ գործերից մեկն էլ Ջրականի (Ջաբրայիլ) զորամասի ուսումնական գումարտակի վարույթն էր։ Այն նաև ի ցույց է դնում իրավապահ մարմինների, տվյալ դեպքում՝ դատախազության և քննչական մարմինների գործերի քննության ընթացքին առնչվող խնդիրներն ու հիմնահարցերը, ինչպես նաև բարեփոխումների անկատարությունը և բացակայութունը։
Կարդացեք նաև՝
Civilnet










